Հարցազրույց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի հետ
– Ինչո՞վ է պայմանավորված Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած հանդիպումների ժամանակագրությունը: Հետաքրքիր է, որ մինչեւ մարտիմեկյան հանրահավաքում Լեւոն Տեր–Պետրոսյանի ելույթը եւ Իվանիշվիլիի հետ համեմատությունը, Գագիկ Ծառուկյանն ու ԲՀԿ–ն թեպետ քանիցս խոսել էին երկրում առկա խնդիրների, հասարակական–քաղաքական կոնսոլիդացիայի մասին, սակայն, նախաձեռնությամբ հանդես չէին գալիս:
– Իվանիշվիլին դեռ չէր հայտնվել վրացական քաղաքական իրականության մեջ, երբ Գագիկ Ծառուկյանը խոսում էր երկրում առկա խնդիրների, դրանց դեմն առնելու եւ դրանց եւ դրանց ստեղծողների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին:
Ինչ մնում է հանդիպումների ժամանակացույցին, Գագիկ Ծառուկյանի անձի հետ կապված գործողությունների մասին տեղեկատվությունները ճիշտ կլինի ստանալ իր խոսնակից:
Կարդացեք նաև
Բայց ես հետեւյալ մեկնաբանությունն ունեմ. ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների եւ, առհասարակ, կուսակցությունների համագործակցությունն այսօր չի սկսվել, Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթով կամ դրանից հետո չի սկսվել: Այն երկար պատմություն ունի: Այն ՀՀ քաղաքացիների կողմից շատ ժամանակ առաջարկվող, մշտապես նրանց հուզող եւ հետաքրքրող օրակարգի շուրջ է տեղի ունեցել: Ստեղծվել է շատ բնական ձեւով եւ շարունակվելու է, հետեւաբար, որեւէ ժամանակային օրինաչափություն, բացի հայաստանցիների պահանջների շրջանակներում գործակցելը, այստեղ չարժե տեսնել:
– Այնուհանդերձ, ԲՀԿ–ն բավականին վաղուց էր խոսում երկրում առկա ոչ ստանդարտ իրավիճակի եւ պահանջվող ոչ ստանդարտ լուծումների մասին, բայց գործնական քայլեր, հիմա է փորձում անել: Ի դեպ, այդ խնդիրները կային նաեւ ոչ վաղ անցյալում, երբ նախագահական ընտրություններ էին, իսկ ԲՀԿ–ն լռեց:
– ԲՀԿ-ն, եթե հիշում եք, որեւէ մեկին չպաշտպանեց: Եվ կարծում եմ, որ բոլորը հասկանում են, որ այդ «որեւէ մեկ» ասվածի մեջ մտնում են նրանք, ովքեր մասնակցել են այդ ընտրություններին: Եթե անհրաժեշտություն կա`հիշեցնեմ:
Արդեն որքան ժամանակ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ եւ տեսնում եմ դիրքորոշում, որը շատ կոնկրետ արտահայտվում է քվեարկություններով`«կողմ» բոլոր այն նախաձեռնություններին ու փոփոխություններին, որոնք շատ ուղղակիորեն բխում են ժողովրդի շահից եւ «դեմ» բոլոր այն նախաձեռնություններին, որոնք չեն բխում ժողովրդի շահից: Ոչ մի այլ չափանիշ: Սա կոնկրետ գործողություն եւ կոնկրետ գործունեություն չի՞:
– Իսկ ԲՀԿ–ն ե՞րբ է պատրաստվում իրեն այլընտրանքից ընդդիմություն հայտարարել:
– Կուսակցությունների մասին ՀՀ օրենքը չի սահմանում քաղաքական մեծամասնության նկատմամբ գործունեության ձեւակերպում , այն չի հաստատվում ոչ Սահմանադրությամբ, ոչ ծրագրերով: Այսինքն, պարտադիր, իմպերատիվ պահանջ գոյություն չունի: ԱԺ կանոնակարգ-օրենքն ունի սահմանումներ, որոնցով սահմանում է ընթացակարգային արտոնություններ:
Իսկ ինչ վերաբերվում է մարդկանց ընկալմանը, ապա վստահ եմ, յուրաքանչյուրի գործունեությունն ինքնին պատասխան է բոլոր հարցերին: Միշտ ասել եմ`թող ժողովուրդն ինքը գնահատական տա մեր գործունեությանը: Վստահ եմ, մարդիկ շատ լավ հասկանում են այն, ինչ տեղի է ունեցել, ինչ տեղի է ունենում եւ աստիճանաբար նաեւ հասկանում են, թե ի՞նչ է տեղի ունենալու: Կարեւորն այն է, որ ԲՀԿ-ի քաղաքական կուրսը շարունակելու է մնալ անշեղուն: Թե ի՞նչ ձեւակերպում կտրվի եւ ըստ այդմ, մենք կօգտվե՞նք ընթացակարգային արտոնություններից, դա քաղաքացու համար արդեն երրորդական հարց է:
– ԲՀԿ–ն թավշյա հեղափոխությա՞ն է ձգտելու:
– ԲՀԿ-ն քաղաքական կուսակցություն է, որոնք ըստ դասագրքային ճշմարտությունների, ստեղծվում են երկրում իշխանություն նվաճելու նպատակով: Այլ հարց է, որ ոմանք իշխանության հասնելիս իրականացնում են սեփական, անձնական, կլանային, ուրիշներին ծառայելու իրենց նպատակները, իսկ ԲՀԿ-ն ունի այլ նկրտում եւ դրդապատճառ`իշխանություն ձեռք բերելու հարցում: Կարծում եմ, դա էլ ապացուցվեց`ինքնանպատակ կառավարման համակարգ չմտնելու մեր քայլով:
– Գագիկ Ծառուկյանի եւ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպումներում Սերժ Սարգսյանի, կառավարության հրաժարականի հարցեր քննարկվո՞ւմ են:
– Քառյակն ունի իր մարտավարությունը, որը պիտի մշակվի ու մատուցվի աստիճանաբար ու զգուշությամբ, քանզի, ակնհայտ է, որ սեպ խրելու, տարանջատելու, խանգարելու, խոչընդոտելու, մանր-մունր չարություններից սկսած, մեծ խնդիրներ առաջացնելու ցանկություններ ունեցողները շատ են: Հետեւաբար, թույլ տվեք, որպեսզի քառյակը, որեւէ հրապարակման ենթակա որոշում կայացնելիս, ձեզ տեղեկացնի:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ