Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի դատախազի տեղակալը սիստեմատիկ ուղղորդել և խոչընդոտել է անկողմնակալ քննչական գործողությունների իրականացմանը

Մարտ 11,2014 20:10

ՀՀ գլխավոր դատախազ

պարոն Գ. Կոստանյանին

Ք. Գորիս, Մաշտոցի 48 տան բնակիչ

Մարտին Մայսուրյանից

ԴԻՄՈՒՄ

15.01.2014թ. դիմում եմ հղել Ձեզ՝ նշելով, որ ՀՀ ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքի քննիչների և վերջիններիս աշխատանքը վերահսկող դատախազի տեղակալի ջանքերով բացահայտ ձախողվել է իմ հողատարածքի զավթման կապակցությամբ հարուցված քրեական գործի արդարացի քննության աշխատանքները, և խնդրել Ձեր աջակցությունը:

Ի պատասխան այդ դիմումին, 14.02.2014թ. Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Գ. Դանիելյանից ստացել եմ խնդրանքիս և բարձրացված հարցերիս հետ ոչ մի առնչություն չունեցող, խուսափողական, անհեթեթ, ոչինչ չասող պատասխան, ուստի ստիպված եմ գրեթե նույնաբովանդակ դիմումով կրկին դիմել Ձեզ:

Հայտնում եմ Ձեզ, որ 1953-1958թթ. ընկած ժամանակաշրջանում հորս և իմ նախաձեռնությամբ, ֆիզիկական ահռելի աշխատանքի և զգալի նյութական միջոցների ներդրմամբ, շուրջ 7 մ խորությամբ ձորի հողալցման, բարեկարգման միջոցով ստեղծել ենք շուրջ 8500քմ հողատարածք, որից 900քմ կանաչապատել, ծառատնկել, դրենաժավորել, ցանկապատել և մշակովի այգի ենք դարձրել և շուրջ 50 տարի է որպես տնամերձ տիրապետում, օգտագործում և մշակում եմ ես: Չունենալով ՀՀ կառավարության կողմից 8500քմ հողատարածքը քաղաքի գլխավոր հատակագիծ մտցնելու, կառուցապատման տակ դնելու և տնամերձ հողատարածք ճանաչելու մասին որոշում, Գորիս քաղաքի նորընծա տերերը սկսած 1991թ.-ից այդ հողատարածքը համարել են առանձին միավոր հողատարածք, կամայականորեն, անօրինական, ապօրինաբար 21 հողակտորներից 17-ը սեփականաշնորհել, վաճառել, նվիրել են իրենց ձեռնտու շահագրգիռ անձնավորությունների, ապoրինաբար կառուցել 6 բնակելի շենքեր, առևտրի սպասարկման կետեր, որոնց մի մասը տարիներ անց քաղաքապետարանի կողմից օրինականացվել է, ապա սեփականաշնորհվել համապատասխան հողատարածքները:

1991թ. մինչև 2010թ. ընկած ժամանակաշրջանում իմ կողմից վերականգնված յուրաքանչյուր հողակտորի սեփականաշնորհման կամ բնակելի շենքի կառուցման դեպքում անմիջապես ներկայացել եմ քաղաքապետարան և 18 դիմումներով խնդրել լուծելու նաև իմ կողմից օգտագործվող հողատարածքի սեփականաշնորհման հարցը՝ երկրաշարժից տուժած, սեփականատիրոջ կողմից լքած, ծայրահեղ վթարային ճանաչված շենքում բնակության անհնարինության հետևանքով նոր բնակելի շենք կառուցելու նպատակով կամ հողատարածքը հատկացնելու հայրենական մեծ պատերազմի առաջին կարգի հաշմանդամ հորս, աֆղանական պատերազմի առաջին կարգի հաշմանդամ տղայիս՝ Կառավարության մի շարք որոշումներով տրված արտոնություններով, նույնիսկ ուղիղ վաճառքով, աճուրդով, պայմանագրերով, սակայն քաղաքապետարանի օրինականությունից զուրկ իշխանիկները 18 դիմումներից ոչ մեկին գրավոր չեն պատասխանել` պատճառաբանելով որ հողատարածքի հատկացման հարցը կլուծվի Գորիսի տարածքի տեր` տխրահռչակ մարզպետի թույլատվությունից և նրա կամակատարը դառնալուց հետո միայն:

Նշված հողատարածքներից չսեփականաշնորհված է մնացել միայն մեր շենքին կից հողակտորները, քանզի այն անձեռնամխելի է թողնվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ՝ իմ կողմից վերջինիս ստրուկը, կամակատարը չդառնալու, ՀՀԿ անդամ դառնալու պարտադրանքից հրաժարվելու, քաղաքական հալածանքների, ահաբեկչությունների, հաշվեհարդարի արդյունքում: Մարզպետ Ս. Խաչատրյանի հատուկ հանձնարարությամբ քաղաքապետարանը մեր շենքին կից 1600քմ երեք հարևանների կողմից օգտագործվող հողակտորների հատակագծում երկրորդ անգամ կատարել է կեղծիքներ և միայն իմ կողմից օգտագործվող 900քմ հողակտորը 2010թ.-ի նոյեմբերին <<անհայտ, անօգտագործելի տնամերձ հողատարածք>> հորինված ձևակերպմամբ մտցրել քաղաքապետարանի բալանս և ՀՀ հողային օրենսգրքի սահմանված կարգի և աճուրդ կազմակերպելու մասին հրահանգի կոպիտ խախտումներով, փոփոխված հասցեով, գաղտագողի, չկայացած աճուրդով հողակտորը հատկացրել մարզպետ Ս. Խաչատրյանի կնոջ եղբայր Մ. Բարսեղյանին: Վերջինս էլ մեկ ամսվա ընթացքում չորս անգամ կատարել է հողակտորի առք ու վաճառք՝ վերջնական գինը հասցնելով 10 մլն դրամի:

Շուրջ երկու տարի արդար, անկողմնակալ, անաչառ դատավարություն իրականացնելու հետ ոչ մի առնչություն չունեցող դատարաններում քաշքշուկից, տառապանքից հետո` 04.04.2012թ. դիմել եմ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին՝ նշելով, որ Գորիսի քաղաքապետարանը` կեղծիքներ կատարելու և օրենքի կոպիտ խախտումներով աճուրդ կազմակերպելու միջոցով զավթվել է իմ կողմից շուրջ 50 տարի օգտագործվող հողատարածքը, և խնդրել նրա օգնությունը:

25.04.2012թ. ոստիկանության Գորիսի բաժանմունքում, այնուհետև քրեական բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր և ՀՀ քրեական օրենսգրքի 134 և 351/2 հոդվածներով հարուցել է քրեական գործ:

Իմ ձեռքի տակ ունենալով դատական ակտերի հարկադիր ծառայության՝ հողատարածք մուտք գործելու, շինարարական աշխատանքներ կատարելու և հողատարածքի օտարումն արգելելու մասին որոշումները՝ զավթված հողատարածքի սպեկուլյացիայի կազմակերպիչ Մ. Բարսեղյանի գլխավորությամբ, ոստիկանության աշխատողների ուղեկցությամբ և ակտիվ մասնակցությամբ, քաղաքի հիմնարկ-ձեռնարկությունների հինգ ղեկավարներ (նույնիսկ եղեգնաձորյան շինարարական կազմակերպության ղեկավարներ) իրենց բանվորներով, զինված բուլդուզերներով, յոթ անգամ գաղտագողի, զավթողական, բարբարոս օպերացիաներ են իրականացրել՝ ապօրինաբար ջարդուփշուր արել հողատարածքի դռները, բետոնյա հիմքերով, երկաթյա հենակներով շուրջ 80մ երկարությամբ ցանկապատերը, արմատախիլ արել 23 պտղատու ծառեր, շուրջ 60 թփուտավոր պտղատու ծառատեսակներ, 200 քմ խաղողի տնկիներ, 300քմ բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններ, ոչնչացրել զգալի քանակությամբ գույք, հողատարածք տեղափոխել մեծ քանակությամբ շինանյութեր և սկսել հողատարածքի շրջակա պարսպի և բնակելի շենքի հիմքային մասի փորման աշխատանքները` «ոսկեջրած» վիլլայի շինարարական աշխատանքները պետության միջոցների հաշվին կառուցելու նպատակով:

Վերը նշված ապօրինությունների, վայրագությունների կազմակերպիչներն ու կատարողներն ամենուրեք արժանացել են դեպքի վայր հավաքված հարյուրավոր քաղաքացիների զայրույթին, ատելությանը, ցասումին և ընդվզմանը:

Անօրինականությունների դադարեցման մասին իմ բոլոր բողոքներին քար անտարբերություն են ցուցաբերել ՀՀ ոստիկանությունը, ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը, ոստիկանության  Գորիսի ստորաբաժանումը, Սյունիքի մարզային դատախազությունը, Գորիսի քաղաքապետարանի ղեկավարությունը, նույնիսկ ոստիկանությունում հրաժարվել են ընդունել իմ դիմումները, հայտարարությունները, որի համար ապօրինությունների դադարեցումներն իրականացվել են արտասահմանյան դեսպանատների աշխատողների միջամտություններից հետո միայն: Ապօրինությունների, անօրինականությունների յոթ դեպքերի մասին կազմվել են ակտեր, հանձնվել դատախազությանը, վերջիններս էլ կցել են ոստիկանության քննչական բաժանմունքի վարույթում գտնվող քրեական գործին:

Հարուցված քրեական գործի քննությունն ընթացել  է միակողմանի, կողմնակալ, պատշաճ շահագրգռվածություն չի ցուցաբերվել արդար, անկողմնակալ քննչական գործողությունների իրականացմանը: Անպատասխանատվության, չկամության, անտարբերության արդյունքում քննությունը կատարվել է գաղտնիության պայմաններում, ինձ մասնակից չեն դարձրել ոչ մի հարցի քննարկմանը, ուսումնասիրման և տեղազննության աշխատանքներին, արհամարհել և չեն արձագանքել կոռուպցիայի, պետական միջոցների վատնման, յուրացման, ահաբեկչությունների, թալանի մասին ներկայացրած բազմաթիվ փաստերի և տվյալների:

Քննչական աշխատանքները իրականացնող իրար հաջորդած քննիչները ամիսներ շարունակ արխիվային փաստաթղթերի պեղումներ են կատարել իմ նկատմամբ կոմպրոմատներ գտնելու, գործ սարքելու, հողազավթիչի և ոստիկանության աշխատողների կողմից կազմակերպված ապօրինությունները, բարբարոսությունները, վայրագությունները կեղծ փաստաթղթեր ստեղծելու միջոցով գոյություն չունեցող  անձնավորությունների վերագրելու, իմիտացիայի նպատակով տեղազննություններ, փորձաքննություններ կատարելու միջոցով մեղավորներին պաշտպանության տակ առնելու նպատակով:

Քննիչների աշխատանքը վերահսկող Սյունիքի դատախազի տեղակալ Հ. Պետրոսյանը, տարվելով հողատարածքի զավթիչ Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի ապօրինի հանձնարարությունները անհապաղ կատարելու, քրեական գործը կարճելու և պարտակելու մոլուցքով, սիստեմատիկ ուղղորդել և խոչընդոտել է քննիչների կողմից արդար և անկողմնակալ քննչական գործողությունների իրականացմանը՝ չքննարկելով, չարձագանքելով քաղաքապետարանի ղեկավարների կողմից շուրջ 35 ապօրինությունները, անօրինականությունները, կեղծիքները, խաբեությունները, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է հանցակազմ և կոռուպցիոն ռիսկեր:

Հատկապես չեն քննարկվել 5 կազմակերպությունների և 2 անհատների կողմից ոստիկանության աշխատողների և հողատարածքի զավթիչների մասնակցությամբ կատարած ապօրինությունների, բարբարոսությունների, պետական ունեցվածքի և իմ անձնական գույքի և ունեցվածքի նկատմամբ բարբարոս օպերացիաներ կազմակերպելու կապակցությամբ կազմված և քրեական գործին կցած 7 ակտերի նյութերը: Արդյունքում Հ. Պետրոսյանը գեստապոյական աշխատաոճով, գաղտնիության, խաբեության, կեղծարարության մեթոդներով 2012թ.-ի դեկտեմբերի 24-ին կարճել է քրեական գործը, որի մասին ինձ տեղյակ է պահվել միայն 2013թ.-ի փետրվարի 28-ին:

Դատախազի տեղակալ Հ. Պետրոսյանը զարմանալի շահագրգռվածությամբ, գաղտագողի, իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկանքներ, հորինված դիմումներ է ներկայացրել Երևանի վարչական դատարանին իմ կողմից կասեցված գործի վարույթը վերսկսելու մասին, որին հաջորդել է իմ միջնորդությունը վարչական դատարանին, և կրկին գործի վարույթը կասեցվել է: Այնուհետև ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի համաձայն՝ բողոք եմ ներկայացրել առաջին ատյանի, վերաքննիչ դատարաններին՝ խնդրելով վերացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին 24.12.2012թ. որոշումը, սակայն Հ. Պետրոսյանը դատարաններում հանդես է եկել որպես դատախազ և առանց հիմքերի, ապացույցների, քննարկումների, ուսումնասիրությունների, խաբեությամբ իրենց կցորդը հանդիսացող, արդար դատավարությունից խորշող դատարաններից կորզել ապօրինի, անօրինական մերժման որոշումներ՝ արհեստականորեն ձևակերպելով, թե իբրև քրեական գործը կարճելու որոշման մասին տեղյակ է պահվել ժամանակին, սակայն ես խախտել եմ գործը կարճելու մասին որոշումը բողոքարկելու սահմանված ժամկետը, որը իրականության հետ որևէ կապ չունի, անհիմն է, գործի նյութերից չբխող և հորինված:

Քրեական գործի նյութերին ծանոթանալուց պարզվել է, որ գործից հանվել և բացակայում են բացատրություններ, կեղծված հատակագծեր, ակտեր, կեղծված գրություններ, տեղեկանքներ, դիմումներ, նկարներ, տեսաերիզներ: Բարբարոսությունների և ավերածությունների մասին կազմված 7 ակտերից չորսը կոծկվել են, իսկ երեքը՝ հանվել և բացակայում են գործից:

Ավելին, քրեական գործից հանվել և բացակայում են նաև 2013թ.-ի ամբողջ փետրվար ամսվա ընթացքում (քրեական գործի փաստացի կարճումից հետո) քննիչի պարտականությունները կատարող Հ. Պետրոսյանի կողմից կազմված շուրջ 25-30 էջ բացատրությունները, արձանագրությունները, հարց ու պատասխանները և այլ նյութեր: Նույնիսկ գործից հանել և ոչնչացրել են քաղաքապետարանի կողմից կեղծված քաղաքի հիմնադիր գլխավոր հատակագծի պատճենը:

Հարկ եմ համարում նաև նշել, որ 23-րդ տարին է քաղաքական հաշվեհարդարի արդյունքում, վախ ու սարսափի մթնոլորտում հալածվում, ահաբեկվում, հոգեբանական տառապանքի եմ ենթարկվում գորիսյան տխրահռչակ բռնապետի ճիրաններում՝ պատանդի կարգավիճակով, իսկ հողատարածքը զավթելուց առ այսօր՝ 3 տարի 3 ամիս է,  գտնվում եմ տնային կալանքում՝ խուսափելով հողատարածքի զավթիչներ Մ. Բարսեղյանի և Մ. Ղևոնդյանի, ոստիկանության թաղային տեսուչ Է. Էլյազյանի կողմից ամեն րոպե սպասվող ահաբեկչություններից:

Հարգելի պարոն Կոստանյան,

Խնդրում եմ Ձեր համապատասխան հանձնարարականը` տեղում ուսումնասիրելու հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքի աշխատողների, հատկապես քննիչների աշխատանքը վերահսկող Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հ. Պետրոսյանի կողմից իշխանության կամակատարի դերի ստանձնմամբ, պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով քննիչների (Մ. Տիգրանյան, Գ. Մինասյան) աշխատանքը սիստեմատիկ ուղղորդելու և խոչընդոտելու գործողությունները, հարուցված քրեական գործի արդար, անկողմնակալ քննության աշխատանքները բացահայտ և նպատակադրված ձախողելու, շուրջ 35 անօրինականությունների, ապօրինությունների, այդ թվում 7 ակտերի նյութերի (որոնցից յուրաքանչյուրը պարունակում է հանցակազմ) չքննարկելու, չարձագանքելու, կոծկելու և պարտակելու, քրեական գործից շուրջ 35 էջ կարևորագույն ապացույցներ ներկայացնող փաստաթղթեր հանելու և ոչնչացնելու, գաղտնիության, խաբեության, տարբեր խախտումների, կեղծարարության նոր մեթոդների, տեխնոլոգիաների կիրառմամբ քրեական գործը կարճելու, արխիվային փաստաթղթերի պեղումներ կատարելու միջոցով իմ նկատմամբ կոմպրոմատներ գտնել փորձելու, գործ սարքելու, հողազավթիչի և ոստիկանության աշխատողների կողմից կազմակերպված օպերացիաները, բարբարոսությունները, վայրագությունները կեղծ փաստաթղթեր ստեղծելու միջոցով գոյություն չունեցող անձնավորություններին վերագրելու, կոծկելու, պարտակելու, իմ անձնական սեփականությունը հանդիսացող գույքի, ծառերի և նյութերի ոչնչացման համար կրած ահռելի վնասի փոխհատուցումը խափանելու, իրավունքներս, ազատությունս, պատիվս, արժանապատվությունս, բարի համբավս ոտնահարելու համար,  և ուսումնասիրության արդյունքում քրեական գործ հարուցել, խիստ պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին, հատկապես քաղաքապետարանի կեղծարար, պետականությունից և ինքնուրույնությունից զուրկ իշխանիկներին, քրեական գործը բացահայտ ձախողող ոստիկանության քննչական բաժանմունքի 2 քննիչների և քննիչների աշխատանքը վերահսկող, ուղղորդող, խոչընդոտող Սյունիքի մարզի դատախազի տեղակալին և այն հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներին, որոնք հողատարածքի զավթիչի և ոստիկանության աշխատողների ղեկավարությամբ և ակտիվ մասնակցությամբ բարբարոս, զավթողական, վայրագ, ապօրինի օպերացիաներ են կազմակերպել իմ ընտանիքի անդամների և հողատարածքում իմ անձական ունեցվածքի ոչնչացման նկատմամբ:

Հարգելի պարոն Կոստանյան,

Եթե այսքանով հանդերձ այս դիմումը` իմ նախկին դիմումի համար ստացված նմանատիպ պատասխանին պետք է արժանանա, ապա խնդրում եմ այս դիմումը համարեք ապօրինությունների և հանցագործությունների մասին հայտարարություն և պատրաստ եմ ուսումնասիրության ընթացքում ներկայացնել նոր փաստեր, նյութեր և ապացույցներ:

Դիմող`

Մարտին Մայսուրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31