«Երիտասարդ կին պատգամավորը մայրերին ու կանանց է կոչ անում քվեարկել այդ նախագծին, այդ կոչը որով հանդես է եկել այդ երիտասարդ պատգամավորը, խոսքն ուղղել մայր եւ կին պատգամավորներին, հակասության մեջ է հայտնվում նրա կոչը իր բովանդակության հետ: Իմ գլխում չի տեղավորվում այդ կոչը, չեմ պատկերացնում ինչպե՞ս կարելի է կանանց կոչ անել, որ կողմ քվեարկեն մի գովազդի, որի հետեւանքը գիտենք, թե ինչ աղետաբեր է ցանկացած մեկի համար»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը, անդրադառնալով այսօր Ազգային ժողվում քննարկվող օղու գովազդը հեռուստաեթերներում թույլատրելու մասին:
Նշենք, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխությամբ առաջարկվում է թույլատրել երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) գովազդները: Ընդ որում նախագծի համահեղինակ ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանն այսօր ԱԺ-ում ասել էր, որ եթե գովազդը թույլատրվի, ապա մեծ ֆինանսական միջոցներ մուտք կլինեն հեռուստաընկերություններ, որոնք ներկայումս ծանր ֆինանսական վիճակում են, հնարավորություն կունենան որակյալ, դաստիարակչական, ռազմահայրենասիրական հաղորդումներ պատրաստել, ուստի կոչով դիմել էր կին եւ մայր պատգամավորներին: Այս առնչությամբ էլ տիկին Բախշյանն ասաց. «Նման հաղորդումներ անելու համար բոլորվին պետք չէ օղի գովազդել, լավ հաղորդման համար լավ մտահղացում է պետք, պետք է լավ հաղորդման ճաշակն ունենալ, որակն ու ազդեցությունը տեսնել, չեմ կարծում օղի գովազդելը այդ նպատակների իրականացման համար են»:
Նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն ասաց, որ եթե ինքը ԱԺ-ում լիներ, հաստատ դեմ կքվեարկեր այդ նախագծին.«Ի օգուտ այդ նախագծի կոչը եւ հիմնավորումները ճիշտ հակառակ ազդեցությունն են գործում իմ վրա, եթե ես այնտեղ լինեի, դեմ կքվեարկեի: Հիմնավորումը, որ ժամը 22.00-ից հետո է, անչափահասները չեն նայում, գումարներ կգան հեռուստաընկերություններին, անհիմն են: Այդ գովազդը շատ վատ ազդեցություն կունենա, ցանկացած գովազդի նպատակը ուղեղների լվացումն է, եւ որքան էլ ասեն, թե անչափահասները չեն նայելու, է’ մեծերը կնայեն, ու մեծերը կգայթակղվեն, դա արդարացում չէ, հիմնավորում չէ»:
Հաշվի առնելով, որ մի շարք հեռուստաընկերություններ պատկանում են ՀՀ նախագահի փեսային, օղի արտադրում, կամ ներմուծում են որոշ պատգամավորներ, արդյոք այս նախագիծը այս մարդկանց շահերից չէ բխում, մեր այս հարցին ի պատասխան տիկին Բախշյանն ասաց.« Քանի որ մեր երկրում որեւէ օրենք ինչ-որ մեկի հագով են կարում-ձեւում, բոլորվին բացառված չէ, որ դրա տակ դրված է այդ վտանգավոր նպատակները, դա իրենց ապրանքը ավելի շատ ծախելու միջոց է»:
Կարդացեք նաև
ՀՀԿ պատգամավոր Նաիրա Կարապետյանը այսօր ԱԺ-ում նաեւ վստահեցրել էր, թե օրենքի նախագիծն ի սկզբանե բարի նպատակով է գրվել:
Մեր այն դիտարկմանը, եթե բարի նպատակներ ունեն, ապա ինչո՞ւ այսօր մեր հեռուստաեթերներում չենք տեսնում սոցիալական գովազդներ, տիկին Բախշյանն ասաց. «Օղին գովազդելը բարի՞ նպատակ է, կարծում եմ այն տեսահոլովակները, որ մենք պարտավոր ենք անել մեր հասարակության խոցելի խմբերի, հաշմանդամների իրավունքների մասին, դրանք անվճար գովազդներ են, դրանք չենք գովազդվում, դա ի՞նչ է վնա՞ս է, որ չեն գովազդում: Չեն գովազդում, որովհետեւ գումար չեն բերում, իսկ օղու համար շատ փող են տալիս, այդտեղից էլ վտանգը երեւում է: Եթե օղու համար հսկայական գումարներ են տալիս, որոնք բոլորին հայտնի օլիգարխներն են, ապա հասկանալի է, թե ինչո՞ւ են սեւեռվել դրա վրա եւ ուզում են ԱԺ-ում անմեղ դեմքով փոփոխություն անել` այդ խայտառակ նախագծով»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
էս պատգամավորը իր տեղում չէ, նա պետք է լֆիկ սամոյի մոտ մարկետինգով զբաղվի