Լրահոս
Օրվա լրահոսը

Պետրոս Մակեյան. «Մարտի 1-ի հանձնաժողովը որեւէ բացահայտում չէր անելու, դիվիդենտների համար էր»

Մարտ 11,2014 18:31

«Պարզ է, որ Մարտի 1-ի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը որեւէ բան չէր տալու, որեւէ բացահայտում չէր լինելու, որովհետեւ այն, ինչ արեց փաստահավաք խումբը, մոտեցավ իրականությանը բացահայտելուն, ամեն ինչը բացահայտ է արդեն, գաղտնիք բան չկա, որ հրամանը տվել է Քոչարյանը, կրակոցներ տալու հետ համաձայնել է նաեւ Սերժ Սարգսյանը, քաղաքական թիկունքը պահել է ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը: Այդ բոլորը բացահայտ է, բացահայտելու բան չկա: Հիմա հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ դեպքում իշխանությունը չցանկացավ այդ նախաձեռնությանը կողմ լինել կամ ինչո՞ւ է ընդդիմությունը կամ ոչ իշխանական ուժերը փորձում հիմա այդ հանձնաժողովը ստեղծել»,- մարտի 11-ին Aravot.am-ի հետ զրույցում Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու գործընթացի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Հիշեցնենք, որ 46 կողմ, 66 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ ԱԺ-ում չընդունվեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը:

ՀՀԿ-ն ասում է, որ ՀԱԿ-ը շոու է ուզում սարքել, ՀԱԿ-ն էլ ասում է, որ սենսացիոն բացահայտումներից հանրապետականները փորձում են խուսափել, ո՞ւմ հիմնավորումներն են Ձեզ համար ընդունելի՝ պարոն Մակեյանը պատասխանեց. «Չէի ասի հանրապետականներն ուզում են խուսափել: ՀՀԿ-ականները խուսափելու բան չունեն, նրանք էն աստիճանի են հասել, գիտեն, որ արել են ու նրանք ամեն ինչին ասում են՝ լավ ենք արել, եթե նորից դուրս գաք փողոց՝ էլի կանենք: ՀՀԿ-ականները դրա հետ պրոբլեմ չունեն: Ուղղակի հիմա ՀՀԿ-ականներն այդ աղմուկից են խուսափում, որ անընդհատ կրկնվի՝ Մարտի 1, զոհեր…դրանից են խուսափում: Թե չէ իրենց համար պարզ չէ՞ թե ինչ է եղել Մարտի 1-ին: Ինձ զարմացնում է, որ դիվիդենտների համար իմ նախկին գործընկերները գնում են այդ քայլին, որ հանձնաժողով ձեւավորեն, որի ամեն մի ելույթ, ամեն մի քննարկում կարող է ցավ պատճառել Մարտի 1-ի զոհերի հարազատներին, նրանց, որոնք տուժել են: Ուրիշ ոչ մի բան դա չէր տալու»:

Մեր հարցին՝ այսինքն, շոո՞ւ էր ապահովելու ուղղակի՝ նա պատասխանեց. «Կարծում եմ, եթե իմ նախկին գործընկերներ կոչվածները փորձում են ինչ-որ դիվիդենտներ ստանալ, ուրեմն ձեր ասածն է: Բայց իշխանություններն էլ խուսափում են այդ մանր-մունր աղմուկից, լրացուցիչ անգամ Մարտի 1-ը կրկնվելուց: Թե չէ բացահայտվել է, ամեն ինչը հայտնի է, մնում է իրավական գնահատական տրվի, դատարանի վճիռները լինեն՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած, վերջացրած քաղաքական մնացած սպասավորները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31