Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկում է «Վահանյանի գավաթ» շախմատի միջազգային միջհամալսարանական օլիմպիադան

Մարտ 11,2014 14:15

Մարտի 12-17-ը Երևանում լինելու են Ռոստովյան օրեր: Միջոցառումների շրջանակում անցկացվելու է «Վահանյանի գավաթ» շախմատի միջազգային միջհամալսարանական թիմային բաց մրցաշար-օլիմպիադան: Այս առիթով «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպում ունեցան Շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռաֆայել Չատինյանը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջազգային կադրերի գծով պրոռեկտոր Վարդգես Եդոյանը:

Մրցաշարին մասնակցելու է 10 թիմ. 7-ը Հայաստանից, 3-ը՝ Ռուսաստանից և Ուկրաինայից: Դրանք են Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Սլավոնական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Դոնեցկի ազգային համալսարանը, Կազանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանը, Ռոստովի պետական շինարարական համալսարանը: Յուրաքանչյուր համալսարանից ներկայանալու են  5 հոգի՝ 1 ներկայացուցիչ, 4 խաղացող, որոնցից 2-ը աղջիկ են, 2-ը՝ տղա: «Կես ժամ տևողությամբ, արագ շախմատի կանոններով են խաղալու: Առաջին օրը կխաղան 2 տուր, հաջորդ 2 օրերը՝ 3-ական, իսկ ամսի 15-ին՝ 1 տուր: Եվ այդ օրն էլ  տեղի կունենա փակման արարողությունը»,- նշեց պրն Չատինյանը: Այնուհետև նա մեկնաբանեց մրցաշարի անվանումը: «Վահանյանը 1972, 1974, 1976, 1977 թվականներին Խորհրդային միության ուսանողական հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի քառակի չեմպիոն է: Եվ տրամաբանական է, որ համահունչ է այս մրցաշարին: Եվ կարծում եմ, որ մրցաշարը կլինի շարունակական: Այն հանգամանքը, որ անդրանիկ մրցաշարին մասնակցում է 3 երկիր, արդեն խոսուն փաստ է»,- ասաց պրն Չատինյանը:

«Մարտի 13-ին լինելու է գիտնականների համար նախատեսված գիտաժողով, որտեղ անդրադառնալու են շինարարության և ճարտարապետության առանձնահատկություններին: Նաև համերգ է լինելու, որի հիմնական կորիզը Ռոստովի շինարարական համալսարանի երգի, պարի գեղարվեստական թիմերն են: Մտածում ենք մեկ-երկու համար էլ ներկայացնենք մեր հայկական երաժշտությունը»,- ասաց պրն Եդոյանը:

 

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31