Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Պապյան. «Հայաստանի ճակատագիրը կորոշվի Ռուհանիի եւ Ջոն Քերիի այցերով Հայաստան»

Մարտ 11,2014 13:08

«Հայաստանի վրա ճնշում կլինի Ղրիմը ճանաչելու հորդորով»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` զարգացումներն Ուկրաինայում թեմայով քննարկման ժամանակ:

Պարոն Պապյանը կանխատեսումներ անելով նշեց, որ այս դիմակայության հետևանքով Ռուսաստանը կարող է հայտնվել խորը մեկուսացման մեջ, և Հայաստանը, որպես դաշնակից, նույնպես կարող է հայտնվել մեկուսացման մեջ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը հակադարձեց. «Գլոբալացված տնտեսությունում դժվար է հասնել մեկուսացման այնպիսի խոշոր երկրի, ինչպիսին Ռուսաստանն է»: Այնուհետև պարոն Հարությունյանը նշեց, թե զուգահեռներ չի տեսնում Ղարաբաղի և Ղրիմի միջև ու նկատեց. «Ղարաբաղյան խնդիրը էապես տարբերվում է Ղրիմի խնդրից»:

Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի` Մաքսային միության անդամակցության հարցում նկատվող շտապողականությանը: Գագիկ Հարությունյանը շտապողականություն չի տեսնում. «Ամեն ինչ գնում է` ըստ պլանի: Պայմանավորվածություն կար, որ մայիսի 15-ին պետք է փաստաթղթերը կազմվեն»: Պարոն Հարությունյանը հավաստիացրեց, թե Մաքսային միության անդամակցումը մեզ ձեռնտու է, և «դժվար է պատկերացնել ու քաղաքականն ու տնտեսականը տարանջատել ռազմականից, դա առաջին հերթին ուղղված է մեր անվտանգությանը»: Այս առիթով պարոն Հարությունյանը հղում կատարեց թուրքական և ադրբեջանական այն փորձագետների կարծիքներին, համաձայն որոնց` «Մաքսային միություն մտնելով Հայաստանը գրեթե անհնարին դարձրեց ռազմական ուժով Ղարաբաղի գրավումը թուրքաադրբեջանական կողմից»:

Արա Պապյանն ի հակադրումն ասվածի` նշեց. «Չեմ կարծում, որ Թուրքիան և Ադրբեջանը ԼՂՀ-ի` ռազմական ճանապարհով գրավելու խնդիր են դրել: Նրանք վաղուց որդեգրել են ՀՀ-ն տնտեսապես քայքայելու և մարդաթափ անելու քաղաքականությունը»:

Պարոն Պապյանը նաև նշեց, թե Մաքսային միության անդամակցությունից հետո ՀՀ-ում սպառողական մի շարք ապրանքների գներ կաճեն, ինչը կհանգեցնի արտագաղթի տեմպերի աճին: Այնուհետև նկատեց. «Քսան տարի հետո մարդ չենք ունենա Հայաստանում: Մենք ֆիզիկապես պաշտպանվելու խնդիր չունենք, խնդիրն այն է, թե մենք ոնց ենք տնտեսապես պաշտպանվելու»:

Ուկրաինական զարգացումների և ՌԴ-ի արձագանքի ֆոնին ինչպիսի՞ն կլինի Հայաստանի ճակատագիրը, պարոն Պապյանը նշեց. «Կարծում եմ՝ Հայաստանի ճակատագիրը կորոշվի Ռուհանի եւ Ջոն Քերիի այցերով Հայաստան: Այս երկու այցերը կլինեն վճռորոշ»: «Ռուսաստանն արդեն իսկ դուրս է մղված ռազմական համագործակցության շատ ոլորտներից: Մեծ ութնյակն արդեն չեղյալ է հայտարարել իր հանդիպումը Սոչիում: Չկա մի երկիր, որը ի պաշտպանություն ՌԴ-ի պաշտոնական հայտարարություն արած լինի»:

Հայաստանի` հետագա վարքագծի և քաղաքականության մասին պարոն Հարությունյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Հայաստանը պետք է անի այն, ինչ հիմա անում է. իրեն դրսևորի բավականին զգուշավոր: Մյուս կողմից էլ ոչ ՀՀ-ն, ոչ էլ Ուկրաինան չէին շահի Ասոցացման համաձայնագիր ստորագրելով: Պաղեստինն էլ է Ասոցացման համաձայնագիր ստորագրել, բայց ոչինչ չի փոխվել, յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պիտի կարողանա զարգացնել իր երկիրը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31