Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Երիտասարդներն ինձ ավելի հիասթափեցրին»

Մարտ 12,2014 13:55

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության ավարտից հետո «Առավոտը» ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանի հետ ամփոփեց արդյունքները:

– Եկող սերունդը գոհացրե՞ց ձեզ:

– Ես կարծում էի, թե այն բացը, որ նկատվեց մեծահասակների մեջ, երիտասարդները կլրացնեն: Ավաղ, նրանք ավելի խորացրին մտահոգությունները: Երիտասարդների առաջնությունը ցույց տվեց, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք:

– Ո՞րն է բռնցքամարտում այս ճգնաժամի պատճառը:

– Ես, որպես ֆեդերացիայի նախագահ, հետեւություններ եմ անում: Բռնցքամարտիկները մեղք չունեն: Խնդիրը մանկապատանեկան մարզադպրոցներում մարզիչների մեջ է: Մարզիչներն այլեւս ադեկվատ չեն, չեն կարողանում այն սերունդը տան, ինչի անհրաժեշտությունն այսօր ունենք: Սա ամբողջ հանրապետությունում առկա հարց է, որը պետք է բարձրացվի: Գուցե պետք է մարզիչների տարիքային սահմանագիծ սահմանվի: Երիտասարդներին տեղ չեն տվել: Նրանք էլ գնացել՝ ուրիշ երկրներում են աշխատում: Իսկ հին սերնդի մեջ մասնագիտական գիտելիքների աճ չի եղել: Նրանց իմացած բռնցքամարտն այսօր արդեն գործունակ չի: Բռնցքամարտը, ինչպես սպորտային ամբողջ աշխարհը, փոխվել է, ժամանակակից բռնցքամարտն ուրիշ պահանջներ ունի, մոտենում է պրոֆեսիոնալին: Իսկ դա մեր մարզիչների համար խորթ է:

– Այնուամենայնիվ, բռնցքամարտը, կարծես, Երեւանից տեղափոխվում է մարզեր:

– Այո: Այս առաջնությունը ցույց տվեց, որ Երեւանը զիջել է դիրքերը: Այսօր թելադրողն ավելի շատ Գյումրին է, Շիրակի, Լոռվա եւ մի քանի այլ մարզեր: Դա վկայում է, որ արդյունքներ սկսում են տալ այն վայրերում, որտեղ մարդկանց՝ պատանիների ու երիտասարդների համար զբաղմունք քիչ կա: Այնտեղ էլ երիտասարդները զբաղվում են բռնցքամարտով եւ ուզում են հաղթել: Երեւանի բռնցքամարտիկները միշտ տարբերվել են մարտավարման իրենց ոճով: Նրանց ինտելեկտը, ռինգում գործելու վարպետությունն ավելի բարձր է եղել:

– Նկատի ունեք նաեւ ուսումնառությա՞ն ընթացքում ձեռք բերված ինտելեկտը:

– Այո: Մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի բռնցքամարտիկները դպրոցում, կրթօջախներում լավ սովորեն: Ես սա ասում եմ ուղիղ: Ցանկացած բռնցքամարտիկի կրթական աստիճանը պարզորոշ երեւում է ռինգում նրա գործողություններով: Հավանաբար, ինքներդ էլ նկատեցիք. ռինգում համախառն կռիվ էր: Երկու համարձակ տղաներ են, որոնք, ասես, ուզում են հարցեր լուծել: Իսկ եթե լինեին ավելի բարձր ինտելեկտով բռնցքամարտիկներ, նրանք ավելի բարձր տեխնիկական բազա կունենային եւ այսօր ռինգում ավելի շատ բռնցքամարտ կտեսնեինք: Վիճահարույց հարցերն էլ ավելի քիչ կլինեին:

– Ձեր նշած մտահոգող որակներով համալրված հավաքականն իրենից ի՞նչ ուժ կներկայացնի:

– Ես մտածում եմ, որ որոշ քաշային կարգերում, գուցե ոչ ոքի չվերցնենք հավաքական, որովհետեւ հավաքական թիմի մակարդակին համապատասխան բռնցքամարտիկ չկա: Բայց դեռ այս հարցի մասին պետք է լուրջ մտածել: Հաղթողն ու առաջին մարտում պարտվածը նույն մակարդակի վրա էին: Ես երջանիկ կլինեի, եթե ռինգում լիներ լավագույն ուժեղների հավասար պայքար, այլ ոչ թե միջակների: Նրանց վրա պետության փո՞ղը ծախսենք ու տանենք աշխարհի առաջնությո՞ւն: Ինչի՞ համար: Ինչ-որ մեկին նվե՞ր տանենք: Ես չեմ պատրաստվում պարտվողների թիմ ունենալ եւ տանել մրցման, որպեսզի ակնհայտ պարտվելու ենթակա բռնցքամարտիկների տրամադրությունը չփոխանցվի հաղթելու համար գնացած բռնցքամարտիկին:

– Դուք ակնարկեցիք վիճահարույց մենամարտերի մասին: Այս օրերին մի քանի դեպքեր եղան, երբ մարզիչները, երկրպագուները դժգոհություն էին արտահայտում մրցավարների կայացրած որոշումներից:

– Ես արդեն ասացի, որ միջակ բռնցքամարտիկների պայքարը շատ էր, որտեղ տեխնիկական պատրաստվածությունն էլ ցածր էր: Այդ մակարդակներում հաղթողին որոշելը իսկապես դժվար է: Մրցավարների եւ ինձ համար միեւնույն էր, թե ով կհաղթի: Ինչ վերաբերում է դժգոհություններին, դա բնական է: Հավասար համախառն կռվի դեպքում ամեն մի մարզիչ էլ կարծում է, թե իր սանն է հաղթել: Նույնն էլ երկրպագուները: Մի տրիբունայում մեկի երկրպագուներն են, մյուսում՝ մրցակցինը: Ու մրցավարների ցանկացած որոշում պարտվող կողմի դժգոհությունն է առաջացնում: Այ, եթե իսկական ու որակյալ բռնցքամարտ լիներ, հաղթողն ու պարտվողը պարզորոշ կտարբերվեին ու ոչ մի դժգոհություն էլ չէր լինի:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31