Հատված ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցազրույցից:
– Դուք համարում եք, որ իշխանությունն անխոցելի է ու անթերի՞։
– Բնավ։ Որևէ իշխանություն որևէ երկրում անթերի ու անխոցելի չի եղել ու չի էլ կարող լինել, ուր մնաց Հայաստանում, որտեղ այսքան պրոբլեմներ կան։ Իշխանությունն ամեն օր ու ամեն պահի գործ ունի որոշակի խնդիրների լուծման անհրաժեշտության հետ, որտեղ հաջողություններն ու անհաջողությունները բազում հանգամանքներ են պայմանավորում։ Այսօր արվում է հնարավորը եղած պայմաններում, եղած ռեսուրսներով ու ֆինանսներով։ Իհարկե, կա նաև արդյունավետ կառավարման խնդիր, որ ունեն անգամ ամենահին ու կայացած ժողովրդավարությունները։ Հայաստանում շարունակվում են բարեփոխումները, շարունակվում է կառավարման համակարգի արդյունավետ ձևերի որոնումը, և չտեսնել այդ գործընթացները կամ անխնա քննադատել, նվազագույնը ազնիվ չէ։
– Մաքսային միությանն անդամակցելու որոշումը և՞ս այդ նպատակն ուներ։
Կարդացեք նաև
– Մաքսային միությանն անդամակցելու որոշման հիմքում անվտանգության խնդիրներն էին, նոր միայն տնտեսական։ Արդեն մեծ աշխատանք է կատարված, և հաստատված ժամանակացույցով մայիսին Հայաստանը կարող է ստորագրել Մաքսային միությանն անդամակցելու համաձայնագիրը, որը, հակառակ բոլոր հոռետեսների ու պայծառատեսների, նոր հեռանկարներ է բացելու մեր տնտեսության զարգացման ու ներդրումների համար։ Այո, որոշակի ապրանքատեսակների թանկացումներ հնարավոր են, բայց հաստատ է ու ռեալ նաև որոշակի ապրանքատեսակների էժանացումը։ Հիմա մոդա է դարձել Մաքսային միությունը պախարակելը, բայց պախարակողներից որևէ մեկը հաշվարկե՞լ է ու կարո՞ղ է ասել, թե ինչքան ու ինչ թանկացումներ էին լինելու Հայաստանի եվրաասոցացման արդյունքում։ Չէ՞ որ այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան դրախտ է միայն դրսից, իսկ ներսից բարձր կենսամակարդակը պահանջում է ապրանքների ու ծառայությունների գների բարձրացում։ Իսկ մենք կձգեի՞նք այդքանին։ Կլինեի՞ն այդքան ներդրումներ և ինչի՞ դիմաց։
– Ռուսաստանի քաղաքական մեկուսացումը վտանգի տակ չի՞ դնում Մաքսային միությունը։
– Ի՞նչ է նշանակում Ռուսաստանի քաղաքական մեկուսացում։ ՌԴ-ն շարունակում է մնալ միջազգային կառույցների անդամ՝ պահպանելով իր բոլոր իրավունքներն ու պարտականությունները։ Սառը պատերազմի ժամանակներն անցել են, 21-րդ դարն է, ժամանակակից տեխնոլոգիաների ու փոխներթափանցված շահերի պարագայում «երկաթե վարագույր» ոչ ոք չի կարող կախել իր սահմանի ո՛չ ներսից, ոչ դրսից։ Եթե նկատի ունեք պատժամիջոցների կիրառումը, դեռ հարց է՝ այդ պատժամիջոցները կկիրառվե՞ն, թե՞ ոչ. սա՝ մեկ, և երկրորդ՝ այդ պատժամիջոցներից ո՞վ ավելի կտուժի՝ սահմանո՞ղը, թե՞ նա, ում նկատմամբ սահմանել են։ Այդ հարցում, եթե նկատել եք. ԱՄՆ-ը և Եվրոպան տարբեր դիրքորոշումներ ունեն։ Հին աշխարհը, որ ավելի սերտ է ինտեգրված Ռուսաստանի տնտեսության հետ, չի կարող ոչ հանուն Ուկրաինայի, ո՛չ հանուն որևէ այլ երկրի վտանգել իր էկոնոմիկայի գործունեությունը։
Զրույցը վարեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում