Լրահոս
Օրվա լրահոսը

Գրագետ գրելու ժամանակ չունենք. շտապում ենք. «168 ժամ»

Մարտ 11,2014 12:06

Ծննդյան օրվա շնորհավորանքներում, որպես կանոն, հանդիպում է նույն սխալը՝ «Շնորհավոր ծնունդտ»։ Ճիշտը՝ «Շնորհավոր ծնունդդ»։ Դ-ն դիմորոշ հոդ է։ Ծնունդդ, այսինքն՝ քո ծնունդը, գիրքդ՝ քո գիրքը։

Ավիրել։ Սա չափազանց տարածված սխալ է։ Բառի արմատն է՝ ավեր, որը հնչյունափոխության չի ենթարկվում, ավեր, ավերակ, ավերածություն, ավերել։

Շատ է հանդիպում «Ցանկանում եմ կիսել ուրախությունս» արտահայտությունը։ Եթե ուրախությունը կիսեք, այն «կպակասի», կկիսվի։ Ուրախությունը կրկնապատկում են, իսկ կիսում են վիշտը։

Նախադասություններում երբեմն անհարկի օգտագործում ենք դա ցուցականը։ Սա արդեն ռուսերենի ազդեցության հետևանք է՝ «искусство-это»։ Մեր գրական հայերենում այդ արտահայտությունը խստագույնս մերժելի է, որովհետև ստացվում է կրկնակի ենթակա՝ մեկ նախադասության մեջ. «Երաժշտությունը՝ դա արվեստի այն ճյուղն է, որը…»։ Ճիշտն այն է, որ դա-ն չլինի։

Բարձր հիմքերի վրա։ «Կողմերն անում են հնարավորը հարաբերություններն ավելի բարձր հիմքերի վրա դնելու համար…»։ Հայտնի է, որ հիմքն առարկայի ստորին մասն է։ Օրինակ՝ շենքի հիմքը բարձր ոչ մի կերպ չի կարող լինել, այն կարող է և պետք է լինի խոր։ Իսկ ճիշտ ձևն է՝ «Կողմերն անում են հնարավորը՝ հարաբերությունները բարձր մակարդակի հասցնելու համար»։ «Հիմքի» փոխարեն ճիշտ է ասել «մակարդակ»։

Զերո։ Հավանաբար, անգլերենի zero-ի ազդեցությունն է։ Հայերենում ոչ թե զերո է, այլ զրո։ Զրո, զրոյական, զրոյացնել…

Բանը նրանում է, որ… Այս կառուցվածքը, դարձյալ ռուսերենի ազդեցությամբ, սխալմամբ գործածվում է՝ «բանը նրանում է, որ…»,  «բանը կայանում է նրանում, որ…»։ Նախ՝ այսպիսի արտահայտությունները շատ անորոշ են, ոչինչ չասող, ուստի և ավելորդ։ Ի՞նչ է «բանը»։ Իսկ «նրանումն է», «Կայանում է նրանում»-ը մի՞թե ցույց են տալիս առարկայի («բանի») տեղը։ Իհարկե, ոչ։ Ուրեմն՝ ոչ թե «բանը նրանումն է», «կայանում է նրանում», այլ խնդիրն այն է, հարցն այն է, ծայրահեղ դեպքում՝ բանն այն է։

Մեղանչել։ Այս բայի արմատն է մեղ, որը գործածվում է մեղավոր, մեղք, անմեղ, մեղսագործ, մեղսունակ և այլ բառերում։ Մեղանչել բայը, որ գալիս է գրաբարից, նշանակել է մեղք գործել։ Այսուհանդերձ, շատ ենք լսում և կարդում այսպիսի նախադասություններ՝ «Դու քո արածի համար կմեղանչես», «Այնպես արա, որ չմեղանչես կատարածիդ համար», «Չե՞ս մեղանչում թույլ տված սխալիդ համար», և այլն։ Այս նախադասություններում մեղանչել բառը գործածվում է զղջալ իմաստով, որը սխալ է։

Կանացի երջանկություն։ Արևելահայ գրական հայերենում կանացի և կանանց բառաձևերն ունեն տարբեր իմաստներ։ Մարտի 8-ին շատերիս մաղթեցին «կանացի» երջանկություն։ Կանացի բառն ածական է, որ նշանակում է նուրբ, քնքուշ և այլն։ Մինչդեռ կանանց-ը կանայք գոյականի սեռական հոլովաձևն է, որ նշանակում է կնոջը վերաբերող կամ պատկանող։ Այսուհանդերձ, ամենուր կարդում ենք, օրինակ, «կանացի կոշիկ», «կանացի հարդարանք», «կանացի գուլպա», «կանացի հագուստ»… Սրանք, սխալ կիրառություններ լինելով, միանգամայն մերժելի են։ «Կանացի» բառի սխալ կիրառություն է նաև «կանացի վարսավիրանոց» արտահայտությունը։ Ճիշտը «կանանց վարսավիրանոցն» է։

Ինչո՞ւ համար։ Ինչու-ն հարցական դերանուն է/նաև՝ հարաբերական, որ գործածվում է պատճառի պարագայի դերով՝ «Ինչո՞ւ/ի՞նչ պատճառով/դասի չես գալիս»/«Որովհետև հիվանդ եմ»/… Ինչու-ն չի հոլովվում, հետևաբար չի կարող ընդունել համար կապը։ Սակայն այնքան ընտելացել ենք «ինչո՞ւ»–ի փոխարեն «ինչո՞ւ համար» խիստ սխալ ձևին։ Միանգամայն սխալ է։ Ճիշտն է «ինչո՞ւ»։

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31