Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաշը պետք է իջեցնել միշտ ուտելով». Վարդանուշ Պետրոսյան

Մարտ 11,2014 15:27

Դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի խոսքերով՝ շատերը մեր օրերում Մեծ պահքը օգտագործում են որպես նիհարելու, մաքրվելու, առողջանալու մեթոդ. «Իհարկե գովելի է, որ պահքը մտնում է մարդու կենսակերպ, սակայն մարդիկ պետք է ծանոթ լինեն դրա հոգեւոր կողմին»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարդանուշ Պետրոսյանն ասաց, որ բժշկական տեսանկյունից ճիշտ է համարում այն փաստը, որ եկեղեցին արգելում է պահք պահել վատառողջներին, երեխաներին, ծերերին, հղի կանանց եւ կերակրող մայրերին, քանի որ այն կարող է վտանգավոր լինել իրենց առողջության համար:

Վ. Պետրոսյանի խոսքերով՝ դիետոլոգիական տեսանկյունից, մեծ պահքը՝ այսինքն բուսակերությունը, որը շարունակվում է 48 օր, ունի իր դրական եւ բացասական կողմերը: «Դրական կողմն այն է, որ սննդակարգից բացառվում են կենդանական ճարպերը, որոնք սիրտ-անոթային հիվանդությունների, շաքարային դիաբետի եւ ճարպակալման համար մեծ ռիսկ են հանդիսանում: Բուսամթերքն ավելի հարուստ է բջջանյութերով»:

Իսկ Մեծ պահքի բացասական կողմն էլ այն է համարում, որ առանց կենդանական ծագում ունեցող սննդամթերքի՝ բալանսավորված սննդակարգ ստանալ հնարավոր չէ. «Այս դեպքում կենդանական սպիտակուցների, վիտամին D 12-ի, վիտամին B-ի, հանքային աղերի՝ երկաթի եւ կալցիումի պակաս է լինում օրգանիզմում»:

Խոսելով դիետայի մասին՝ Վարդանուշ Պետրոսյանը նշեց, որ բժշկական դիետան լրիվ տարբերվում է այլ մարդկանց առաջարկած կամ համացանցից ներբեռնված դիետայից:

«Բժշկական դիետան յուրաքանչյուր անհատի համար կազմված բալանսավորված սննդակարգ է, որը պետք է օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարելու համար՝ կախված տարիքից, ֆիզիկական ակտիվությունից եւ այլն»:

Նա նշեց, որ հասարակության մեջ ընդունված դիետաները այն մարդկանց համար են, ովքեր ունեն նիհարելու մոլուցք. «Այն խիստ սահմանափակ սննդակարգ է: Խոստանում են 15 կգ նիհարել ամսվա մեջ: Մինչդեռ ամսվա մեջ 2-3 կգ-ից ավելի նիհարել չի կարելի: Քաշը պետք է իջեցնել միշտ ուտելով եւ բալանսավորված սննդակարգով»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31