Լրահոս
Օրվա լրահոսը

Ահա՛ թե որն է Հրայր Թովմասյանի Հանրայինը

Մարտ 11,2014 18:03

Երբ այսօր Ազգային ժողովում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությամբ գովազդ ցուցադրելու արգելքին դեմ հանդես եկավ ՝ դրանում լուրջ դավադրություն տեսնելով, ի պատասխան հանդես եկավ Սամվել Ֆարմանյանը:

Նշելով, որ ինքն այդ ոլորտում աշխատել է, պարոն Ֆարմանյանը բացատրեց Հանրային հեռուստառադիոընկերությունների (ՀՀՌԸ) աշխատանքի երկու մոդելները: Մի դեպքում պետությունը հիմնում է ՀՀՌԸ, տալիս է համապատասխան միջոցներ, եւ ձեւակերպում պատվերներ՝ դրանց համար միջոցներ հատկացնելով: Մեկ այլ դեպքում պետությունը իր պատվերը՝ համապատասխան ֆինանսական միջոցներով տալիս է մասնավորին՝ մրցութային կարգով: Հայաստանում առաջին տարբերակն է գործում, սակայն մեր ՀՀՌԸ-ն, գնալով վարկանիշի հետեւից եւ հնարավորություն ունենալով այդ վարկանիշի շնորհիվ գովազդի միջոցով գումարներ վաստակել, որոշ առումով սահմաններն անցել էր, ցուցադրում էր իր բնույթին անհարիր հաղորդումներ, սերիալներ:

Այժմ եկել են այն մտքին, որ ՀՀՌԸ-ն պետք է իրականացնի հասարակության համար կարեւոր պատվերները՝ կրթադաստիարակչական եւ այլ հաղորդումներ: Ու դրա համար Հանրայինը պետք է պետությունից ֆինանսական աջակցություն ստանա՝ պետական պատվերը որակով եւ գրագետ իրականացնելու համար:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն եզրահանգմանը, որ Հանրայինից գովազդը հանում են, որ վարկանիշն ընկնի, որ ընտրությունների ժամանակ մարդիկ քաղաքական գովազդ չնայեն, Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ մեր քաղաքականացված հասարակությունը հատկապես ընտրական շրջանում շատ ուշադիր է, եւ հետո՝ որեւէ մասնակցի չեն արգելում մասնավոր հեռուստատեսությունների եթերում գովազդ դնել: Նա համաձայն չէր Ն. Փաշինյանի «փորձին՝ տպավորություն ստեղծել, որ քայլեր են արվում ԶԼՄ ոլորտը տոտալ վերահսկողության տակ վերցնելու համար՝ քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար»: Նա նկատեց, որ բոլոր մասնագիտական գնահատականներով Հայաստանում չկա տոտալ վերահսկողություն եւ բացառվում է «հետքայլը եւ վերադարձը տոտալ վերահսկողությանը», նշելով, որ այդ ազատականացումը «արագիլը չի բերել, երկնքից չի ընկել, դա շատուշատ մարդկանց հետեւողական ջանքերի եւ տեսլականի արդյունք է»:

Ապա, ակնարկելով Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի անգամ շեշտված Միքայել Մինասյանի անունը, ասաց, որ «հերոսացման ավելի նախընտրելի մեթոդներ կարելի է կիրառել, պետք չի առանձին անուններ տալով հերոսանալ»:

Իսկ ահա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը Նիկոլ Փաշինյանին պատասխանեց հռետորաբանության զինանոցից օգտվելով, մասնավորապես նախ սկսեց նրանից, ինչով այսօր թնդում էին սոցիալական ցանցերը՝ Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակում» Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին արված մի արտահայտությունից. «Ես չգիտեմ ինչո՞վ են մտածում, որ ժամանակին կուռք դարձրած հանրապետության առաջին նախագահին պիտակ են տալիս»: Հետո զարմանք հայտնեց, որ Հանրայինին «քացու տակ քցողից» մեկ օրում դառնում են Հանրայինի շահերի պաշտպանը:

Ապա անցավ Հանրային հեռուստատեսության ի՛ր տեսլականին: Օրինակ, ասաց, որ ուզում է, որ «իր Հանրայինով» չլինի հակաբեղմնավորիչի գովազդ, որպեսզի իր տաս տարեկան զավակը չհարցնի, թե դա ի՞նչ է: Նա նաեւ չի ուզում, որ «իր Հանրայինով» ցուցադրվող գովազդներում բռնություն քարոզվի, երբ 25 վայրկյանանոց գովազդում երեք անգամ կնոջ մազերից են քաշում եւ այլն, եւ այլն: Ի վերջո, նա ուզում է, որ «իր Հանրայինը» դառնա չափանիշ, օրինակ ծառայի այլ հեռուստաալիքներին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31