Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը Մայդան է ուզում, Ստեփան Դեմիրճյանը՝ կառավարության հրաժարական

Մարտ 11,2014 19:27

ԱԺ պատգամավորների ամեներեքշաբթյա ելույթների ժամանակ այսօր ՀԱԿ խմբակցությունից պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը խոսեց համախմբման անհրաժեշտության մասին: Նշելով, որ որեւէ կուսակցություն չի կարող միայնակ դուրս բերել երկիրն այս վիճակից, նա ասաց, որ համախմբումն անհրաժեշտ է: Ըստ նրա այդ վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է կառավարության հրաժարականը: Իսկ որպեսզի ամեն ինչ կատարյալ դառնա՝ հարկավոր է անցկացնել ազատ ընտրություններ.«Կեղծված ընտրությունների բացասական հետեւանքները պետք է հաղթահարվեն ազատ ընտրությունների անցկացման միջոցով»:

«Ժառանգություն» խմբակցությունից պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը խոսեց Ռուսաստանի եւ Ղրիմի մասին, ասաց, որ այնտեղ ստեղծված իրավիճակը կարող է անդրադառնալ Հայաստանի վրա, այնինչ մեր իշխանությունները «հանցավոր չեզոքություն» են պահպանում: Նա իր խոսքում անդրադարձավ Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությանը, ՀԱՊԿ-ին՝ մեր անդամակցությանը, դրանք դիտարկեց որպես լուրջ մարտահրավերներ, ասաց, որ Հայաստանը տարածաշրջանում ամենհոծ բաժանարար գծեր ունեցող երկրներից է դարձել: Ապա ասաց, որ ստեղծված իրավիճակում Հայոց Համազգային Շարժումը առաջնային է համարում ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության պայմանների վերանայումը եւ ռուսական ռազմաբազների ներկայության վերաիմաստավորումը:  Նա նաեւ ասաց, որ ՀՀՇ-ն պատրաստվում է «Եվրոպական ալյանս» ձեւավորել:

Նույն խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Թեւան Պողոսյանը նույնպես խոսեց  եվրաինտեգրումից, ասաց, որ վերջին շրջանում ստեղծված իրավիճակի արդյունքում, շատ մարդիկ ովքեր կողմնակից էին Մաքսային միությանը, արդեն կասկածներ եւ հարցեր ունեն:

ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը տեղեկացնելով, որ մարտի 22-ին ոչ իշխանական ուժերի ձեռնարկած հանրահավաքն է՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակների ֆոնի ներքո, հույս հայտնեց, որ այդ հավաքը կվերածվի Մայդանի: Նա հերթական անգամ խոսեց ընդդեմ կուտակային բարեփոխումների: Դա, ըստ նրա, «կողոպուտ է, անհեթեթություն է, ախմախություն է, Գինեսի ռեկորդի արժանի ախմախություն»:

Նույն խմբակցության մեկ այլ անդամ՝ Գագիկ Ջհանգիրյանը, ում նախաձեռնությունը՝ ստեղծել Մարտի 1-ի գործերն ուսումնասիրող հանձնաժողով, ԱԺ մեծամասնությունը տապալեց, բնականաբար, իր հայտարարության մեջ անդրադարձավ հենց դրան՝ ասելով, որ Մարտի 1-ի արյունալի իրադարձությունից չնայած արդեն վեց տարի է անցել, բայց առ այսօր ոչ ոք չի պատժվել տաս հոգու սպանության, հարյուրավոր վիրավորների համար, հարյուրավոր տուժածներ չեն օգտվել դատական պաշտպանության իրավունքից: Նա ասաց, որ այս ամենում իրենց մեղքի բաժինն ունեն իշխանության բոլոր ճյուղերը՝ գործադիրը, որը չի բացահայտել, դատականը, եւ օրենսդիրը, որը ոչ միայն ժամանակին գլխավոր դատախազի մեկ «անգրագետ» միջնորդությամբ միանգամից մի քանի պատգամավորի հաշվեհարդարի  հանձնեց, այլեւ հիմա լվաց ձեռքերը՝ չստեղծելով այս ամբողջը ուսումնասիրող հանձնաժողով:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31