Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում որակյալ կառավարիչները դեֆիցիտ են

Մարտ 12,2014 14:40

Այդ պատճառով էլ բիզնեսը չի զարգանում, տնտեսությունն էլ չի աճում

Երեւանից Մոսկվա մեկ բեռնատարով ապրանքների տեղափոխումն արժե մոտ 4,000-4,500 ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ դեպի Ռուսաստան արտահանման ցուցանիշով Հայաստանի հետ համեմատելի երկիր հանդիսացող Մոլդովան միջինը մեկ բեռնատարի համար վճարում է 3,000-3,500 դոլար (Քիշնեւից դեպի Մոսկվա): Այսպիսի ուսումնասիրություն են արել «Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի» հեղինակները՝ համոզմունք հայտնելով, որ տրանսպորտային սահմանափակումները բացասական ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսության վրա: Ըստ նրանց՝ մեր երկրից դեպի իր գլխավոր առեւտրային գործընկեր՝ Ռուսաստան արտահանումը հիմնականում իրականացվում է ցամաքային տրանսպորտային միջոցներով: Երեւանից Մոսկվա ցամաքային փոխադրումն անցնում է Վրաստանի Լարսի մաքսակետով, սակայն, ինչպես զեկույցի տնտեսագետներն են նշում, վերջինիս ծառայությունը անկայուն բնույթ ունի եւ հաճախ է եղանակային պայմաններից ելնելով փակվում՝ հատկապես ձմռանը: Իսկ ցամաքային փոխադրման այլընտրանք հանդիսացող ծովային տրանսպորտն ավելի ծախսատար է հայ արտահանողների համար՝ սեփական նավահանգստային ենթակառուցվածք չունենալու պատճառով:

«Տրանսպորտային ենթակառուցվածքը Հայաստանում ոչ բարենպաստ է մեծապես այնպիսի գործոնների հետեւանքով, ինչպիսիք են դեպի ծով ելքի բացակայությունը եւ հարեւաններից երկուսի հետ փակ սահմանները: Երկաթուղային տրանսպորտը օգտագործվում է հիմնականում հանքարդյունաբերության եւ այլ ռեսուրսահեն ապրանքների արտահանման համար: Այլ ապրանքների արտահանման հիմնական միջոցը ճանապարհային տրանսպորտն է: Օդային տրանսպորտի միջոցով արտահանվում են բարձր ավելացված արժեք եւ ցածր քաշ ունեցող ապրանքները»,- ասված է զեկույցում: Հեղինակները տնտեսության զարգացման լուրջ խոչընդոտներից են համարում նաեւ տեղական ընկերությունների հարաբերականորեն թույլ կառավարչական ունակությունները. «Կառավարման համաշխարհային հարցման մեթոդաբանությամբ մոտ 50 արտադրական ընկերությունների շրջանում իրականացված հետազոտությունը ցույց տվեց հայկական ընկերություններում կառավարման որակի էականորեն ցածր մակարդակը համաշխարհային լավագույն փորձի համեմատությամբ: 21 կառավարման պրակտիկայի 3 հարթություն է գնահատվել ընկերություններում՝ պլանավորման համակարգը, գործառնությունների կառավարումը եւ մարդկային ռեսուրսների կառավարումը: 21 երկրների շարքում Հայաստանի համար թիվն ամենացածրն է եղել՝ կազմելով 2.46, որը 0.53 միավորով զիջում է 21 երկրների միջին գնահատականին: Հատկանշական է, որ մարդկային ռեսուրսների կառավարման առումով Հայաստանն ավելի մոտ է զարգացած երկրների գնահատականներին, մինչդեռ գործառնական եւ պլանավորման համակարգերով ճեղքվածքը այլ երկրների համեմատ առավել ընդգծված է»,- փաստում են զեկույցի մասնագետները:

Նրանց դիտարկմամբ՝ պրոֆեսիոնալ կառավարմանն ապավինելու ցածր մակարդակը Հայաստանում որակյալ կառավարիչների համատարած բացակայությունն է. «Առավել սկզբունքային պատճառահետեւանքային գործոն է ընկերությունների սեփականատերերի եւ կառավարիչների միջեւ թույլ տարանջատումը: Տեղական խոշոր կորպորացիաների մեծ մասը դեռեւս ընտանեկան բիզնեսներ են կամ ընտանիքի տարբեր անդամներին պատկանող բիզնես-խմբերի մասեր: Վստահության եւ կորպորատիվ կառավարման սկզբունքների պակասը երկրի գործարար մշակույթում առկա արմատական թերությունների արտացոլում է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31