Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նույնիսկ չաշխատելու պարագայում «Նաիրիտն» օրական 33 միլիոն դրամի նոր պարտք է կուտակում. «Հայկական ժամանակ»

Մարտ 12,2014 11:06
Nairit

Երեկ Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է ԱՊՀ միջպետական բանկի հայցը ընդդեմ «Նաիրիտի»։ Ըստ այդմ, «Նաիրիտից» հօգուտ բանկի պետք է բռնագանձվի ավելի քան 25 միլիոն դոլար։

Այս տարվա հունվարի 22-ին էլ նույն այդ արբիտրաժային դատարանը բավարարել էր այդ նույն ԱՊՀ միջպետական բանկի հայցը ընդդեմ «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսի սեփականատեր «Ռայնովիլ Փրոփերտի ԼՏԴ» ընկերության, որով վերջինից հօգուտ բանկի պետք է բռնագանձվեր 108 միլիոն դոլար։

Որքան էլ այս դատական հայցերը բնական ու անխուսափելի թվան, պետք է նկատել, որ դրանք ավելի շատ ներկայացում են հիշեցնում։ Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է մի քանի փաստեր համադրել։ «Ռայնովիլ»-ը օֆշորային ընկերություն էր, որը որեւէ սեփականություն ու պատմություն չուներ։ Բայց 2006 թվականին այդ ընկերությունը 70 միլիոն վարկ վերցրեց ԱՊՀ միջպետական բանկից, դրանով գնեց «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը եւ դրանք գրավադրեց այդ նույն բանկում։ Սա պարզ ու կեղտոտ մեքենայություն էր։ Նորմալ երկրներում նման գործարքների համար քրեական պատասխանատվության են ենթարկում։ Այդ գործարքի մի կողմը ՀՀ իշխանություններն էին, մյուս կողմը՝ Միջպետական բանկը։

Բայց ամենաուշագրավն այն է, որ «Ռայնովիլի» հիմնադիրը, ըստ ռուսական մամուլի, ԱՊՀ  միջպետական բանկի փոխնախագահ Սերգեյ Կուլիկովն էր։ Իսկ այդ տարի ԱՊՀ միջպետական բանկում ռոտացիոն կարգով նախագահում էր ՀՀ Կենտրոնական բանկի այն ժամանակվա նախագահ Տիգրան Սարգսյանը։ Վերջինիս եղբայրը հետագայում նշանակվեց «Նաիրիտի» փոխտնօրեն ու տարիներ շարունակ աստղաբաշխական աշխատավարձ էր ստանում այդտեղից։

Եվ ահա այսպիսի պարզունակ աֆյորայի արդյունքում կաուչուկ արտադրող աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից մեկը՝ «Նաիրիտը», 70 միլիոն դոլարով դարձավ մի օֆշորային ընկերության սեփականություն։ Մի քանի տարի աշխատելուց հետո «Նաիրիտում» տեղի ունեցավ վթար եւ դա առիթ դարձավ, որ գործարանը դադարեցնի աշխատանքը։

Հետագայում պարզվեց, որ այդ ընթացքում գործարանը բավական մեծ քանակությամբ արտադրանք էր վաճառել, բայց ոչ միայն չէր փակել բանկի վարկը, այլ նաեւ պարտքեր էր կուտակել բազմաթիվ ընկերությունների նկատմամբ։ Այլ կերպ ասած, գործարանի արտադրանքը իրացվել էր, բայց ստացված միջոցների մեծ մասը ուղղակի գրպանվել էր։

Հիմա գործարանի պարտքը կազմում է, ըստ որոշ հաշվարկների, 300-400 միլիոն դոլար։ Այս անհստակությունը բնական է, քանի որ գործարանի հետ այնպիսի ֆինանսական մանր ու մեծ մեքենայություններ են արել, որ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ում եւ որքան է պարտք «Նաիրիտը»։ Նույնիսկ չաշխատելու պարագայում գործարանը օրական 33 միլիոն դրամի նոր պարտք է կուտակում։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31