Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ինչի՞ շարժիչ ուժը կլինի արաղի գովազդը. «Հայոց աշխարհ»

Մարտ 12,2014 12:11

Գովազդը առեւտրի շարժիչն է: Ժամանակին այդպիսի խոսք կար: Գուցե այդ թեւավոր խոսքը հիմա այնքան հաճախ չեն հիշում, բայց եթե առաջ գովազդն առեւտրի ընդամենը շարժիչն էր, ապա այժմ ռեակտիվ շարժիչն է՝ տուրբոուժեղացուցիչով:

Երեկ հայրենի խորհրդարանը օրինագիծ էր քննարկում, թե ի՞նչ անեն, որ հեռուստատեսությամբ նորից թույլատրվի թունդ ալկոհոլային խմիչքների, պարզ ասած, օղու գովազդը: Ճիշտ է, միայն գիշերային եթերաժամերին, այսինքն՝ ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան ժամը 06:00-ն: Բայց, ամեն դեպքում, օղու, թունդ ալկոհոլային խմիչքների: Դե իսկ մնացյալ ժամանակ, կոնկրետ՝ առավոտյան 06:00-22:00-ն՝ «նի-նի՜», ո՛չ մի կաթիլ:
Ժամային եւ գովազդային սահմանափակումները չեն վերաբերում միայն հայկական կոնյակին, բայց դա էլ իր բացատրությունն ունի. կոնյակը ազգային արժեքի պես մի բան է, բրենդ ու, ի դեպ, պղնձից, մոլիբդենի խտանյութերից եւ ծխախոտից հետո Հայաստանից ամենաշատը արտահանվող ապրանքատեսակը:

Փորձենք հասկանալ, թե նշված «գովազդային» նախագծի հեղինակներն ինչո՞ւ են հիշել օղու եւ թունդ ալկոհոլային այլ խմիչքների, մասնավորապես օղու «ազգական» տեկիլայի, վիսկու, շնապսի ու մյուսների մասին: Հիմնական խոսակցությունն այն է, որ հեռուստաընկերությունները, հենց միայն թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի արգելքը վերացնելու հետեւանքով եւ գովազդային պատվերներով զգալի գումարներ կաշխատեն, որը թույլ կտա որոշակիորեն բարելավել նրանց ֆինանսատնտեսական կացությունը:

Տարբեր հաշվարկների համաձայն, թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրողները, ներկրողներն ու իրացնողները պատրաստ են տարեկան մոտ 1 միլիարդ դրամ տրամադրել այդ ոգելից «աբրանքը» գովազդելուն։

Այստեղ կարեւոր են խմիչքը, դրա գովազդի արգելքը վերացնելու մղումը, գայթակղիչ կլորիկ գումարը, գովազդարշավի գիշերային ժամերը: Ահա այդ կարեւոր հանգամանքներն առավել բծախնդիր դիտարկելիս նշված նախագիծն ուղղակի որեւէ քննադատության չի դիմանում:
Սկսենք խմիչքից: Օղի այսօր ազատորեն վաճառվում է ցանկացած մթերային խանութում: Ըստ էության կա ցանկացած գնի օղի. սկսած գերթանկարժեքներից (արծաթով, կաթով ու էլի ինչ-որ բանով զտվածները), վերջացրած ամենաէժանագիններով: Սկզբունքորեն, 400-600 դրամով կարելի է մի քանի բաժակ էժանագին օղի գնել: Ու կարող եք չկասկածել, որ ամենից շատ վաճառվում են այդ էժանագինները, որպես կանոն՝ անհասկանալի է, թե ինչից թորված կամ ինչ տեսակի սպիրտից ստացված, կներեք արտահայտության համար՝ օղիները: Դրանք, ավելի շուտ շշալցված թույն են, քան խմիչք:

Նմանապես, անզեն աչքով ու առանց հատուկ հետազոտության էլ ակնհայտ է, որ վերջին տարիներին մեր ժողովուրդը, հատկապես սոցիալապես անապահով շերտը ավելի «խմող» է դարձել: Ռուսաստանին, քավ լիցի, չենք հասել, այդ առումով պետք էլ չէ, որ հասնենք, բայց ալկոհոլային որոշ հակվածություն նկատվում է, կրկնենք, անզեն աչքով:

Հարց՝ ինչի՞ շարժիչն է լինելու արաղի գովազդը: Չնայած հարցը հռետորական է, բայց երեւի առանձին օրենսդիրների համար պետք է պատասխանել. թունդ ալկոհոլային խմիչքի գովազդը խթանելու է երկրում ալկոհոլիզմը, նպաստելու է հասարակության մեջ հիվանդությունների ու արատների տարածմանը: Դա՝ ինքնաբերաբար, քանզի ավելի շատ արաղագովազդը կնշանակի ավելի մեծ ծավալով խմիչքի իրացում, ավելի շատ օղու եւ այլ թունդ խմիչքների գործածում ու գործածողներ, իսկ մնացյալը «տեխնիկայի հարց» է:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31