Լրահոս
Օրվա լրահոսը

Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը կօգնի Հայաստան վերադարձածներին

Մարտ 11,2014 15:14

Այսօր՝ մարտի 11-ին, տեղի ունեցավ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում  Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի բացման արարողությունը: Ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Կենտրոնը պետք է օգնի Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիներին՝ վերաինտեգրվելու հնարավորությունների մասին տեղեկատվություն տրամադրելով: Կենտրոնին դիմողները պետք է ունենան այլ երկրում ապրած տարիների մասին փաստաթուղթ, երբ է գնացել, երբ վերադարձել:

Իր խոսքում՝ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը նշեց, որ ներգաղթողների ինտեգրման հարցին պետությունը մեծ ուշադրություն է դարձնում, 2011 թվականին Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում կնքված Շարժունակության հռչակագիրը նույնպես միտված է միգրացիոն խնդիրների լուծմանը:

«Վերադարձի գործընթացը դյուրին ընթացողներից չէ, այն հաճախ ուղեկցվում է լուրջ սթրեսներով: Այս ամենով պայմանավորված՝ վերադարձողները նորից գնում են երկրից»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ նոր բացված կենտրոնը կօգնի քաղաքացիներին վերաինտեգրվելու հարցում:

«Որպեսզի կանխարգելվի, իրոք շատ կարեւոր է այդ պահին նրանց կողքին գտնվելը»,- ասաց նա:

Գագիկ Եգանյանը նշեց նաեւ. «Վերջին մի քանի տարիներին միգրացիայի ոլորտում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ձեւավորվել է համագործակցության ընդարձակ օրակարգ: Այն իր մեջ ներառում է համապատասխան իրավատնտեսական բազան»: Ըստ պարոն Եգանյանի՝ այսօր Հայաստանում ԵՄ-ի ֆինանսավորմամբ միգրացիոն ոլորտում իրականացվում է 8 ծրագիր:

ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան նույնպես հիշատակեց Շարժունակության հռչակագիրը. «Գործընկերության հռչակագրի լույսի ներքո պարզ է դառնում, թե որքան է ԵՄ-ն կարևորում Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարումը, պարզ է նաև, թե ինչ աջակցություն է ցուցաբերվում այդ գործընթացին»:

Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի միգրացիայի եւ ինտեգրման գրասենյակի կողմից:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31