Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի Գորիսի հաջորդ քաղաքապետը

Մարտ 11,2014 14:29

Գորիսում 2014թ.-ի հունիսին համայնքի ղեկավարի ընտրություններ են անցկացվելու: Մեզ հետ զրուցած գորիսեցիները չցանկացան կանխատեսումներ անել, թե այս անգամ ինչպիսի՞ ընտրություններ կանցկացվեն իրենց համայնքում, ովքե՞ր կլինեն թեկնածուները եւ իրենց հնարավորություն կտրվի՞ գոնե այս անգամ ընտրել իրենց նախընտրած թեկնածուին:

«Դեռ ժամանակ կա, էս պահին ոչ մի բան պարզ չի, հստակ թեկնածուների անուններ չգիտենք, բայց կուզենանք, որ այս անգամ քաղաքի համար մտածող ու ցավող ղեկավար ընտրվի գոնե», «Ինձ համար մեկ է, թե ով կլինի, կուսակցական կամ անկուսակցական, կարեւորը էս գործող քաղաքապետը չլինի ու ոչ էլ նախկին մարզպետի մարդկանցից լինի, մեղք է էս ժողովուրդը…», -ասացին մեզ հետ զրուցած գորիսեցիները, ովքեր չցանկացան հրապարակել իրենց անունները:

Իսկ տիկին Կարինեն կարծում է, թե Գորիսն արժանի է ունենալ այնպիսի քաղաքապետ, որը մտահոգ կլինի իր քաղաքի բարեկեցության ու զարգացման համար: «Յուրաքանչյուր ոք, եթե թեկնածություն է առաջադրում՝ նախ և առաջ պիտի վստահ լինի դրական փոփոխություն անելու իր կամքի վրա: Որևէ թեկնածու դեռ չի բարձրաձայնել իր քաղաքապետ դառնալու ցանկության մասին, հետևաբար չեմ կարող ասել արժանի է թե՞ չէ, եթե թեկնածուները լինեն հնարավոր կլինի համեմատականներ անցկացնել գործող քաղաքապետի հետ», -ավելացրեց Գորիսի բնակչուհի Կարինեն:

Գորիսում գործող «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» (ԻՏԵԿ) հասարակական կազմակերպությունն ընտրություններին ընդառաջ` մտադիր է ընտրողներին իրազեկելու նպատակով նախաձեռնել տարբեր բանավեճեր, ակցիաներ:

«Գորիսի քաղաքապետի նախորդ ընտրությունների ընթացքը, իր ողջ նախընտրական ինտրիգներով, ու տեղական «ֆեոդալների» մտրակների օգտագործմամբ, կարծես անվստահության ու անհետաքրքրության միջավայր էին ստեղծել տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ: Իրավիճակը բոլորովին այլ է առաջիկայում սպասվող Գորիսի քաղաքապետի ընտրությունների պարագայում: Գորիսեցիների համար նոր հույսի աղբյուր է բացվել` մրցակցային և արդար պայմաններում ընտրել Գորիսին արժանի համայնքի ղեկավար, որն ունենալով ընտրողների մեծամասնության արդար քվեները, կկարողանա կոնսոլիդացնել հանրությանը, հիմնական նպատակ սահմանելով համայնքի զարգացումը», – նշված է հ/կ-ի տարածած հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները համոզված են, որ միայն արդար և մրցակցային ընտրությունների պայմաններում ընտրված քաղաքապետը կկարողանա ընդունել նետված մարտահրավերները, ուստի գորիսեցիներին կոչ են անում չվախենալ եւ թույլ չտալ, որ կեղծիքներ ու տարբեր լծակներ կիրառվեն այս ընտրությունների ժամանակ:

«Գոնե այս անգամ, գորիսեցիները ուղղակի պատվի հարց պետք է համարեն ու մերժեն ցանկացած «թայֆաբազություն» և նյութապաշտություն: Այս անգամ հստակ հնարավորություն կա ցույց տալու և պարտադրելու ազատ քաղաքացիների կամքը: Կա հնարավորություն` ՈՉ ասելու անարժաններին: Արդեն նկատելի է Գորիսի երիտասարդության, ուսանողների, մտավորականության հստակ կամքը` տեր կանգնելու իրենց քվեներին: Գորիսը պետք է ունենա իրեն հարիր համայնքի ղեկավար, որը բոլորի համար կլինի հանդուրժողականության, համախմբման, հույսի և վերածննդի նոր գործընթացների առաջնորդ», – նշված է «ԻՏԵԿ> հասարակական կազմակերպության կողմից գորիսեցիներին ուղղված ուղերձի մեջ:

Մեր ունեցած տեղեկություններով՝ որպես Գորիսի քաղաքապետի թեկնածու, նեղ շրջանակներում շրջանառվում է ռադիոէլեկտրոտեխնիկական սարքերի արտադրությամբ զբաղվող «Գորիսի Գամմա» ԲԲԸ տնօրեն Տիգրան Կարապետյանի անունը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից չէ, նույնիսկ հակառակ ճամբարից է, հարգված երիտասարդ է եւ ինտելեկտուալ ընտանիքի զավակ: Մեզ հասած տեղեկատվության համաձայն՝ նրա շնորհիվ մինչեւ օրս ընկերությունը շարունակել է 70 աշխատատեղ պահել եւ մարդկանց ապահովել աշխատանքով:

Այլ թեկնածուների անուններ այս պահին դեռ չեն շրջանառվում:

Նշենք, որ Գորիսը 2000թ.-ից մինչեւ օրս ղեկավարում է Նելսոն Ոսկանյանը եւ վերջին 14 տարվա ընթացքում Գորիսում քաղաքապետ չի փոխվել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. iren says:

    Շատ ուրախալի փաստ է ,որ վերջապես Սյունիքը ՝մասնավորապես ԳՈՐԻՍ քաղաքը ,ազատվեց ֆեոդալական հասարակարգից և փորձում է թևակոխել ավելի կիրթ և դեմոկրատական հարթակ:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31