Այսօր, ժամը 15.00-ին սկսվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը: Այն ընթանում է կատարյալ գաղտնիության պայմաններում: ՀԱԿ-ականներն արդեն հանդիպման վայրում են, որը տեղի է ունենում ԲՀԿ-ի կենտրոնական գրասենյակում Երեւանի կոնյակի, գինու գործարանի վարչական տարածքում:
Հայտնի է, որ ՀԱԿ-ից հանդիպմանը պետք է մասնակցեին Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը, ու թեեւ լրագրողները տարբեր մուտքերի մոտ հավաքված սպասում էին, բայց այդպես էլ հնարավոր չեղավ տեսնել, թե ովքե՞ր են եկել հանդիպմանը:
Որոշ լրագրողներ պատմեցին միայն, որ այցելուները մուգ ապակիներով մեքենաներով են ներս մտել ու հնարավոր չի եղել պարզել, թե ովքե՞ր են մեքենաներում նստած:
Հանդիպմանը թույլ են տվել մասնակցել միայն «Կենտրոն» հեռուստաընկերության եւ Ilur.am-ի թղթակիցներին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե երկրում առկա իրավիճակի շտկման համար անհրաժեշտ է լայն հասարակական ու քաղաքական կոնսոլիդացիա: Դրան հետեւեց մարտիմեկյան հանրահավաքը, որտեղ ՀԱԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանին համեմատեց Բիձինա Իվանիշվիլու հետ: Ինչից հետո, ԲՀԿ առաջնորդը նախաձեռնեց քաղաքական խորհրդատվությունների շարք: Անցած ուրբաթ օրը կայացավ առաջին հանդիպումը`ՀՅԴ վերնախավի հետ: Քիչ հետո կմեկնարկի ՀԱԿ-ականների հետ հանդիպումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ