Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Շարբաթյանի սպանության գործով դատաքննությունը դեռ վկաների հարցաքննության փուլում է

Մարտ 11,2014 19:34

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը: Դատաքննությունը վկաների հարցաքննության փուլում է:

mailAttach_1

Նախորդ նիստի ժամանակ մեղադրանքի կողմը հակասություն էր գտել տուժողի իրավահաջորդ Հասմիկ Մանուչարյանի տված  ցուցմունքում եւ դատարանում հայտնածի միջեւ:

Իր տված ցուցմունքում Հասմիկ Մանուչարյանն ասել էր, թե  Հայկ Ասլիկյանը` քրոջ որդին, իրեն պատմել է, որ երեք հոգով ծեծել են  Սամվել Շարբաթյանին` նկարագրելով յուրաքանչյուրի գործողությունը:

Դատարանում, սակայն,  Հասմիկ Մանուչարյանը հայտնել էր, որ Հայկը իրեն նման բան չի պատմել:

Մեղադրանքի կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարան` Հասմիկ Մանուչարյանին եւ Հայկ Ասլիկյանին առերես հարցաքննելու:

Այսօրվա դատական նիստի ժամանակ Հասմիկ Մանուչարյանը կրկին պնդեց, որ Հայկ Ասլիկյանն իրեն նման բան չի պատմել,  Հայկ Ասլիկյանն էլ նշեց, որ չի հիշում:

Այսօր նաեւ հարցաքննվեց վկա Աշոտ Սեփխանյանը:

Դատարանին նա հայտնեց, որ դեպքի օրը, ժամը 20:00-21:00-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Մուշ» ռեստորանում:

«Էդիկ Խլղաթյանը զանգահարեց, թե իրիկվա կողմը կանչ չձեռնարկես, Երեւան ես գնալու, մեր ընկերը` Սամվելը, այստեղ է, որ գաս, նրան տանես: Գնացի, բարձրացա ռեստորան, մտա, ինձ առաջարկեց` գնամ կոնյակ վերցնեմ, նոր գամ, գնացի նորից քաղաք, կոնյակ վերցրի, եկա, չնստեցի իրենց հետ: Մի քանի րոպե եմ մնացել այնտեղ, երեխեն ծննդի էր, գնացի, որ տուն տանեմ: Կոնյակը տվել եմ, ասել` գնում եմ` կզանգեք ինձ: Ասին` պետք չի տաքսով, մեր քեռուն, մեր հոպարին մենք կտանենք, անձամբ Դիլոյանն ասաց: Դեպքի մասին առավոտն եմ իմացել, շենքից, խոսակցություններից, որ դեպք է պատահել:  Իջել եմ հիմնարկ, Էդիկն ասաց, որ Սամվելը սպանվել է: Մանրամասն հետը չեմ խոսել»,-դատարանում ասաց Աշոտ Սեփխանյանը:

Նախաքննության ընթացքում, սակայն, նա հայտնել էր, որ Էդիկ Խլղաթյանը իրեն ասել է, թե Սամվել Շարբաթյանին սպանել են:

Նա նաեւ նախաքննության ընթացքում հայտնել էր, որ տեսել է վկա Կարեն Խեչոյանին, դատարանում, սակայն, հայտնեց, որ Խեչոյան ազգանունն առաջին անգամ է լսում:

Նախաքննության ընթացքում Աշոտ Սեփխանյանը հայտնել էր նաեւ, որ դեպքից օրեր անց` նոյեմբերի 21-ին, Վանաձորի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի մոտ հանդիպել է Էդիկ Խլղաթյանին, ով ներկաներին պատմելիս է եղել դեպքի հանգամանքները:

Համաձայն այդ պատմածի` Էդիկ Խլղաթյանը  խաղաղ ճանապարհել է տղաներին, մոտ հինգ րոպե անց եկել է փաստաբանի քրոջ որդին ու ասել` դրսում կռվում են: Նա պատմել է, որ երբ դուրս է եկել ռեստորանի բակ, տեսել է Սամվել Շարբաթյանին` գետնին ընկած:

Դատարանում, սակայն, Աշոտ Սեփխանյանը հրաժարվեց նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքից:

«Էդիկ Խլղաթյանը մորգում պատմում էր ներկաներին, որ ճանապարհ է դրել տղաներին, մեկը վազելով եկել է, ասել է` Սամվելին խփեցին, ծեծեցին: Ինքը դուրս է վազել: Հետո չեմ լսել` ինչ է ասել, ես չեմ լսել, ինքը իր ընկերական շրջապատի հետ կանգնած խոսում էր, ես էլ առաջ չեմ գնացել, որ լսեմ»,-դատարանում ասաց Աշոտ Սեփխանյանը:

Նա նաեւ հայտնեց, որ իր տված նախաքննական ցուցմունքը ինքը չի գրել, գրվելուց հետո էլ ոչ կարդացել է, ոչ էլ իր համար են կարդացել:

Մինչ օրս չեն հարցաքննվել 7 վկա: Նրանք տարբեր պատճառներով չեն ներկայանում դատական նիստերին:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 25-ին:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31