Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ինքնորոշում

Մարտ 11,2014 14:25

Տարօրինակ էր այդ զուգադիպությունը: Սերս պատահեց հենց այն պահին, երբ սիրո մասին էի կարդում: Ոչ մի տարօրինակ բան էլ չէր լինի, եթե կարդալիս լինեի Պետրարկա կամ առնվազն Կամոենս: Բայց ախր օրաթերթ էի կարդում՝ Մայդանի մասին:
Այդ հանրահայտ հրապարակում, որը սեւացել էր մեծ տերությունների երկրաքաղաքական բախումներից եւ ընդդիմադիր օլիգարխների պահեստներից բերված ավտոդողերի ծխից, տեղի ունեցավ սեր: Դա պատահեց այսպես:

«Զրո քսանչորս, վաթսունհինգ, հետո էլ չորս հատ երկուս: Նորից եմ ասում՝ զրո քսանչորս…»: Սիրուն աղջիկը, հետագայում՝ շատ սիրուն աղջիկը բջջայինով ծանոթին էր թելադրում իր հեռախոսահամարը: Լրագրող Լիդիա Պանկիվը կանգնած էր իշխանության եւ ընդդիմության արանքում՝ փորձելով պաշտպանել աղմկող ու քարեր նետող ցուցարաներին սաղավարտավոր ու վահանավոր ոստիկաններից: Կամ՝ հակառակը:
Անդրեյը, որը ոստիկաններից մեկն էր, առաջին անգամ չէ, որ տեսնում էր սիրուն, ինչ ուզում են ասեն՝ շատ սիրուն աղջկան, նույնիսկ կիեւյան թերթերից մեկում նրա հոդվածներն էր կարդացել: Լրագրողուհին ու հոդվածները նրան ակնհայտորեն դուր էին գալիս: Որովհետեւ Լիդիան բոլորովին նման չէր հեռուստատեսային այն մեկնաբաններին, որոնց դեմքի ամեն մի բջջից ծորում էր պատասխանատվությունը ժողովրդի ճակատագրի ու ազգային անվտանգության նկատմամբ, որոնց ձայնի խրոխտ ելեւէջներն անգամ վկայում էին, որ բազում անքուն գիշերներ են անցկացրել՝ ազգի մասին մտածելով: Ասում են՝ այդ անքուն գիշերները միշտ շատ լավ են վարձատրվում……Չեմ հավատում:
Մայդան: Անդրեյը հո չէ՞ր կորցնելու պահը, մանավանդ որ աղջիկը ցուցարարների «Յանուկ՝ գետ» վանկարկումների պատճառով ստիպված եղավ մի տասն անգամ կրկնել իր հեռախոսահամարը: Անդրեյը հիշեց թվերը: Զանգահարել չհամարձակվեց, ու քանի որ չհամարձակվեց, փոխարենը հաղորդագրություն ուղարկեց՝ ավելի քան համարձակ, առանց այլեւայլության՝ «Ես կանգնած էի սաղավարտով ու վահանով քո դիմաց, երբ դու հեռախոսդ էիր թելադրում: Դու մեզ՝ ոստիկաններիս, կանգնեցրիր ու ստիպված էինք հետ քաշվել: Ուզում եմ ամուսնանալ քեզ հետ»:

Ի՞նչ կանեիք, եթե նման հաղորդագրություն ստանայիք: Ապուշություն, երեխայություն, հանդգնություն: Լիդիան հետ զանգեց: Ու հանդիպեցին: Շիկահեր աղջիկն ակնհայտորեն նման չէր ուկրաինացի ժողովրդի բեռն ուսերին շալակած փողկապավոր հեռուսատմեկնաբաններին: Անդրեյը համակրելի ոստիկան էր, որին մի քանի անգամ հանդիպելուց հետո Լիդիան հասկացավ, որ Անդրեյը ոչ միայն համակրելի ոստիկան է, այլեւ… Ռուս էր՝ որպես Ուկրաինայի քաղաքացի, իհարկե, ուկրաինական պատասխանատվությունը շալակում էր, բայց, ծանր ու թեթեւ անելուց հետո զգաց, որ ոստիկանական հանդերձանքը շատ ավելի ծանր է, քան սիրահարվելու աներեւակայելի թեթեւությունը: Ահա այսպես՝ միջազգային հակամարտության պայմաններում եւ տեղական կոռուպցիայի դեմ պայքարի հողի վրա ծնվեց անսպասելի լրագրողաոստիկական սերը Մայդանում:

Էն օրը նստած էի Երեւանում չգիտեմ որտեղ՝ ցերեկն այդ այգուն Անգլիական ու Մանկական են ասում, գիշերը՝ Միասեռական… Ճիշտն ասած, իրիկնամուտ էր, լավ չէր երեւում… Ուկրաինայի մասին հոդվածն էի կարդում: Դա, երեւի գիտեք, ամենամեծ հաճույքներից մեկն է՝ վերընձյուղվող ծառերի ճյուղերի տակ, մթնոլորտը «Քենթով» ապականելով, այլ երկրի դարդերից հեռու այդ դարդերը քննարկելն է: Այս վերջին օրերին բոլորս դրանով ենք զբաղվում:

Ու ինչպես միշտ, մեկը կգա ու կփչացնի ամեն ինչ: Հետո էլ մեծ հավանականությամբ կսիրահարվես նրան: Արդյոք չե՞ք զգացել, որ մարդիկ հիմնականում ընդհանրությունների շնորհիվ են ըմբոշխնում մերձեցման գերագույն հաճույքը, բայց այդ գերագույն հաճույքը պետք է անպայման համեմված լինի հակասություններով…

Գիտեք, չէ՞, երբ ինձ տեսավ, Լիլիթն անմիջապես էլ սկսեց համեմել ինձ այդ չկողմնորոշված զբոսայգում, ինչի արդյունքում սեքսի ժամանակ էլ մինչեւ հիմա ինձ անվանում է՝ Սիրելի ակտիվիստ:

«Աբովյան փողոցում բուտիկները եւ սրճարանները հանել տվեցիք… Գնա տես՝ նոր սրճարաններ են գործում, երեւի այն մարդկանց սրճարանները, որոնք ձեզ օգտագործելով հանեցին հին սրճարանները: Մի հատ ձեն ծպտուն հանե»:
«Հասարակական տրանսպորտի գների բարձրացումը կանխեցիք, հիմա այլեւս Երեւանում երբեք նորմալ, եվրոպական տրանսպորտ չենք ունենալու: Շնորհակալություն, սիրելի ակտիվիստ»:

Էս Լիլիթս, որին երբեմն, առանձնապես Ուկրաինայի հարցով թեժ վեճերի ընթացքում, անհարկի անվանում եմ Հանրապետական Լիլիթ, ինձ, չգիտես ինչու, սիրում է: Իմ կարծիքով՝ անհարկի: Ես էլ իրեն՝ ճիշտն ասած, քաղաքացիական, օրենսդրորեն ոչինչ չպարտավորեցնող սիրով եմ սիրում:

Պարզապես անընդհատ մտածում եմ՝ Անդրեյը Եվպատորիայից է: Եթե հիմա Ղրիմը անջատվի……Համ ազգային է Լիդիայի եւ Անդրեյի հարցը, համ էլ իրենց որոշումը… Ազգային ինքնորոշում……

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

Հ. Գ. Մայդանի սիրո պատմությունը իրական է…

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31