Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երաժիշտներս լավ գինու նման ենք»

Մարտ 12,2014 14:05

Ջութակահար, դիրիժոր Պավել Կոգանը Հայաստանում է

«Առավոտի» հետ զրույցում մեծանուն ջութակահարներ Լեոնիդ Կոգանի եւ Ելիզավետա Գիլելսի որդին՝ ջութակահար, դիրիժոր Պավել Կոգանն ասաց, որ իր առաջին համագործակցությունը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կայացել է 30 տարի առաջ: Երկրորդ անգամ հայաստանցի հանդիսատեսին ներկայացել է 3 տարի առաջ՝ իր ղեկավարած Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի հետ: «Սիրով եմ ընդունել ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության հրավերը, մանավանդ, երբ տեղեկացրին, որ մարտի 14-ին «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղ. ղեկավար՝ Էդ. Թոփչյան) հետ կայանալիք երեկոն կրում է «100 համերգ ցեղասպանության նահատակների հիշատակին» խորագիրը: Այլ ստեղծագործությունների թվում, կներկայացնենք Բեթհովենի 4-րդ սիմֆոնիան»,- ասաց մեր զրուցակիցը: Հավելեց, որ առաջին փորձից հետո պրոֆեսիոնալիզմով եւ ուշադրությամբ իրեն գրավել են նվագախմբի երաժիշտները, որոնց հետ առաջին անգամ է շփվում:

Դեռեւս խորհրդային տարիներից ճանաչում ունեցող երաժշտից հետաքրքրվեցինք, թե ինքն է՞լ է համակարծիք մինչ օրս շրջանառվող այն մտքին, որ ժամանակին (նկատի ունեն ԽՍՀՄ տարիները) երաժիշտը երաժիշտ էր կամ ցանկացած արվեստագետ պարզապես իրավունք չէր ստանում բարձրանալու մեծ բեմ: «Իհարկե, ինքս էլ եմ համաձայն այդ մտքին: Ինչ խոսք, վերջին շրջանում մեծ բեմում տաղանդավոր արվեստագետների կողքին երեւում են պարզապես պատահական մարդիկ, մինչդեռ գտնում եմ, որ ամեն դեպքում ընտրություն պետք է կատարվի: Մյուս կողմից՝ ոչ մի արվեստագետ ճանաչված չի ծնվում, դա ձեռք է բերվում տարիների ընթացքում: Այ, հենց նման ընտրությունները պետք է ծառայեն նրան, որ հնարավորություն ընձեռեն, ասենք, հեռանկարային երաժշտին՝ ինքնարտահայտվելու… կամ՝ նույնը կասեի նաեւ Երեւանի այս շքեղ, մեծանուն կոմպոզիտոր Խաչատրյանի անունը կրող համերգասրահի մասին: Միանշանակ հարուստ մշակութային ավանդություններ ունեցող ժողովուրդը իրավունք չունի այս համերգասրահի բեմ թողնելու պատահական մարդու»,- ասաց Պավել Կոգանը: Նկատեցինք, թե վերջին շրջանում կարելի է վարձակալել համարյա ցանկացած դահլիճ, նույնիսկ Մեծ թատրոն, «Լա Սկալա», «Մետրոպոլիտեն», Մարիինյան թատրոն կամ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճը եւ այլն: Անվանի արվեստագետը շրջանցելով եվրոպական բեմերը, նախ նշեց. «Հիմա մեր երկրում ամեն ինչ կարելի է գնել՝ վարձակալել, սակայն համոզված եմ, որ այդ իրավունքը պետք է վաստակել ցանկացած ոլորտում՝ տարիների ընթացքում ձեռք բերած նշաձողը միլիմետր անգամ չիջեցնելով»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մշակութային բուհերի գործունեությանը: Մեր զրուցակիցը նշեց, որ մեծ հաշվով հենց մշակութային բուհերում, մասնավորապես՝ խորհրդային երկրների կոնսերվատորիաներում կրթական ծրագրերը մեծ փոփոխությունների չեն ենթարկվել: Փաստեց այն հանգամանքը, որ գովելի է, երբ Արեւմուտքի մշակույթի բարձրագույն հաստատությունների հետ ստեղծվել են կապեր, որոնց շնորհիվ եւ պրոֆեսորների փոխանակություն է կատարվում, եւ ուսանողների: Այսօր նախկին խորհրդային տարածքի երկրների երաժշտի մասնագիտություն ընտրած պատանիները անարգել կարող են, հստակ պահանջներ բավարարելու դեպքում, ուսանել արեւմտյան լավագույն դպրոցներում: «Մեր մասնագիտությունն ընդհանրապես պահանջում է սովորելու երկար ժամանակ, նույնիսկ ավելի երկար, քան, օրինակ, բժշկինը կամ օդաչուինը: Մինչդեռ նշածս երկու մասնագիտությունների տեր մարդիկ պետք է լինեն իրենց գործի իսկական վարպետներ. չէ՞ որ նրանք գործ ունեն մարդկային կյանքի հետ: Բայց տեսեք, երաժիշտները սկսում են սովորել 5-6 տարեկանից եւ ավարտում, ասենք՝ 23-ում»,- կարծիք հայտնեց մաեստրոն: Պավել Կոգանը նաեւ պատկերավոր համեմատություն արեց. «Երաժիշտներս լավ գինու նման ենք, ինչքան ջանք ենք թափում մեր մասնագիտական որակները բարելավելու ուղղությամբ, այնքան «հնանում» ենք լավ գինու նման»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31