Այս տարի «Արի տուն» ծրագիրը, որի շրջանակներում Սփյուռքի երիտասարդները մի քանի շաբաթով հյուրընկալվում են հայաստանյան ընտանիքներում, կմեկնարկի ամռանը` հունիսին: Ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, այս տարի էլ Սփյուռքի տարբեր տարածաշրջաններից 13-18 տարեկան մինչեւ 1000 երիտասարդներ կհյուրընկալվեն հայրենիքում:
Ծրագրի յուրաքանչյուր փուլի տեւողությունը երկու շաբաթ է, որին չեն կարող մասնակցել «Արի տուն» ծրագրի նախորդ մասնակիցները: Այս տարվա ծրագիրը զուգահեռ կիրականացվի երկու տարիքային խմբերի` 13-15 եւ 16-18 տարեկանների համար:
Սփյուռքահայ երիտասարդները Հայաստան են տեղափոխվելու օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, համահայկական կազմակերպությունների, ինչպես նաեւ անհատների աջակցությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդները ճանապարհածախսը հոգում են իրենք` սեփական կամ համայնքային կազմակերպությունների եւ այլ հովանավորների միջոցներով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ