Այսօր ի պաշտպանություն քաղբանտարկյալների Ազատության հրապարակում ազատամարտիկների կազմակերպած բողոքի ցույցն ավարտվեց նախագահական նստավայրի դիմաց:
Ազատության հրապարակից նրանք քայլերթով հասան Բաղրամյան 26 եւ քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու պահանջով իրենց նամակը թողեցին ՀՀ նախագահին:
«Վոլոդյա Ավետիսյանի կալանավորումն ամբողջությամբ ապօրինի է: Նրան դիտավորյալ պահում են անազատության մեջ: Համախմբելով իր շուրջ բազմաթիվ ազատամարտիկների՝ նա իշխանությունների առջև բարձրացրել է հարց ազատամարտիկների սոցիալական վիճակի վերաբերյալ, որը երկրապահի համագումարում ձևակերպվեց որպես՝ «նվնվացողներ»:
Որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, Դուք պարտավոր եք ապահովել երկրում օրենքի գերակայությունը, դատարանների արդար վճիռ կայացնելը և իրավապահ մարմինների անաչառությունը: Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի, և նա ազատ արձակվի: Այս անօրինությունների մասին տեղյակ լինելով և միջոցներ չձեռնարկելով՝ Դուք դառնում եք այս ապօրինությունների մեղսակիցը»,- գրված էր ՀՀ նախագահին հասցեագրված նամակում:
Կարդացեք նաև
Մինչ նախագահական նստավայր գնալը, մի քանի ազատամարտիկներ ելույթ ունեցան Ազատության հրապարակում:
«Շատ բան մեր երկրում խաթարված է: Գազի գներ, մեր հինգ տոկոսները, Սյունիքի հանքերի թալանումը եւ իրենց գրպանները լցնելը, անարդար դատավարությունները, արտագաղթը… այս ամեն ինչն իրականացնում են այսօրվա հանցավոր իշխանությունները… Հայաստանը բռնազավթված է»,- մեղադրեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:
Նա նաեւ անդրադարձավ մարտական ընկերոջ՝ Վոլոդյա Ավետիսյանին անազատության մեջ պահելուն եւ ասաց. «Երբ ամիսներ առաջ Վոլոդյա Ավետիսյանը իր խոսքը բարձրացրեց եւ ի լուր Հայաստանի ու հայտարարեց, որ իր ազատագրած երկրում ազատամարտիկն իրավունք ունի ապրել արժանապատիվ, դրանով իսկ, փաստորեն, այնքան ցավեցրեց այս թալանչիներին, որ որոշեցին շուտափույթ Վոլոդյային փակել բերդում: Որովհետեւ Վոլոդյան, լինելով ազնիվ սպա, նորմալ հայ տղա, այնքան պարզ էր ասում այդ ամենը, որ շատ ազատամարտիկներ եւ ոչ միայն ազատամարտիկներ համալրում էին նրա շարժման շարքերը: Մտածեցին շուտ փակեն, որ շուտ պառակտեն այդ շարժումը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ