Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաքին միջավայրից ներգրավվող ֆինանսական միջոցները շարունակում են ավելանալ՝ համալրելով Հայաստանի արտաքին պարտքի բեռը. «Հայոց աշխարհ»

Մարտ 11,2014 12:25

Այն բանից հետո, երբ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամագրվելու գործընթաց սկսելու մասին, ենթադրվում էր, որ դա կազդի միջազգային ֆինանսական կառույցներից վարկային միջոցների ներգրավման վրա։ Սպասվում էր, որ նրանք կսահմանափակեն իրենց վարկային ծրագրերը։ Սակայն այդ երեւույթը գոնե առայժմ նկատելի չէ։ Ընդհակառակը, արտաքին միջավայրից ներգրավվող ֆինանսական միջոցները շարունակում են ավելանալ՝ համալրելով Հայաստանի արտաքին պարտքի բեռը։

Անցած տարվա ընթացքում կառավարությունը 251 մլն դոլարով մեծացրել է սեփական պարտքը։ Եվս 30 մլն դոլարի նոր պարտավորություններ են ձեւավորվել տարեսկզբի երկու ամիսների ընթացքում։

Ինչպես անցած, այնպես էլ այս տարվա սկզբին միջազգային կառույցներից ներգրաված հավելյալ պարտավորությունները ծանրացել են գերազանցապես կառավարության վրա, ինչն էլ մեծացնում է ճնշումը պետական բյուջեի նկատմամբ։

Մինչ Կենտրոնական բանկի պարտքը նվազում է, կառավարությանը ավելանում է։ Մասնավորապես անցած տարի ԿԲ պարտավորությունները 14,5 տոկոսով պակասեցին։ Փոխարենը, կառավարության պարտքը ավելացավ եւս 8 տոկոսով։

Այդպիսով կառավարության պարտավորությունները շատ ավելի արագ են աճում, քան պետությանը։ Մինչ կառավարության պարտքն անցած տարի համալրվել է 251 մլն դոլարով, արտաքին պարտքը ավելացել է 164 միլիոնով։ Մի բան, որ պայմանավորված է Կենտրոնական բանկի պարտավորությունների նվազումով։ Նախորդ տարի դրանք պակասել են շուրջ 86 մլն դոլարով։

Այսօր կառավարության պարտքը գրեթե 1,5 անգամ գերազանցում է պետական բյուջեի եկամուտները։

Այս տարվա մարտին Հայաստանի պետական պարտքը գերազանցեց 4,6 մլրդ դոլարը։ Դրա գերակշռող մասը կառավարության պարտավորություններն են, որոնք գոյացել են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին փոխառու միջոցների ներգրավման հետեւանքով։ Մարտի դրությամբ կառավարությունը միջազգային կազմակերպություններին եւ ներքին շուկային պարտք է ավելի քան 4,1 մլրդ դոլար։

Թեեւ վերջին տարիներին ակտիվություն է նկատվում ներքին շուկայից ներգրավվող միջոցների առումով, այնուհանդերձ կառավարության պարտավորությունները հիմնականում արտաքին վարկառուների նկատմամբ են. դրանք հասնում են 3 մլրդ 425 մլն դոլարի։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31