Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը անդրադառնալով Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի առասպելական ունեցվածքին՝ հայ ազգին հորդորեց ամենևին չզարմանալ, քանի որ հայ ամենաաննշան, գավառական օլիգարխը շատ ավելին ունի, քան՝ 45 միլիոնանոց Ուկրաինայի նախագահը: Եվ եթե Յանուկովիչի ունեցվածքը ավելի արդարացված է, քանի որ նա հզոր արդյունաբերություն, գյուղատնտեսություն ունեցող երկիր է ղեկավարել, ապա մեր օլիգարխներինը այս առումով ոչ մի արդարացում չունի:
«Նախ ասեմ, որ նախկին խորհրդային հանրապետությունների և ոչ մի ղեկավար արդար քրտինքով չի ապրում, և այն, ինչ իրենք հետ են գցում թե իրենց, թե իրենց հետնորդների համար, արդար չէ: Նաև ասեմ, որ համաշխարհային մասշտաբով է այդպես, չպետք է մտածել, որ դա միայն Հայաստանում է, Ռուսաստանում է: Սիրում են ցույց տալ Վլադիմիր Պուտինի դղյակները Սոչիում, Մոսկվայի շրջակայքում, գնահատականներ տան և այլն, և այլն: Նույնը բանը Եվրոպայում է, միայն թե մի տարբերություն կա. եթե Եվրոպայում կարելի է ասել գողացվում է պետական բյուջեի 1-5 տոկոսը` նայած երկրի, նախկին Խորհրդային միության երկրներում գողացվում է 40-80 տոկոսը: Այ, էստեղ է տարբերությունը, թե չէ ոչ մի երկրում, ոչ մի ղեկավար արդար չի ապրում: Ոչ մի երկրի ղեկավար էլ, կոպիտ ասած, հիմար չէ, որ արդար ապրի`ունենալով այդքան մեծ լծակներ և լիազորություններ լավ ապրելու համար: Ուղղակի եթե Եվրոպայում 1-5 տոկոս է կազմում կոռուպցիոն ռիսկը և դա բացարձակ չի ազդում երկրի ու ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի վրա, այլ է իրավիճակը նախկին Խորհրդային միության ու ոչ դեմոկրատական երկրներում:
Իսկ ինչ վերաբերում է Յանուկովիչին, ապա ինքը նախկին Խորհրդային միության ղեկավարների նման է դիզել իր կապիտալը: Գալով իշխանության` նա իր ձեռքն է վերցրել երկրի մոնոպոլ և մեծ եկամտաբերություն ապահովող բիզնեսները, ինչպիսին նավթն է, բենզինն է, գազը, նաև բանկերը…Այն, ինչ-որ կա Հայաստանի Հանրապետությունում, նույնը Ուկրաինայում է, ոչ մի տարբերություն՝ այս պարագայում: Էդ ինչպե՞ս է պատահում, որ 2,5-3 միլիոնանոց Հայաստանում օլիգարխը բանկի տեր պիտի դառնա, բայց Յանուկովիչը, որը 45 միլիոնանոց երկրի նախագահ է, և Եվրոպայի ամենամեծ տարածքը ընդգրկող երկրի նախագահ է, հանկարծ բանկ չպետք է ունենա:
Ուկրաինայում բոլորն էլ շատ լավ գիտեին, որ «Համաուկրաինական զարգացման բանկ»-ը իրենց նախագահինն է: Եվ նույն դասական տարբերակով, ինչպես մեզ մոտ, այնպես էլ նախկին Խորհրդային միության մյուս հանրապետություններում, այդ թվում և Ուկրաինայում նախագահը գերադասում է իր կապիտալը տալ իր ընտանիքի անդամներին, կոնկրետ որդիներին: Նույն Ալեքսանդր Վիկտորի Յանուկովիչը, ըստ անկախ տվյալների, 520 միլիոն դոլարի կապիտալ ուներ տարբեր ոլորտներում»:
Կարդացեք նաև
Ըստ քաղաքագետի, Յանուկովիչի ունեցվածքը Ուկրաինայի պես հզոր երկրի համար բավական քիչ է: «Ուկրաինայի սոցիալ-տնտեսական վիճակը մի քանի անգամ բարձր է, քան Հայաստանի Հանրապետության, որի բնակչության մոտ 40-45 տոկոսը, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության շեմին է և դրանից էլ ցածր, իսկ ոչ պաշտոնական տվյալներով անցնում է 55-60 տոկոսը: Այնպես որ, չպետք է զարմանալ, պետք է միայն զարմանալ, թե Յանուկովիչը ինչու էդքան քիչ ուներ:
Շատ զմայլված էին Յանուկովիչի Մեժիգորիեի առանձնատնով (լուսանկարում), այնտեղ գտնվող գազանանոցով և ավտոպարկով: Բա ի՞նչ եք ուզում, հլը գնացեք տեսեք, թե Հայաստանի դատախազներն ինչպես են ապրում. աղքատ Հայաստանի սովորական մասերում ապրող դատախազների տները դղյակներ են, Ուկրաինայի գլխավոր դատախազի տունը, որ դղյակ լիներ, ամո՞թ է:
Խնդիրը միայն այն է, որ նրանցը տեսանելի է, իսկ մերոնցը տեսանելի չէ, մերոնցը ընդամենը տեսնում ենք դրսից՝ տուֆապատ, հոյակերտ: Եվ ի վերջո, եթե էդ ամեն ինչը ունի 2,5 միլիոնանոց երկրի նախագահը, ինչո՞ւ չպիտի ունենա 45 միլիոնանոց երկրի նախագահը, եթե ուզում եք ճիշտ իմանալ՝ ամոթ պետք է լիներ, եթե չունենար»,- ասաց քաղաքագետը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ