Լրահոս
Օրվա լրահոսը

«Այնպես չէ, որ ոստիկանի ամեն մի ասածը օրինական պահանջ է». «Դեմ եմ»

Մարտ 11,2014 14:40

«Եթե նույնիսկ Սահմանադրական դատարանի որոշման մեջ չբավարարվի, մենք չենք դադարելու մեր պայքարը, ես ուզում եմ, որ դա բոլորը հասկանան եւ ուզում եմ, որ Սահմանադրական դատարանը գիտակցի, որ իր վրա հիմա շատ մեծ բեռ է դրած, եւ եթե նա գնա կառավարական ճնշումներին, ինչպես բազմիցս մենք ականատես ենք եղել, այս անգամ դա կարող է երկրի վրա շատ ծանր նստել»,- այսօր՝ մարտի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Դեմ եմ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Գեւորգ Գեորգիսյանը:

Նա հայտնեց, որ մարտի 22-ին սպասվող բողոքի ակցիայի ընթացքում կներկայացվի, թե ի՞նչ է եղել փետրվարի 18-ից հետո, ի՞նչ սպասելիքներ ունեն Սահմանադրական դատարանից եւ ի՞նչ սպասելիքներ չունեն, որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը:

Իսկ շարժման նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Արսեն Մանուկյանը հայտարարեց, որ այդ օրը իշխանությունները կտեսնեն, թե մի քանի երիտասարդներից սկսված շարժումը ինչ լայնաճակատ պայքարի ճակատի է վերածվել:

Անդրադառնալով մարտի 7-ին ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մոտ կատարված դեպքերին՝ Արսեն Մանուկյանը նշեց, որ ոստիկանությունը նախեւառաջ պետք է ապացուցի, որ իր պահանջը օրինական է եղել.

«Ես՝ որպես այսպիսին, եւ բերման ենթարկվածները որեւէ պահանջ ոստիկանությունից մինչեւ բերման ենթարկվելը չենք լսել, երբ որ ոստիկանությունը բարձրախոսով ասում էր՝ «Հարգելի՛ քաղաքացիներ, ազատե՛ք փողոցը», այդ ժամանակ արդեն բերման էինք ենթարկվել:

Բացի դրանից, այնպես չէ, որ ոստիկանի ամեն մի ասածը օրինական պահանջ է»:

Դեպքի ընթացքում վնասվել է ակցիայի մի քանի մասնակիցների կոշիկները եւ վերարկուները, իսկ շարժման նախաձեռնող խմբի անդամ Հակոբ Արշակյանի տուն երեք անգամ ոստիկաններ են այցելել, որոնց այցելությունն արդեն անհանգստացնում են նրա ընտանիքի անդամներին.

«Ոստիկաններն ահաբեկիչի համբավ ունեն, եթե ձեր վարկանիշը այնքան չէ, որ կարողանաք հանգիստ ծեծել եւ ցանկացածի տուն մտնել, ուրեմն՝ մի՛ մտեք ընդհանրապես տուն: Աշխատե՛ք ձեր վարկանիշի վրա: Բակի հանցագործների են նման ոստիկանները, հետեւում գտնվող ոստիկանը ոտքով, ավելի ճիշտ՝ սմբակով, խփում է, այդ ի՞նչ է նշանակում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31