Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գառնի. Նոր սիմֆոնիա արձագանք

Մարտ 11,2014 14:10

2011թ. բոլորս հպարտություն ապրեցինք, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանից ստացվեց «Գառնի» պատմամշակութային արգելոցը Մշակութային լանդշաֆտի պահպանության «Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակի արժանանացնելու լուրը: Սա մի մրցանակ է, որը տրվում է աշխարհի գեղատեսիլ մշակութային լանդշաֆտները պահպանելու եւ չձեւափոխելու, այն անխաթար սերունդներին հանձնելու համար: Այդ պատմական լանդշաֆտի անբաժանելի տարրերից էր նաեւ Գառնիի միջնադարյան կամուրջը, որի նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է իրականացվեր առավելագույն զգուշավորությամբ:

Հուշարձաններում միջամտությունների այս կամ այն տեսակն ընտրելը մասնագիտական խնդիր է՝ նորոգո՞ւմ, վերակառուցո՞ւմ թե՞ վերականգնում: Թե դրանցից ո՞րն էր իրականացվել Գառնիի միջնադարյան կամրջի դեպքում, այսօր արդեն փակված թեմա է: Սակայն, մասնագիտական հատուկ որակավորումներ պետք չեն հասկանալու համար, որ Գառնիի կամուրջն այլեւս չունի, այն՝ ինչին ժամանակակից զբոսաշրջիկը «գրավչություն/շարմ» է անվանում, իսկ մասնագետների շրջանում «մշակութային արժեքի ինդեքս» է կոչվում:

Կամրջի վերականգնմամբ «ամրապնդելով» Գառնիի գրավչությունը, հնավայրի կառավարումն իրականացնող ՊՈԱԿ-ն իր առջեւ հիմա էլ խնդիր է դրել խթանել գիշերային տուրիզմը Գառնիում եւ, այսպես կոչված «պիլոտային սրճարանի» տեղադրմամբ նորովի բարձրացնել Գառնու տաճարի գրավչությունը: Պիլոտային նախագիծ. ժամանակակից բառարաններում հետեւյալ բացատրությունն է՝ փորձարկում, որի արդյունավետությունը եւ արդյունքները ցույց է տալու ժամանակը: Փորձարկում մի տարածքում, որի պահպանության խստագույն ռեժիմի ապահովումը պատվիրակված է հենց փորձարկողներին: Իսկ թե ով ինչ է հասկանում գրավչություն ասելով, սա եւս խնդիր է եւ կրկին զգուշավորություն է պահանջում:

Ինչ խոսք, հասկանալի է, որ ժամանակակից աշխարհում գրավչություն ասելով չեն սահմանափակվում սոսկ հուշարձանների ճարտարապետությամբ կամ վայրի պատմական հիշողությամբ: Այդ գրավչության կազմում այսօր արդեն ներառված են ավանդական տոները, բնության ժառանգությունը, ավանդական տեղական հմտությունները, մշակութային միջոցառումների՝ ներկայացումների, փառատոների, բացօթյա ցուցահանդեսների կազմակերպումը հուշարձանների տարածքում եւ այլն: Եվ այդ գրավչությունն 1-ին հերթին պետք է ստեղծվի մշակութային շեշտադրումների միջոցով:
Միանշանակ է նաեւ այն, որ այցելուի պատշաճ հանգիստն ու ժամանցն ապահովելու համար անհրաժեշտ են ենթակառուցվածքներ: Ու թող նաեւ սրճարան լինի: Բայց, բնականաբար, որեւէ խոսք չի կարող լինել հնագիտական արգելոցի տարածքում այն կառուցելու մասին: Ապրող համայնքներում, որտեղ կա գյուղ եւ բնակչություն, այս հարցն արդեն ոչ թե մշակութային, այլ համայնքի զարգացման խնդիր է, ինչն ուղղակիորեն տեղավորվում է տարածքային կառավարման նախարարության լիազորությունների կազմում: Հեթանոսական տաճարի գոյությունը գյուղում պետք է դրվի Գառնի գյուղի սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարության առանցքում: Դեպքն օրինակելի կլիներ, եթե առեւտրային օբյեկտի տեղադրման նախաձեռնությամբ հանդես գար համայնքը, իսկ ՊՈԱԿ-ն իրականացներ անհրաժեշտ խորհրդատվություն՝ նպաստելով դրա տեղադրման վայրի ճիշտ ընտրությանը եւ նախագծի հաջողությանը, տրամադրելով, օրինակ, արգելոց այցելող զբոսաշրջիկների վերաբերյալ վիճակագրական տվյալներ՝ սեզոնային, քանակական կտրվածքներով եւ այլն: Ինչպիսի եկամտաբերություն էլ որ ակնկալվի ապագա սրճարանից՝ Գառնին ունի պատմամշակութային արգելոցի կարգավիճակ եւ այստեղ գործ ունենք ոչ թե մեկուսի պահպանվող մեկ հուշարձանի, այլ մի ամբողջ պատմական վայրի ու դրա գեղագիտական արժեքի հետ: Վայր, որը միջազգային մրցանակի (հավաստագիր եւ 15 հազար ԱՄՆ դոլար) դափնեկիր է եւ այն նվաճել է նաեւ Գառնի համայնքի հետ փոխհամաձայնեցված աշխատանքի շնորհիվ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքում 2011թ. մայիսի 5-ին տեղադրված հաղորդագրության մեջ բառացիորեն կարդում ենք հետեւյալը. «Հնավայրն արժանանում է այդ մրցանակին ձեռնարկված այն միջոցների համար, որոնք գործադրվել են մշակութային մնացորդների պահպանության, ինչպես նաեւ այն ջանքերի համար, որոնց նպատակը հնավայրի բացահայտումն է տեղացի եւ օտար այցելուների համար: Ժյուրին նաեւ ողջունել է այն փաստը, որ այդ աշխատանքն ընթացել է տեղական համայնքի հետ համաձայնությամբ` խրախուսելով սոցիալական եւ տնտեսական զարգացումը» (https://www. unesco.org/new/fr/media-services/single-view/news/ armenian_and_palestinian_ sites_share_2011_cultural_landscape_prize/#.Uxyh-PmSySo):

Ինչո՞ւ նահանջել այս վարկանիշից, որին, ի դեպ, Հայաստանի որեւէ այլ հնավայր դեռեւս չի արժանացել: Չէ՞ որ այն պահպանելը եւս պատվի խնդիր է: Ինչո՞ւ հնավայրի տարածքն աղավաղել հանուն ակնկալվող եկամուտների, եւ դա՝ այն պարագայում, երբ ոչ միայն Հուշարձանների պահպանության ՀՀ օրենքը, այլ նաեւ ժառանգության պահպանությանն ուղղված բազմաթիվ միջազգային համաձայնագրեր, որոնց Հայաստանի Հանրապետությունը անդամակցում է, թույլ չեն տալիս շինարարական գործունեություն իրականացնել արգելոցային տարածքներում:

Վերջաբանի փոխարեն

Եթե պայմանականորեն ընդունենք, որ ժառանգությունը մի ամրոց է, որը մենք ուզում ենք անառիկ պահել ամեն մի ոտնձգությունից, ապա մենք պետք է ունենանք.
Ա. Օրենսդրական շրջանակ՝ իրավունքներ եւ պարտավորություններ, որոնք լիազորում են մարդկանց ու կազմակերպություններին գործել: Հայաստանում այդ շրջանակը կայացած է ոչ միայն ազգային օրենքներով, այլ նաեւ ժառանգության պահպանությանը վերաբերող գրեթե բոլոր միջազգային պարտավորությունների ստանձնմամբ:
Բ. Ինստիտուցիոնալ կառուցվածք՝ կազմակերպական եւ մեթոդական համակարգի հաստատում, որի շրջանակում գործի է դրվում օրենսդրությունը: Հայաստանում այդ կառուցվածքը ձեւախեղվել է այն աստիճան, որ օրենսդրությունը դարձել է ավելորդ, քանի որ առաջնային են դարձել գիտամեթոդական խորհուրդների նիստերում ընդունված որոշումները:
Գ. Ռեսուրսներ՝ մարդկային, ֆինանսական եւ մտավոր ներդրումներ, որոնց միջոցով գործի են դրվում օրենսդրական շրջանակում նախատեսված եւ ինստիտուցիոնալ կառուցվածքով հաստատված գործառույթների համակարգը եւ սահմանված ընթացակարգերը: Եթե ժառանգության բնագավառն ունի ֆինանսական դժվարություններ, ապա փառք Աստծո, որ դեռ կան մտավոր ու մարդկային ռեսուրսներ՝ ի դեմս մեր շատ մտավորականների, Գառնիի գյուղապետի ու համայնքի բնակիչների, ովքեր մեր ժառանգությանը տեր են կանգնում ոչ միայն ավանդույթի ուժով, այլ նաեւ օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում:

Այս օրերին Գառնիում ընթացող դեպքերն ընդգծեցին, թե որքան կարեւոր դերակատարություն ունեն համայնքները հուշարձանների պահպանության գործում ու մեկ անգամ եւս փաստեցին ժառանգության վայրերի կառավարիչների բազային մշակութային գիտելիքներ ունենալու անհրաժեշտությունը:

ՀԱՍՄԻԿ ԱԶԻԶՅԱՆ

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան»
կազմակերպության
գլխավոր քարտուղար

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31