Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները վստահեցի՞ն ՀԵՀ-ին, որ չեկան

Մարտ 11,2014 11:30

«Մենք ինչ էլ ձեզ համար անենք, միևնույն է, քիչ է: Դուք ավելիին եք արժանի»,-այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում ՀԵՀ-ի կողմից հայտարարված կրթաթոշակի մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև նա շեշտեց. «Կառավարության կարևորագույնն խնդիրներից է, որ դուք ձեզ երջանիկ զգաք մեր հայրենիքում և ձեր ապագան կապեք մեր հայրենիքի հետ»:

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ծրագիրը շարունակական է լինելու, քանի որ այն «ուսանողական ինքնակառավարման լավ ձև է. ինքներդ չափանիշներ եք սահմանում, ընտրում ում տաք, ինքներդ վերահսկում եք, տեսնում եք, թե գումարները ում են հասնելու»:

Հիշենենք, որ ՀՀ կառավարությունը կրթաթոշակի մրցույթի համար հատկացրել է 60 միլիոն դրամ: Այս տարի կրթաթոշակի արժանացան 780 ուսանողներ, իսկ դիմում-հայտ էր ներկայացրել շուրջ 1500 առաջին կուրսեցի:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նկատեց. «Չնայած կան որոշ մարդիկ, ովքեր փնտրում են սև ու մութ կետեր այս մրցույթում, սակայն պետք է ասեմ, որ սև ու մութ կետեր չկան, և իզուր ժամանակ ու էներգիա թող չծախսեն։ Նախորդ 3 տարիներին մենք այս ծրագրի շրջանակներում արդեն 2150 ուսանողի ֆինանսավորել ենք, ևս 780-ն այսօր ստացան կրթաթոշակի հավաստագրեր։ Ծրագրի շարունակականությունն ապացուցում է, որ ուսանողներն ու կառավարությունը մեզ վստահում են, և մենք կարողանում ենք համապատասխան գումարը ճիշտ հասցեատիրոջը հասցնել»։

Նա վստահեցրեց, որ կրթաթոշակ ստանալու չափորոշիչները շատ հստակ են. բոլոր անապահով, ծնողազուրկ և գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, ստանում են ուսման վարձի փոխհատուցում:

Նշենք, որ կրթաթոշակների հանձնման արարողությանը հրավիրվել էին ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն նրանք չէին ներկայացել:

DSC_3804

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց. «Այն գերազանց առաջադիմությամբ ուսանողները, ովքեր ի վիճակի չեն ուսման վարձ վճարել, պետք է դուրս չմնան համակարգից: Իսկ կրթաթոշակների այս մրցույթը դրա լավագույն հնարավորությունն է»:

Aravot.am-ը զրուցեց նաև կրթաթոշակի արժանացած ուսանողների հետ: 1-ին կուրսեցի Տիգրան Սարգսյանը նշեց. «Հնարավորություն կունենանք ինչ-որ կերպով վարձը վճարել: Ինձ համար սա շատ մեծ օգնություն է: Հպարտ եմ նաև, որ կրթաթոշակը հենց վարչապետն ինձ հանձնեց, որ իմ անունն էլ էր Տիգրան Սարգսյան, ինքն էլ ասաց, որ շուտով վարչապետ եմ դառնալու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31