Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ըստ Ն. Փաշինյանի՝ գովազդի մասին օրենքում փոփոխությունների փաթեթը միտված է օլիգարխիկ համակարգի ուժեղացմանը

Մարտ 11,2014 17:02

Ինչպես արդեն նշել ենք՝ Ազգային ժողովում այսօր Գովազդի մասին օրենքի փոփոխության երկու օրինագիծ էր քննարկվում :

Թեեւ գրել էինք, որ այն օրինագիծը, որով նախատեսվում էր Հանրային հեռուստաընկերությունն արգելել գովազդի ցուցադրումը, առանձնապես դիմադրության չհանդիպեց, սակայն պարզվեց, որ շտապել էինք, որովհետեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին ուղղված հարցով, ապա իր ելույթով այնպես քննադատեց այս նախագիծը, որ թվաց, թե Հանրային հեռուստատեսություն մարդիկ նայում էին միայն գովազդի համար:

ՀԱԿ պատգամավորը վստահեցնում էր, որ վերջին տարիներին ամեն ինչ արվում է Հանրային հեռուստատեսությունը նսեմացնելու համար, ինչպես նաեւ ամեն ինչ արվում է, որ Վատիկանում Հայաստանի դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին պատկանող «Արմենիա» հեռուստատեսությանը եւ դրա արբանյակ հեռուստատեսություններին օգուտ տալու համար: Նա ասաց, որ փաստ է, որ Հանրայինին գովազդից զրկելու դեպքում այդ 1,5 մլրդ դրամի գովազդային գումարը գնալու է Միքայել Մինասյանին պատկանող հեռուստատեսություններ:

Ի պատասխան արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ եթե պատգամավորը փաստերով է ուզում խոսել, ապա թող նախ որեւէ փաստաթղթով հաստատի, որ այդ TV-ները պատկանում են Միքայել Մինասյանին:

Ապա, անցնելով փաստերի լեզվին, ասաց, որ բոլոր գնահատողների կողմից հնչում է այն գնահատականը, որ այնպիսի ազատություն, որ այսօր ունեն մեր հեռուստաընկերությունները, երբեք չի եղել:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը կրկին պնդեց, որ այս փաթեթը մի նպատակի է ծառայում՝ գովազդային գումարները վերցնել Հանրայինից եւ տալ «Մ.Մինասյանին պատկանող մեդիակայսրությանը»: Ավելին, նա համոզված էր, որ Գովազդի մասին օրենքում նախաձեռնված մյուս փոփոխությունն էլ էր այդ նույն հարցը լուծում՝ օղու գովազդներն ուղղել «Արմենիա» եւ արբանյակ հեռուստաընկերություններ, ինչպես նաեւ՝ «Շանթ»:

ՀԱԿ պատգամավորը ավելի խորն է նայում եւ տեսնում է, որ Հանրայինից գովազդները հանում են այն պատճառով, որ Հ1-ի մակարդակը հասցվի «պլինտուսի» մակարդակի, որպեսզի ընտրությունների ժամանակ ոչ մեկը չնայի Հանրային հեռուստատեսություն, որը պարտավորություն ունի բոլոր քաղաքական ուժերի գովազդները ցուցադրել:

Նա հայտարարեց, որ այդ նախագծերին դեմ է քվեարկելու, որովհետեւ Հանրային հեռուստատեսությունը գովազդից ազատելու նախագիծը ինքը համարում է օլիգարխիկ կլանային համակարգն ուժեղացնելուն միտված օրինագիծ: «Մտածում են, որ տգետ, հաստավիզ եւ մեծագլուխ օլիգարխներին փոխարինեն բարակ վզով, բարակ գալստուկով եւ պուճուր գլխով օլիգարխով: Օլիգարխը օլիգարխ է, անկախ նրանից, վիզը հաստ է թե բարակ, անկախ նրանից հաստ թե բարակ գալստուկ է կրում, անկախ նրանից, Օքսֆորդի դիպլոմ ունի, թե մետրոյի տակից գնած Ռոստովի պոլիտեխնիկի դիպլոմ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31