Իրերը իրենց անունով կոչելու առավելությունը
Հանրահայտ է այն դրույթը, որ կան սխալներ, որոնք հավասար են հանցագործության, առավել եւս երբ համառում են պնդել, որ կատարվածը սխալ չէր, որովհետեւ իբր թե այլընտրանք չկար, եւ որ ամենավտանգավորը նման մտածողությունը հանգեցնում է նրան, որ եթե նույնիսկ կատարվածը սխալ է եղել, ապա ուղղել այդ սխալը այլեւս անհնարին է:
Անհամար անգամ հանդիպել եմ նման մտածողության, երբ փորձել եմ քննարկել հետ-խորհրդային կոնֆլիկտների իրական սկզբնապատճառները եւ բուն էությունը: Սխալ էր, հանցագործություն էր Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին, իսկ Ղրիմը Խորհրդային Ուկրաինային հանձնելը? Կա քաղաքական կամք իրերը իրենց անունով կոչելու համար? Պատասխանը եղել է – ոչ: Ինչո՞ւ:
Չեն հասկանա, համաշխարհային հանրությունը դեմ է սահմանների վերանայմանը, Պուտինը չի դատապարտի խորհրդային ռեժիմի հանցագործությունները: Մնում է խորամանկել, իբր թե «դիվանագիտությամբ» զբաղվել: Այսինքն` հանցագործության հետեւանքով ուրիշի տարածքին տեր կանգնած կողմի ( մինի-կայսրությունների) սուտ տեսակետին հետեւել, նրան հնարավորություն տալ, որ հեշտությամբ պաշտպանվի, համաշխարհային հանրությանը օգտագործի, դիմացինին ագրեսիայի մեջ մեղադրի: Այսինքն` հայերը չեն ազատագրել իրենց տարածքները, հանցագործ կերպով գրավված Կարմիր բանակի կողմից և անօրեն ձեւով Խորհրդային Ադրբեջանին հանձնված, այլ իբր ինչ որ «ղարաբաղցիներ» ինքնորոշվում են Ադրբեջանի տարածքում:
Կարդացեք նաև
Այսինքն` Ղրիմը անօրեն եւ հանցագործ կերպով չէ «նվիրվել» Խորհրդային Ուկրաինային, այլ իբր թե ռուսախոսներին հարկավոր է պաշտպանել Կիևում բուն դրած ազգայնականներից: Շան գլուխը թաղված է ռուսների եւ հայերի խորհրդամետության մեջ: Խորհրդային մարդը պինդ նստած է այս երկու դժբախտ ժողովրդի վերնախավի մեջ: Հակառակ դեպքում ինչպես բացատրել խորհրդային շրջանում եղած «լավը եւ վատը» մի նժարին դնելու այդ երկրների քաղաքական դասակարգի հանդգնությունը: Ի՞նչ կորցրեց եւ ինչ ձեռք բերեց հայ ժողովուրդը բռնի խորհրդայնացման հետեւանքում: Մի՞թե դժվար է բարեխղճորեն հաշվեհարդար անել: Մի՞թե դժվար է պատկերացնել, թե ինչ ապագա էր խոստանում հայությանը, եթե չլիներ խորհրդա-քեմալական արշավանքը, հայերի զոհաբերումը՝ հանուն Արեւելքում պրոլետարական հեղափոխության հաղթանակի, Հայաստանի ազատազրկումը, նրա ինքնիշխանության ոչնչացումը եւ նրա տարածքների մասնատումը, ազգային վերնախավի արմատախիլ անելը, նրա հոգևոր եւ ազգային կյանքի այլասերումը եւ այլն և այլն:
Սրանով ոչ ոք չի նսեմացնում հայության սխրագործությունները եւ ձեռքբերումները խորհրդային տարիներին ի հեճուկս ռեժիմին:
Հիտլերը, նացիզմը գերմանացի ժողովրդին ավելի քիչ վնաս հասցրին, քան Ստալինը, սովետական կոմունիզմը – ռուս ժողովրդին: Առանց դենացիֆիկացիայի անհնար էր Գերմանիայի վերածնունդը, գերմանական տնտեսական եւ հասարակական հրաշքը: Առանց լրիվ եւ վերջնական ապասովետականացման պետական մակարդակով անհնարին է վերացնել այն հանցագործությունների հետեւանքները, որոնք խոչընդոտում են հոգևոր եւ բարոյական մաքրմանը, հասարակական, քաղաքական, տնտեսական զարգացմանը:
Ինչո՞վ բացատրել հանցավոր Բելովեժյան համաձայնագրերի ստորագրումը, որոնց կնքումով փորձ էր արվում հավերժացնել անօրեն գծված խորհրդային սահմանները: Ինչպե՞ս բացատրել «Բիշքեկյան համաձայնագրի» ստորագրումը «կրակը դադարացնելու» մասին, փոխանակ ագրեսորի նկատմամբ տարած հաղթանակը ընդունել տալը:
Նման սխալների շարքին չէ արդյոք Հայաստանի Հանրապետության կորցրած անկախության վերականգման զլացումը եւ Խորհրդային Հայաստանի իրավահաջորդության ընդունումը, որով նորանկախ պետության «ոտն ու ձեռքը» կապված, բերանը փակված մնացին?
Ինչո՞վ բացատրել Հայաստանի Անկախության Հռչակագրի անտեսումը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունման ժամանակ, երբ ուրացվեց ՀՀ –ն եւ Արցախի վերամիավորումը, որ կայացել էր 1989թ դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշման արդյունքով:
Այդ կրավորական մտածելակերպի եւ գործելակերպի հետեւա՞նքը չէին արդյոք ՄԱԿ – ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձեւերը, որոնք պահանջում են հայերից վերադարձնել «գրավված» տարածքները:
Իսկ ինչի՞ հետեւանք է հայերի վզին փաթաթված անհեռանկար եւ վտանգավոր բանակցությունները Բաքվի հետ, երբ բանակցությունները անհրաժեշտ է վարել Կրեմլի հետ, որ իրավահաջորդն է այն հանցավոր ռեժիմի, որ հեղինակն է Ղարաբաղյան կոնֆլիկտի:
Ո՞վ է շահագրգռված չընդունել Արցախի ազատագրումը եւ նրա դե- ֆակտո միացումը դե – յուրե չճանաչելը, ով է խանգարում Հայաստանի շրջափակման վերացմանը:
Մի՞թե Արեւմուտքի եւ ԱՄՆ –ի դիրքորոշումը հետխորհրդային կոնֆլիկտների վերաբերյալ կլիներ այնպիսին, ինչպես կա այսօր, եթե իրերը իրենց անունով կոչվեին, այն է` կոմունիստական տոտալիտար ռեժիմի գործած հանցագործությունների հետեւանքների վերացումը:
Արեւմուտքը, ԱՄՆ-ը պաշտպանելո՞ւ էին լենին-ստալին-խրուշչովյան «կարտոգրաֆների» գծած հանցավոր սահմանները:
Այս հարցերին պատասխան տալը՝ ազգային արժանապատվության խնդիր է:
Կարեն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
հրապարակախոս, Մոսկվա