Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ելույթը` ԱԺ հայտարարությունների ժամին

Մարտ 11,2014 19:11

ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ելույթը` ԱԺ հայտարարությունների ժամին

 

Հարգարժան ԱԺ նախագահ, հարգելի գործընկերներ,

Վերջին օրերին որոշ քաղաքական շրջանակներ փորձում են առաջ քաշել այն վտանգավոր մոտեցումը, թե Ղրիմի այսպես ասած հանրաքվեն կարող է նախադեպ լինել Ղարաբաղի հիմնախնդրի լուծման համար:

Նախ` միանգամից նշեմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշումը տեղի է ունեցել ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային դեմոկրատական նորմերին խստիվ համապատասխան:

Ակնհայտ է, որ Ղրիմի խնդիրը արհեստականորեն առաջ քաշվեց աշխարհաքաղաքական շահերի բախման արդյունքում և Ղրիմի ազգաբնակչությունը չունի կոնսենսուս ինքնորոշման հարցի վերաբերյալ:

Եվ վերջապես, Ղրիմում գործընթացները տեղի են ունենում ռուսական կողմի ռազմական ագրեսիայի ներքո, որոնք ազդեցիկ միջազգային իրավական  սուբյեկտների կողմից արդեն իսկ ճանաչվել են անօրինական: Թեկուզ հենց այս պատճառով անթույլատրելի է ընդհանրացնել Ղարաբաղի և Ղրիմի խնդիրները:

Հաջորդ մտահոգությունս կապված է ներկայիս աշխարհաքաղաքական իրադարձությունների ֆոնին Մաքսային Միությանն անդամակցելուց բխող վտանգավոր հետևանքների հետ:

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակներև է, որ Ռուսաստանն օրեցօր մղվում է միջազգային ակնհայտ մեկուսացման, որն անդառնալի հետևանքներ է ունենալու Ռուսաստանի տնտեսության վրա և նաև ակնհայտորեն ազդելու է Մաքսային Միության անդամ պետությունների վրա:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Մաքսային Միությանը, իր արտաքին տնտեսական  քաղաքականության գործառույթների զգալի մասը զիջելու է այդ վերազգային կառույցին, որն էլ  կարող է տանել Հայաստանի միջազգային մեկուսացմանը:

Մինչդեռ ունենալով այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են ԼՂ միջազգային ճանաչման հիմնախնդիրը և Հայաստանի տնտեսական վիճակը, Հայաստանն ուղղակի իրավունք չունի թույլ տալ միջազգային ասպարեզում վտանգավոր ինքնամեկուսացումը:

Ավելին՝ Հայաստանը պարտավոր է արդեն իսկ քայքայվող և մեկուսացման գնացող Մաքսային Միությանն անդամակցելու փոխարեն, վերանորոգել հարաբերությունները Եվրամիության հետ` արևելյան գործընկերության և ասոցացման պայմանագրի շրջանակներում, որպես առաջադեմ, դեմոկրատական և զարգացած տնտեսական ինտեգրացիոն միավորի:

Ցավով եմ նշում, որ որոշ քաղաքական շրջանակներ պնդում  են, թե Մաքսային Միությանն այլընտրանքը պատերազմն է: Դա նույնն է ասել, որ Հայաստանը զուրկ է հեռանկարից և ինքնուրույնությունից: Ավելին, դա հայկական պետականության թուլացմանն ուղղված մոտեցում է:

Պետք է գիտակցել, որ Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը միջազգային հանրությանը լիարժեք ինտեգրված, կայուն զարգացման հեռանկար ունեցող և կենսունակ Հայաստանի Հանրապետությունն է:

Դեռևս ուշ չէ, որ Հայաստանի Հանրապետությունը կասեցնի Մաքսային Միությանն անդամակցության գործընթացը, քանի դեռ այն հղի չէ առավել վտանգավոր իրադարձություններով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31