Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ ՀՀԿ պատգամավորներին. «Ձեր երեխաներին ասելու եք՝ ոնց Գալուստն ասեց, էդպե՞ս քվեարկեցի» (Տեսանյութ)

Մարտ 11,2014 15:35

 

Գովազդի մասին օրենքում մի քանի պատգամավորների՝ Արման Սահակյան, Սամվել Ֆարմանյան, Նաիրա Կարապետյան, Էդմոն Մարուքյան, Լեւոն Մարտիրոսյան, Տաճատ Վարդապետյան, նախաձեռնած փոփոխության  քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նկատեց, որ ցանկացած օրենքի նախագիծ ենթակա է ազդեցությունների գնահատման, այսինքն՝ պետք է անպայման հետազոտություն արվի, թե հանրության ո՞ր մասի վրա եւ ի՞նչ ազդեցություն կունենա տվյալ օրինագիծը, իսկ այս օրենքի նախագիծը չի անցել նման փորձաքննություն:

Հիշեցնենք, որ այս նախագծով ենթադրվող փոփոխությամբ հանվում է հեռուստատեսությամբ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի արգելքը եւ երեկոյան ժամը 10:00-ից մինչեւ 06:00-ն կարելի է ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդ:

Օրինագծի համահեղինակներից Էդմոն Մարուքյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում կարելի է մարզական միջոցառման ժամանակ ալկոհոլի գովազդ անել, ասենք՝ բռնցքամարտի կամ ֆուտբոլի առաջնության ժամանակ գովազդվում են խմիչքներ, սակայն Հայաստանը «գնացել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինելու ճանապարհով» եւ ընդհանրապես արգելել է գովազդը, իսկ հիմա իրենց օրինագծով դա մեղմացվում է:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որը «Գովազդի մասին» գործող օրենքի համահեղինակներից է, նկատեց, թե մեր տնտեսության մեջ, մեր գովազդային շուկայում մենաշնորհ կա, եւ գովազդային շուկան տիրապետում է մի անձ, իսկ մենաշնորհի դեպքում գովազդը չի աշխատում:

Նա անդրադարձավ նաեւ հեռուստատեսային գովազդին առնչվող, սակայն կոնկրետ օրենսդրական փոփոխության հետ կապ չունեցող այլ հարցերի՝ գովազդի ձայնի բարձրությանը, գովազդների լեզվին, որակին եւ այլն: Մասնավորապես նշեց մի քանի անգրագետ արտահայտություններ, որոնք ամեն օր լսում է մեր հանրությունը՝ հեռուստատեսությունից՝ «տղամարդու կաշվից կոշիկներ», «կանանցի վարսավիրանոց» եւ այլն, զարմացավ, որ գովազդի առարկա է դառնում արտագաղթը՝ նկատի ունենալով դեպի ՌԴ մեկնող հարմարավետ ավտոբուսների գովազդը:

Վերադառնալով բուն քննարկման թեմային՝ Արամ Մանուկյանը նկատեց, որ եթե մենք մտնում ենք Մաքսային միություն, ստիպված ենք լինելու վերանայել այս օրենքը, եթե այն ընդունվի, քանի որ Ռուսաստանում խմիչքի գովազդն ամբողջովին արգելված է:

Նա նաեւ ՀՀԿ-ական պատգամավորներին կոչ արեց ինքնուրույն լինել. «Հակապետական բան եք անում, չե՞ք տեսնում: Ձեր երեխեքը, որ ձեզ հարցնում են՝ ո՞նց քվեարկեցիք, ի՞նչ եք ասելու, ասելու եք՝ ոնց Գալուստը ասեց, տենց էլ արեցի՞նք: Ախր դեպուտատ եք, մի քիչ ինքնուրույն քվեարկեք, ախր սա հակահասարակական, հակաառողջապահական օրենք է, ո՞նց կարելի է քվեարկել»:

Այս օրենքի նախագծին դրական եզրակացություն տված գլխադասային հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հիշեց Մաքիավելուն, որն ասել է՝ տվեք ինձ որեւէ մեկի գրած մի անմեղ նախադասություն եւ ես կասեմ, թե ինչի համար եմ նրան մահապատժի ենթարկում: Այս կերպ նա ակնարկում էր, որ ընդդիմադիր պատգամավորները «անմեղ օրենքում» դավադրություն են փնտրում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Տեսանյութերը՝ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31