Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրայինին կարգելեն գովազդ ցուցադրելը

Մարտ 11,2014 14:54

Ազգային ժողովն այսօր «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ երկու օրինագիծ քննարկեց: Դրանցից մեկով, որը կառավարության հեղինակածն է, նախատեսվում է Հանրային հեռուստատեսությանն արգելել գովազդի ցուցադրումը, քանի որ

ա) Հանրայինը եւ պետբյուջեից է սնվում եւ գովազդատուներից ու դա անհավասար մրցակցության պատճառ է դառնում՝ մյուս հեռուստաընկերությունների համար եւ

բ) գովազդների ցուցադրումը չի բխում հանրային հեռուստաընկերության փիլիսոփայությունից:

Բացառություն է արվում միայն սոցիալական գովազդի համար եւ ուսումնագիտական, կրթամշակութային եւ սպորտային հաղորդումների հովանավորների համար:

Եթե այս օրինագիծն առանձնապես դիմադրության չհանդիպեց, ապա մյուս նախագիծը , որը հեղինակել են ՀՀԿ խմբակցության նոր սերնդի պատգամավորները՝ Արման Սահակյան, Սամվել Ֆարմանյան, Լեւոն Մարտիրոսյան, Նաիրա Կարապետյան, ինչպես նաեւ՝ Տաճատ Վարդապետյանն ու անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, բուռն հակազդեցություն առաջացրեց ՀՅԴ եւ ՀԱԿ պատգամավորների մոտ:

Այս օրինագծով, ըստ էության, հանվում է հեռուստատեսությամբ թունդ ալկոհոլային խմիչքների գովազդի արգելքը: Թույլատրվում է գիշերային ժամերին՝ 22:00- 06:00 թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը:

Չնայած օրինագծի հեղինակներից Լեւոն Մարտիրոսյանն առաջարկեց դավադրություն չփնտրել այս օրինագծում, որը, նրա խոսքերով, նպատակ ունի ընդամենը թույլ տալ հեռուստաընկերություններին մի քիչ գումար աշխատել, սակայն ոչ իշխանական պատգամավորները բազմաթիվ խութեր եւ մութ տեղեր տեսան նախագծում:

ՀՅԴ խմբակցությունից Աղվան Վարդանյանը համարեց, որ այս օրենքի նախագիծն ընդամենը անբարեխիղճ լոբբինգի արդյունք է, դեմ է հանրային շահին եւ ընդամենը մի քանի հեռուստաընկերությունների շահն է հետապնդում: Նա կարծում է, որ օրինագծի ընդունման պարագայում առանց այդ էլ ստվերային մեծ մասնաբաժին ունեցող հեռուստատեսային գովազդային շուկան մեծացնելու է ստվերը՝ «զանգելու են տեղական խմիչք արտադրողներին եւ ասեն՝ էսինչ ԹիՎի-ին էսքան գովազդ կտաս»:

Նա նաեւ նկատեց, որ եթե այս օրենքն ընդունվի, դա «դաջվածք» կլինի Հայաստանի վրա, որ մեր երկիրը թույլատրում է թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը, ինչով մենք ձեռք կբերենք «իզգոյի կարգավիճակ»:

Հակազդելու ցանկությամբ հանդես եկած օրենքի համահեղինակ Նաիրա Կարապետյանը ընդամենը կարողացավ ասել, որ «մենք կարողանում ենք ճիշտ եւ լուրջ վերաբերվել ալկոհոլ օգտագործելուն», եւ մեկ էլ ասաց, որ չի կարծում, թե մեր հասարակությունը օղու մասին կարող է տեղեկանալ միայն գիշերը 12-ին ու «գնա վատ ուղիով» եւ կոչ արեց «ի սկզբանե բարի օրենքը չտանել թյուրընկալման ճանապարհով»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31