Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ե՞րբ Ծառուկյանը կհայտարարի, որ ինքը «Իվանիշվիլի» չէ

Մարտ 12,2014 12:00

Որքա՞ն կդիմանա Գագիկ Ծառուկյանը

ՀԱԿ-ԲՀԿ պատվիրակությունների սպասված հանդիպումը Երեւանի կոնյակի գործարանում գտնվող ԲՀԿ գրասենյակում մարտի 11-ին կայացավ:

ՀԱԿ-ից պնդում են, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է եւ երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Լեւոն Զուրաբյանը հարցին՝ ՀԱԿ-ի դիրքորոշմանն ինչպե՞ս է արձագանքել Գագիկ Ծառուկյանը, ասել է, որ իրենք այլ կերպ չեն տեսնում երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը:

Կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ականների հետ հանդիպմանը բարձրացրել է Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իրականում բոլորի համար է պարզ, որ բացառապես այս պահանջի հրապարակայնացմամբ միայն կարելի է հստակ հասկանալ, թե ԲՀԿ-ն կամ, օրինակ, Դաշնակցությունը «ընդդիմությո՞ւն» են, թե՞ ոչ: Սակայն ԲՀԿ-ՀԱԿ պատվիրակությունների հանդիպումից հետո Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը հայտարարություն է տարածել, որում ուշագրավ է գնահատական է տալիս, թե` այս պահին երկու ուժերի միջեւ գոյություն ունեն մոտեցումների եւ հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ: Ապա նույն հայտարարությունից տեղեկանում ենք, որ ԲՀԿ-ի համար հրամայական է բոլոր քաղաքական եւ հասարակական առողջ ուժերի հետ միասնական լուծումների մշակումն ու իրականացումը:

Եթե Սերժ Սարգսյանի իշխանության «կազմաքանդումը» ենթադրում է ընդամենը «միասնական լուծումների մշակում ու իրականացում», ապա ՀԱԿ-ը մտորելու առիթ ունի` առհասարակ, ԲՀԿ-ն չասենք՝ «ընդդիմություն», գոնե «այլընտրանք» կարո՞ղ է դառնալ…
Անցյալ ուրբաթ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց դաշնակցական գործիչներին, եւ այդ հանդիպման մասին պատմող տեսանյութից կարելի էր հասկանալ, որ խոսքը քաղաքական ուժերի համագործակցության, «իրար հետ կապի մեջ լինելու», «շփվելու» մասին է, համենայնդեպս՝ դա էր ասում Գագիկ Ծառուկյանը:

Անցյալ տարի մայիսի 14-ին Աբովյանում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողության ժամանակ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի կարող ընդդիմություն դառնալ»: Այս հայտարարությունը այսօր քչերն են հիշում, եւ դա գուցե ինչ-որ առումով հասկանալի է` դաշնակից ուժերի մարտավարական տեսանկյունից:

Օրինակ՝ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցել ԲՀԿ-ՀԱԿ հանդիպմանը, կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը, այնուամենայնիվ, վստահ չէ Ծառուկյանի քայլերի անկեղծությանը՝ այն առումով, որ նա կարող է ստանձնել «իվանիշվիլիացման» դերը: Հնարավոր է նաեւ այլ տարբերակ` Տեր-Պետրոսյանը չի մասնակցել այդ հանդիպմանը Ծառուկյանի խնդրանքով, որպեսզի Սերժ Սարգսյանը անհարկի չբարկանա:

«Կոնսոլիդացիայի» գաղափարի թեժացման, քաղաքական-հասարակական բանավեճի համար այս կարգի հանդիպումներն ու բարեմաղթանքները` Հայաստանի ապագայի վերաբերյալ, ճիշտ ժամանակին էլ մտան քաղաքական օրակարգ: Մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ էլ ինչո՞վ զբաղվեին ոչ իշխանական հիմնական ուժերը… Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջի՞ Գագիկ Ծառուկյանը… Թե՞ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ուկրաինական զարգացումներից, Ռուսաստանի` աշխարհին նետած մարտահրավերներին արձագանքեն ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը… Իսկ գուցե Մաքսային միությունում Հայաստանի ապագայի վերաբերյա՞լ բարձրաձայնեն…
Այնպես որ՝ եթե խնդիրը միայն Տիգրան Սարգսյանի կառավարումն է, ապա «կոնսոլիդացիա» բառը, կարծես, այնքան էլ հարմար չէ ընտրված` որպես Հայաստանում արմատական փոփոխությունների մեկնարկ:

Բայց այս ամենից առավել կարեւոր մեկ այլ հարց էլ կա` իսկ որքա՞ն կդիմանա Գագիկ Ծառուկյանը եւ որերո՞րդ հանդիպումից հետո կհայտարարի, որ ինքը «Իվանիշվիլի« չէ…

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31