Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լիբանանցի դարբուկահարը երաժշտական «խառնաշփոթ» կստեղծի օպերային թատրոնում

Մարտ 11,2014 14:05

Հաճախ չէ, որ մեր երկիր են այցելում հարվածային գործիքներ ներկայացնող վարպետ կատարողներ: Երեւանում է լիբանանցի աշխարհահռչակ դարբուկահար, կոմպոզիտոր Ռոնի Բարրաքը: Երաժիշտը աշխարհում ամենաճանաչված դարբուկահարներից է, ով որպես մենակատար հանդես է եկել այնպիսի հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսիք են Լոնդոնի ֆիլհարմոնիկ, Ստոկհոլմի թագավորական ֆիլհարմոնիկ, Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբերը: Հանդիսանալով երաժշտական տարբեր ուղղությունները բարձրարվեստ համադրող Բարրաքը համագործակցել է Ռիչարդ Գալիանոյի, Վանեսսա Մեյի, Սարա Բրայթմանի, Ֆեյրուզի եւ այլ աստղերի հետ: 2010թ. դարբուկահարը հանդես է եկել Արցախում՝ Արա Գեւորգյանի կազմակերպած համերգում, մեկ-երկու ստեղծագործություններով՝ Վահագն Հայրապետյանի «Կատուների» հետ:

Մարտի 12-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Նվագախումբ+» նախագծի շրջանակներում (հեղինակ՝ Շմավոն Գրիգորյան) Ռոնի Բարրաքը առաջին անգամ հանդես կգա մեծ ծրագրով՝ օպերային թատրոնի նվագախմբի եւ հրավիրված երաժիշտներ՝ ջազ դաշնակահար Վահագն Հայրապետյանի, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի, կիթառահար Վահան Արծրունու եւ թառահար Միքայել Ոսկանյանի ընկերակցությամբ: Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը:
«Առավոտի» հետ զրույցում Ռոնի Բարրաքն ասաց, որ կայանալիք համերգին առաջին անգամ կներկայացնի իր «Հայկական գեղեցկություն» ստեղծագործությունը: Մեր զրուցակցի խոսքերով՝ այդ կոմպոզիցիայում «լսելի» են հայերի ներքին ու արտաքին գեղեցկությունը, ինչպես նաեւ ցեղասպանություն տեսած ժողովրդի հուզական ապրումները: Երաժիշտը նշեց, որ իր վերջին ալբոմում սեփական ստեղծագործություններում, հատկապես ջազային կոմպոզիցիաներում առաջին անգամ ներգրավված է դուդուկը:

«Լիբանանը մեծ հայկական համայնք ունի, փոքրուց ունեցել եմ հայազգի ընկերներ: Համերգային հյուրախաղերիս ընթացքում էլ շատ եմ հանդիպել հայ տաղանդավոր երաժիշտների: Ընդհանրապես հայկական մշակույթն ինձ շատ սրտամոտ է: Իսկապես գանձեր ունեք, սկսած ձեր ժողովրդական արվեստից, Կոմիտասից, մինչեւ Խաչատրյան ու ժամանակակից ստեղծագործողներ: Եվ ընդհանրապես՝ ձեր եւ իմ ժողովրդի ստեղծած արվեստը աղերսներ ունեն միմյանց հետ»,- ասաց Բարրաքը:
Հետաքրքրությանը, թե ո՞վ է իր երեւանյան առաջին մեծ ծրագրով համերգի նախաձեռնողը, երաժիշտը նախ հայտնեց, որ դեռեւս 2000-ականներից ճանաչում է Կարեն Դուրգարյանին, ով քանիցս հրավիրվել է ղեկավարելու արաբական աշխարհի հայտնի երգչուհի Ֆեյրուզի մենահամերգները, հետո էլ հավելեց. «Ձեր օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը ինձ մշտապես հանդիպել է նվագախմբի կազմում՝ որպես դարբուկահարի: Միայն վերջին տարիներին սեփական ստեղծագործություններս ինտերնետի միջոցով լսելի եմ դարձրել նրան եւ հիմա շնորհակալ եմ, որ ճանաչված այլ նվագախմբերի հետ կայացած համերգներիս թիվը կհամալրվի եւս մեկով՝ հանձին օպերային թատրոնի նվագախմբի: Բնականաբար, հրավերս եղավ հենց Դուրգարյանից»:
Հարցին՝ իբրեւ կոմպոզիտոր ունի՞ մեծածավալ ստեղծագործություններ, Բարրաքը պատասխանեց. «Ունեմ նաեւ դասական երկեր, ստեղծագործում եմ ֆիլմերի համար եւս: Օպերային արվեստ շատ եմ սիրում, բայց չեմ կարծում, թե դա երաժշտարվեստի այն ճյուղն է, որտեղ պետք է մուտք գործեմ: Իսկ բալետարվեստ կուզեի «ներխուժել», որովհետեւ գործեր ունեմ, որոնք իմ կարծիքով՝ կարող են դառնալ բալետային ներկայացում: Իսկ ընդհանրապես, հիմնականում ստեղծագործություններս ինքս անվանում եմ խառնաշփոթ, քանի որ դրանցում ներկայացնում եմ երաժշտության տարբեր ոճեր ու ուղղություններ: Ինչ խոսք, լիբանանյան երաժշտությունը «թագավորում» է, որոշ երկերում էլ օգտագործել եմ հայկական երաժշտությանը բնորոշ երաժշտական դարձվածքներ»:
Հետաքրքրությանը, թե դժվար չէ՞ ստեղծագործել վերջին շրջանում լիբանանյան անկայուն քաղաքական իրավիճակում, Ռոնի Բարրաքը ասաց. «Շատ ձեռքեր կան, որոնք ուզում են խորտակել իմ երկիրը, բայց դա չի հաջողվում նրանց… Անկասկած՝ բարդ է, եթե չասեմ՝ անհնար: Մյուս կողմից էլ, աշխատանքի բերումով շատ եմ շրջագայում, գուցե նաեւ դա է նպաստում իբրեւ կոմպոզիտոր իմ ստեղծագործական վերելքին…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31