Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀՇ-ն առաջիկայում հանդես է գալու «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ

Մարտ 11,2014 17:22

Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, Ռուսաստանի դե ֆակտո ռազմական ներխուժումն Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, ուժի միջոցով այդ երկիրը մասնատելու սպառնալիքն աշխարհում ստեղծել են նոր իրավիճակ: Իրավիճակ, որն ուղղակիորեն կարող է անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության վրա, որի իշխանությունները, սակայն, քաղաքական չեզոքության երեսպաշտ արդարացմամբ հանցավոր լռություն են ցուցաբերում:

Աշխարհում այսօր տեղի է ունենում բաժանարար նոր գծերի առաջացման գործընթաց, որը  սպառնում է դառնալ նոր աշխարհակարգի հիմքը: Ընդդեմ բաժանարար գծերի և աշխարհաքաղաքական շահերի հակադրության մշտապես հանդես եկող Հայաստանն իրականում դարձել է տարածաշրջանում ամենահոծ բաժանարար գծերից մեկի կրողը: Հայաստանը տարածաշրջանում ռուսական ռազմակայան ունեցող և Հավաքական անվտանգության կազմակերպությանն անդամակցող միակ պետությունն է:

Գործող անվտանգության համակարգը, որին ավելի շատ պարտադրանքի, քան սեփական շահի սպասարկման թելադրանքով մաս է կազմում մեր երկիրը, ցանկացած պահի կարող է իրական սպառնալիք դառնալ Հայաստանի պետականության և ինքնիշխանության համար: Ստեղծված իրավիճակում Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը մեր երկրի հանրային-քաղաքական օրակարգի ամենաառաջնային խնդիրն է համարում  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի անդամակցության պայմանների վերանայումը, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունն ապահովող իրավապայմանագրային հիմքի վերաիմաստավորումը:

Հավատարիմ մնալով Հարավային Կովկասն անվտանգության համակարգերի համագործակցության հարթակ դարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ Հայոց Համազգային Շարժում  կուսակցությունը հրամայական է համարում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների շարունակական և հետևողական խորացումը, ինչի շնորհիվ Հայաստանը կվերանվաճի տարածաշրջանային և համաշխարհային քաղաքականության ասպարեզում որպես ինքնուրույն սուբյեկտ հանդես գալու վտանգված իրավունքը: Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը դատապարտում է անշրջելի հետևանքներով հղի միջազգային գործընթացներում ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքը, ազգային շահերը  սպասարկելու քաղաքական կամքի բացակայությունն ու անկարողությունը:

1988 թվականին սկիզբ առած համազգային Շարժման բացառիկ ձեռքբերումը Հայաստանի անկախությունն է, որն այսօր վտանգված է առավել, քան երբևէ: Այս և մեր երկրի առջև ծառացած  այլ մարտահրավերներին դիմակայելու նպատակով Հայոց Համազգային Շարժում կուսակցությունն առաջիկայում հանդես է գալու Հայաստանի ապագայով մտահոգ անհատների, հանրային միավորների և քաղաքական ուժերի համախմբմանն ուղղված «Եվրոպական Ալյանս» նախաձեռնությամբ:

ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31