Հինգշաբթի օրը կառավարության նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վարչապետին կասի, որ խոշոր եղջերավոր կենդանիների համար անհրաժեշտ է եւս 300 հազար հատ կենդանու անձնագիր: Այս տարվանից կառավարությունը կսկսի հաշվել եւ գրանցել հանրապետության ընտանի կենդանիների գլխաքանակը, որպեսզի դրանց սեռի, ցեղի եւ գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկություններ ունենա: Այս մասին տեղեկանում ենք կառավարության մարտի 13-ի նիստի օրակարգից:
Ինչպես հայտնում է Սերգո Կարապետյանը, կենդանիներին հաշվելու նպատակներից մեկն էլ հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացումն է, ինչպես նաեւ միջազգային ստանդարտներով սահմանված պահանջների ապահովմամբ՝ միջազգային շուկա մուտք գործելը:
Մինչ այժմ մի այդպիսի հաշվառում, փորձարարական, իրականացվել է Վայոց ձորի մարզում: Ծրագրի շրջանակներում մշակվել է «ԱՆԻ ՊԱՍ» համակարգը, որտեղ մուտքագրվել եւ վերլուծվել են հաշվառված կենդանիների եւ նրանց առողջության վերաբերյալ տեղեկությունները: Մշակվել է նաեւ կենդանիների համարակալման, գրանցման եւ անձնագրավորման միասնական ձեռնարկ՝ համայնքը սպասարկող անասնաբույժների համար:
Սերգո Կարապետյանի տվյալներով, օրինակ` Վայոց ձորում հաշվառվել, համարակալվել է կենդանիների ամբողջ գլխաքանակը`23.098 գլուխ անասուն, որից Եղեգնաձորի տարածաշրջանում հաշվառվել է 14.333 գլուխ, իսկ Վայքի տարածաշրջանում` 8.765 գլուխ անասուն:
Կարդացեք նաև
Ուշագրավ է, որ առանց կենդանիների գլխաքանակն իմանալու, գյուղնախարարը վարչապետից եւս 300 հազար կենդանու անձնագիր է ուզելու` հայտնելով, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ներկայումս առկա է ընդամենը 700 հազար կենդանու անձնագիր:
Համայնքներում կենդանիներին հաշվելու եւ համարակալելու համար, ըստ Սերգո Կարապետյանի, անհրաժեշտ է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ