Քաղաքացին «բաց նամակով» դիմել է ՀՀ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին
Որպես ՀՀ նախագահ, խնդրում եմ Ձեր միջնորդությունը եւ հայցում Ձեր օգնությունն այս անօրինականությանը վերջ դնելու համար: Ես հավատում եմ, որ Դուք տեղյակ չեք այս անօրինականություններից, ու եթե տեղեկանաք՝ ցանկացած հարց անպայման արդարացի լուծում կստանա: Արդ, ուրեմն ես ուզում եմ հավատալ, որ Ձեր իմացությունը եւ հետեւողականությունը դրականորեն կփոխի հարցի լուծումը: Այս պատմությունը թույլ է տալիս մտածել, կարծիք ձեւավորել առ այն, որ զբաղեցնելով բարձր պաշտոն, մեր երկրում հնարավոր է շրջանցել բոլոր օրենքները: Դիմումներիս եւ հարցումներիս կարուսելային պատասխաններն այլեւս հիասթափեցրել են, առիթ հանդիսացել կառավարման մարմինների նկատմամբ անվստահության խորացմանը։
Պարոն նախագահ, Ձեր ելույթներից մեկում Դուք նշեցիք. «Հերիք չէ, որ քննությունը վարող պաշտոնյաները գործի հանգամանքները պարզելու փոխարեն՝ կեղծիքների միջոցով փոխում են դեպքի փաստերը, դեռ հովանավորում են հանցագործներին եւ պարտակում հանցագործությունը: Ավելին՝ որոշ դեպքերում հանցագործությունը բարդում են ուրիշի վրա»: Ձեր խոսքերն իմ գործերով այսօր իրականություն է: Ամուսինս՝ Արտակ Ղուկասյանը, որեւէ հանցավոր արարք չի կատարել, նրան առաջադրվել է անհիմն եւ անարդարացի մեղադրանք: Ոչ մի խարդախության հիմք չունենալով՝ յոթ ամիս մեկուսացված է տուժողը, թալանվածն ու առեւանգվածը:
Այսօր հանցանք կատարած անձինք մեղադրյալի փոխարեն վկայի կարգավիճակում են, իսկ վկայի անունն անհիմն դրվում է մեղադրանքի հիմքում:
Այս գործով թալանի ու ամուսնուս առեւանգման հեղինակներ՝ Արման եւ Գուրգեն Սարգսյանները, Վահրամ Մկրտչյանը, Մաթեւոս Մելիքսեթյանը, ովքեր պետք է լինեին ամբաստանյալի աթոռին, վկայի կարգավիճակում են հարցաքննվում: ՀՔԾ-ի քննիչ Հակոբյանի կողմից վարվում է խիստ միակողմանի քննություն, որեւէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում: Ընդհակառակն, ամեն ինչ արվում է իրականությունը կոծկելու համար: Նա բացահայտ անտեսում է մի շարք ապացույցներ ու վկաների ցուցմունքներ: Խարդախություն որակավորել մի մարդու գործունեությունը, որը տարիներ շարունակ բարձր տոկոսներ է տվել գործին ներգրավված բոլոր մարդկանց: Իսկապես անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը՝ հանցագործները դրսում, իսկ տուժածը՝ ապօրինաբար անազատության մեջ: Ցավալի է, որ այսպես են աշխատում քննիչները, այն էլ Հատուկ քննչական ծառայությունում:
Ամուսնուս առեւանգել են՝ ուժ եւ ֆիզիկական բռնություն գործադրել, ծեծել, թալանել մեր ողջ ունեցվածքը, նվաստացրել նրա մարդկային արժանապատվությունը: Տարիներ շարունակ բոլոր անձինք ամուսնուցս ստացել են բարձր տոկոսներով գումարներ: Բոլորին անխտիր տրվել է տոկոսներ (յուրաքանչյուր ամիս 4%, 5% կամ 7%): Մարդկային տրամաբանության մեջ չի տեղավորվում այն փաստը, որ քննիչների կողմից «գործ է սարքվում» ամուսնուս դեմ: Քննիչ Հակոբյանը իր «պաշտպանության տակ է առել» իրական թալանչիներին ու առեւանգողներին:
Մի՞թե սա արդարադատություն է:
Հարգարժան պարոն նախագահ, հասկանում եմ, որ վաշխառությունն ապացուցելը հեշտ գործ չէ, սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ մեր գործով մեղադրվող անձանց վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ:
Զավակներս Հայաստանի Հանրապետության վաղվա տերն ու քաղաքացիներն են, եւ ես չեմ կարող թույլ տալ, որ նրանք մեծանան անառողջ: Արման եւ Գուրգեն Սարգսյանները, Վահրամ Մկրտչյանը, Մաթեւոս Մելիքսեթյանն արդեն խաթարել են երեխաներիս մանկությունը, զրկել տնից եւ ողջ ունեցվածքից, ուրախ մանկությունից: Այսքանն արդեն բավական է անչափահաս զավակներիս համար: Հիմա էլ ուզում են զրկել հայրական գուրգուրանքից ու սիրուց: Ես դա թույլ տալ չեմ կարող:
Պարոն նախագահ, մեր երկրից մարդը գնում է ոչ թե տնտեսական, նյութական պայմաններից դրդված, այլ՝ նրա համար, որ պաշտպանված չէ, ապահով չէ, գողանում են՝ գողին չեն դատում, թալանում եւ առեւանգում են՝ տուժողին են պատժում:
Հարգարժան պարոն Սարգսյան, կրկին անգամ խնդրում եմ Ձեր անմիջական հետեւողականությունը՝ սույն գործով օրինականության եւ արդարության հաստատման համար:
Խնդրում եմ հանձնարարել ամուսնուս նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել: Կարծում եմ, որ մենք կկարողանանք կառուցել այն երկիրը, որը բոլորս ցանկանում ենք ունենալ, եթե կարողանանք «Հավատալ եւ փոխել» այն, երբ կկարողանանք պատժել կեղծիքի դիմած եւ օրենքի պահանջը չկատարած անձանց, այդ թվում՝ նաեւ «մեծապատիվ որոշ պաշտոնյաների»:
Ակնկալում եմ Ձեր լուրջ աջակցությունը:
ԳՈՀԱՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ