Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայի 2011 թ. մեծ երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտ 11,2014 15:06

2011թ., մարտի 11… Ճապոնիայում տեղի ունեցավ 9.0-9.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը խլեց տասնյակ հազարավոր մարդկանց կյանքեր: Ունենալով 1988թ-ի երկրաշարժի ծանր փորձը` Հայաստանի Հանրապետությունն անտարբեր չմնաց այդ սարսափելի իրողությունից, և անհապաղ առաջարկեց իր օգնությունը` Ճապոնիայի կառավարությանը տրամադրելով թե դրամական, թե մարդկային կարեկցանքի իր օգնությունը:

Այսօր` 2014 թ-ի մարտի 11-ին, ավերիչ երկրաշարժի և ցունամիի երրորդ տարելիցի օրը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ միջոցառում, որտեղ, ի հիշատակ անմեղ զոհերի, հարգանքի տուրք մատուցեցին նախարարության աշխատակիցները: Նվագախմբի հնչյունների ուղեկցությամբ ծաղկեպսակ դրվեց նախարարության բակում տեղադրված Փրկության նվիրյալների հուշարձանին:

IMG_3297

Իր ելույթում ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը շեշտեց արդեն շարունակական բնույթ ստացած հայ-ճապոնական համագործակցության արդյունավետությունը, ՀՀ ԱԻՆ ոչ անտարբեր վերաբերմունքը: Ապա Հայաստանում գործող ABIC կազմակերպությունում ճապոներեն ուսումնասիրող հայ երեխաների երգչախումբն իր կատարումը նվիրեց Ճապոնիայի ժողովրդին` զարմացնելով ներկաներին ճապոներենի գերազանց իմացությամբ: Ինչպես փաստում էին հենց երեխաները` կատարումը բարության, սիրո, խաղաղության և հուշերի մասին էր: Միջոցառմանը ներկա էին նաև հյուրեր Ճապոնիայից:

Արտակարգ իրավիճակների նախարարության նախասրահում կազմակերպվել էր ճապոնացի հայտնի լուսանկարիչ Տոշինարի Մուկամիի լուսանկարների ցուցահանդեսը: Վերջինիս լուսանկարչական աշխատանքները ներկայացնում էին աղետի սարսափելի և կործանիչ հետևանքները: Այդ աշխատանքների կողքին ներկայացված էին նաև ԱԻՆ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի կողմից Սպիտակ քաղաքի կենտրոնական պուրակում 2013 թ. տեղադրված խաչքարի լուսանկարները:

Պատասխանելով լրագրողների հարցերին` Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կարևորեց հայ-ճապոնական համագործակցությունն, որը, նախ և առաջ, գործում է հօգուտ երկու ժողովուրդների. «2010թ.-ին մեր ճապոնացի գործընկերները մեզ նվիրեցին 28 հրշեջ-փրկարարական մեքենա: Մենք ունենք նաև լուրջ համագործակցություն սեյսմիկ ծառայության ոլորտում: Մենք բոլոր ուղղություններով համագործակցում ենք Ճապոնիայի հետ, և ես շատ դրական եմ համարում այդ համագործակցությունը»: Նախարարը նաև հավելեց, որ այս տեսակ միջոցառումները դեռ շարունակվելու են, քանի որ տարերային աղետներին զոհ գնացած մարդկանց հիշատակը ժամանակի ընթացքում որքան էլ սպիանա, այնուամենայնիվ իր խորը հետքն է թողնում բազում մարդկանց ճակատագրերի վրա, ինչպես 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31