«Շատ զբաղված եմ եղել, եթե ազատ լինեի, միգուցե գնայի»,-Aravot.am-ի հարցին` ինչո՞ւ ներկա չէին ՀԵՀ իրականացրած կրթաթոշակի մրցույթի ամփոփիչ արարողությանը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ծրագրի թափանցիկության մասին բազմիցս մտահոգություն է հայտնել, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ այսօր կրթաթոշակների հանձնման արարողությանը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը հայտարարեց, թե հրավիրել են ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին, սակայն նրանք չեն եկել մասնակցել: Ու շեշտեց. «ՀԵՀ գործունեությամբ խիստ հետաքրքրված ու մտահոգ մարդկանց խորհուրդ եմ տալիս նույն մտահոգությունն ու հետևողականությունը ցուցաբերել բոլոր հիմնադրամների նկատմամբ, այդ թվում իրենց, որոնք ուսման վարձեր են փոխհատուցում կամ բարեգործություն անում»։
Վահե Էնֆիաջյանը մեզ հետ զրույցում այսպիսի պատճառաբանություն ներկայացրեց. «Ինքներդ հասկացաք, որ ես զբաղված եմ եղել: Խորհրդարանում քառօրյա նիստեր են, և չեմ կարծում, որ որևէ խմբակցությունից պատգամավորներ, ովքեր աշխատում են խորհրդարանում, կարողանային ներկա գտնվել»:
Կարդացեք նաև
Նկատենք, որ կրթաթոշակի հանձնման արարողությունը ժամը 10.00-ին էր, իսկ ԱԺ քառօրյա նիստերի մեկնարկը ժամը 12.00-ին է:
Մեր այն դիտարկմանը, եթե մտահոգված էիք ծրագրով, գուցե ինքնե՞րդ մասնակցեիք, ու տեղո՞ւմ պարզեիք ծրագրի իրականացումը թափանցի՞կ է և այլ մտահոգիչ հարցեր, Վահե Էնֆիաջյանն այսպես արձագանքեց. «Ես իմ մտահոգությունները բարձրացրել եմ և՛ կրթաթոշակի, և՛ հիմնադրամի աշխատակազմի, և՛ ընդհանրապես բյուջեի վերաբերյալ: Ոչ թե ուզում ենք միայն ներկա լինել միջոցառումներին, այլ ուզում ենք, որ հասարակության համար թափանցիկ լինի ամեն ինչ: Դա անձնապես Վահե Էնֆիաջյանի շահը չէ, սա բոլոր երիտասարդական կազմակերպություններին է անդրադառնում, բոլոր ուսանողական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպված ուսանողներին և երիտասարդներին»:
Պարոն Էնֆիաջյանը բարձրացրեց այն հարցը, թե արդյոք կրթաթոշակ ստացած ուսանողների անունները հրապարակվա՞ծ են, որ երևա, թե ինչպես է ծախսվել կառավարության հատկացրած 60 միլիոն դրամը: Հետաքրքրվեցինք` իսկ դուք փորձե՞լ եք գտնել ցուցակը, պարոն Էնֆիաջյանը պատասխանեց. «Այսօրվա դրությամբ դեռ չեմ կարող ասել, տեղադրված է, թե` ոչ»: Մեր դիտարկմանը, թե ցուցակը հրապարակային է, է՞լ ինչ պետք է արվեր թափանցիկությունն ապահովելու համար, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Դա իրենց պարտականությունն է»:
Հետաքրքվեցինք` հետևողական լինելո՞ւ է այս խնդրում, Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Հիմա ես զբաղված եմ, մենք այսօր հայտարարությունների օր էլ ունենք: Բնականաբար ես ոլորտին ուշադրություն դարձնելու եմ»:
ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչը ևս հրավիրված էր ՀԵՀ կրթաթոշակի մրցույթի ամփոփիչ արարողությանը: Սակայն այս խմբակցությունից էլ ներկա չէին կրթաթոշակի հանձնման արարողությանը: Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ ներկա չեն գտնվել արարողությանը, դրան կարևորություն չե՞ն տվել: Նա պատասխանեց. «Ոչ թե չկարևորեցի հարցը, այլ զբաղված էի, դրա համար չկարողացա գնալ: Դժվար թե այս պահին կրթաթոշակի մասին ինչ-որ բան կարողանամ ասել, քանի որ ծանոթ չեմ, պետք է ուսումնասիրեմ ոլորտը, հետո ինչ-որ բան ասեմ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ