Լրահոս
Օրվա լրահոսը

Օղու գովազդը ազգին հարբեցողության չի մղի. խմող մարդն առանց գովազդի էլ կխմի

Մարտ 11,2014 21:22

Այսօր Ազգային ժողովում քննարկվել է «Գովազի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին հնարավորություն կտրվի երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) գովազդը:

Այսօր ՀՀԿ պատգամավոր, նախագծի համահեղինակ Նաիրա Կարապետյանը վստահեցրել է, որ նախագիծը բարի նպատակ ունի, եւ գովազդի դիմաց կատարվող վճարները տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ. դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններին, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը:

Արդյո՞ք ժամանակին արգելված օղու գովազդը նորից «Վերակենդանացնելը» հեռուստաընկերությունների եթերով բացասական հետեւանքներ չի թողնի մեր քաղաքացիների վրա: Այս հարցին,Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը բավականին զգուշավոր պատասխան տվեց: Գլխավոր նարկոլոգի խոսքերով` գովազդի փիլիսոփայությունն է` մարդկանց դրդել ապրանք գնելուն, եւ ցանկացած գովազդ ունենում է իր ազդեցությունը, գովազդի նպատակը` իրենց ապրանքի վաճառքի ծավալները շատացնելն է

Գովազդը կարո՞ղ է ազդել ավելի շատ օղի սպառելուն, մեր այս հարցին էլ պարոն Սեմերջյանն  ասաց. «Հայաստանում մոտ 5000 ալկոհոլիզմով հիվանդ մարդ կա, Ռուսաստանի եւ Վրաստանի հետ համեմատ, մենք բարվոք վիճակում ենք, բայց ունենք ուրիշ խնդիր, կա ալկոհոլիզմի չարաշահման եւ ալկոհոլի առողջական վնասների խնդիր: Գովազդը կբերեի ալկոհոլի չարաշահման դեպքերի որոշ չափով ավելացմանը, օգուտների մասին չեմ կարող խոսել, որովհետեւ չգիտեմ ինչ օգուտներ կբերի` ֆինանսակա՞ն, եւ դրանք որտե՞ղ են ուղղվելու: Ցանկացած գովազդ նրա համար է, որ խթանի վաճառքը»:

Մեր այն դիտարկմանը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին դասել է օղի օգտագործող երկրների դասին եւ դա մտահոգիչ է համարել, պարոն Սեմերջյանն ասաց, որ մեր երկիրը փոխել է  խմիչք օգտագործելու ձեւը. պնդացրել է ընդհանուր օգտագործման խմիչքը:

Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ օղու գովազդը թույլատրելու մասին ասաց, որ այն ամենը, ինչ նույնիսկ հեռահար վտանգի սպառնալիք ունի, չպիտի գովազդվի կամ սահմանափակ ձեւերով արվի.«Այն ինչ վտանգավոր է մարդկանց առողջությանը կամ կախվածություն է առաջացնում, եւ այն  ապրանքներն, որոնք իրենց մեջ հրապուրանք ունեն, իհարկե, առանց գովազդի էլ առնում են, բայց գովազդն էլ, անշուշտ, կնպաստի եւ խմիչք օգտագործելու ծավալների աճին, բայց նաեւ համապատասխան մարդկանց իրենց շահույթը կբերի»:

Տիկին Նալչաջյանի դիտարկմամբ` հոգեբանորեն մտածված, գրագետ գովազդը միշտ էլ ազդեցություն թողնում է. «Բայց ծայրահեղությունների մեջ չընկենք, թեեւ գովազդվող նոր ապրանքը տեսնելիս, մարդը մտածում է` կարելի է սրանից էլ փորձել: Բոլոր դեպքերում շատ լուրջ վտանգ չեմ տեսնում, որովհետեւ խմելու նկատմամբ տրամադրվածությունը կյանքի ընթացքում կարող է ինչ-ինչ հանգամանքներում ձեւավորվել, եւ գովազդը ինչ-որ չափով կնպաստի, բայց ասել, որ գովազդով մղում ենք ազգին հարբեցողության, այդպես չէ: Այլ խնդիր կա, պատանիները, որոնց ինքնագնահատականը, եսը բավականին փխրուն է, կարող պատահի հրապուրվեն գովազդով»:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31