Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ օդաչուներս կկարողանանք մեր պահանջը ներկայացնել Հայաստանի դեմ

Մարտ 12,2014 14:20

Ուղիղ 10 տարի առաջ դատարանի վճռով սնանկ ճանաչվեց «Հայկական Ավիաուղիներ» ավիաընկերությունը, որը գտնվում է լուծարման գործընթացում: Ավիաընկերության պահանջատերերից ենք ինչպես մենք, այնպես էլ մի քանի տասնյակի հասնող հաշմանդամ այլ օդաչուներ: Մեր պահանջները վերաբերում են մասնագիտական հիվանդության հետ կապված մեր հաշմանդամությանը եւ դրա համար փոխհատուցմանը:

22.01.2014թ.-ին եւ դրանից հետո մի քանի անգամ նախագահող դատավոր Ա. Սուքոյանին ուղղված գրավոր բողոք ենք ներկայացրել «Հայկական Ավիաուղիներ» ՓԲ ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանի գործողությունների դեմ:
Բողոքի էությունն այն է, որ 10 տարի է, ինչ ավիաընկերությունը սնանկ է ճանաչվել եւ գտնվում է լուծարման գործընթացում, որ ավիաընկերության վերջին գույքը վաճառվել է դեռեւս 6 տարի առաջ, որ դրանից հետո վաճառքի համար մնացել է ավիաընկերությանը կառուցապատման իրավունքով պատկանող, Սեւանի ավազանում գտնվող երկու հողակտոր, որոնք, սակայն, լուծարային կառավարիչն այնքան բարձր գնով է աճուրդի հանել, որ այս տարիների ընթացքում որեւէ մեկը չի ցանկանում դրանք ձեռք բերել: Ավելին, թեեւ հողամասերի գնորդներ չկան, սակայն կառավարիչը հողամասերի գինը ոչ միայն չի իջեցնում, այլ նաեւ բարձրացրել է: Բողոքի խնդրանքն այն է, որ հողամասերը աճուրդի հանվեն իրական շուկայական արժեքով, իսկ ամեն չկայացած աճուրդից հետո հաջորդ անգամ դրանք աճուրդի հանվեն 10 տոկոս ավելի ցածր գնով, ինչպես սահմանված է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով:

Բանը նրանում է, որ եթե այդ հողամասերն էլ վաճառվեն եւ ավիաընկերության անվամբ որեւէ այլ գույք չլինի, դատարանը ավիաընկերությանը կհամարի լուծարված, սնանկության գործը կավարտվի, եւ հաշմանդամ օդաչուներս կկարողանանք մեր պահանջը ներկայացնել ՀՀ-ի դեմ: Նման հնարավորություն չտալու համար էլ արհեստականորեն ձգձգվում է լուծարման գործընթացի ավարտը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը մեր բողոքները պետք է քննության առներ եւ որոշում կայացներ այն ստանալուց հետո եռօրյա ժամկետում եւ այդ մասին պետք է տեղեկացներ մեզ: Դատարանը, սակայն, դա չի արել:
Ստիպված ենք մեր հերթական դիմում-բողոքը ոչ միայն ուղարկել դատարանին, այլ նաեւ դրա վերջնամասը հրապարակել մամուլում, հույսով, որ սայլը տեղից կշարժվի:
Բողոքի ավարտն այնպիսին է, ինչպես մտածում ենք. «Հարգելի դատարան, պարոն Սուքոյան, խնդրում ենք մի պատասխան տվեք, մեր դիմումների վերաբերյալ որոշում կայացրեք, վերջիվերջո գործին լուծում տվեք, մենք եւ մյուս պահանջատեր հաշմանդամ օդաչուներս էլ մարդ ենք եւ ավելի քան տասը տարի ձգձգվող այս գործի վերջը տեսնելու անհրաժեշտություն ունենք, գործը մի ձգձգեք այնքան, որ բոլորս մահանանք, մի մոռացեք, որ այս ձգձգվող գործը մեր սեփականությանն է վերաբերում եւ փաստացի զրկված ենք այդ սեփականությունից, իսկ եթե հողամասերը իրենց իրական շուկայական գնով աճուրդի հանվեն, դրանք ձեռք կբերվեն եւ մեր հաստատված պահանջներն ինչ-որ չափով կբավարարվեն, իսկ մնացած մասով էլ կդիմենք եւ գումարը կստանանք ՀՀ-ից, ինչին այժմ խոչընդոտում է տարիներ շարունակ ձգձգվող այս գործը:

Հիշեցնում ենք, սկսած 2008թ.-ից՝ լուծարվող «Հայկական Ավիաուղիներ» ՓԲԸ-ն որեւէ այլ գույք չունի եւ որեւէ գույք չի օտարվել պահանջատերերի պահանջները բավարարելու համար, հետեւաբար կարծում ենք, որ այս վեց տարիների ընթացքում գործը չավարտելը պահանջատերերի ցուցակից մեզ հանելու նպատակ է հետապնդում, որը կարող է տեղի ունենալ մեր մահվամբ, խնդրում ենք մի սպասեք մեր մահվանը, որպեսզի հետո ավարտեք սնանկության գործը»:

ԴԱՎԻԹ ԴԱՎԹՅԱՆ

ՍԵՅՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31