Երեւանի կրկեսի շենքը պայթեցնելուց շուրջ մեկուկես տարի անց էլ դրա փոխարեն, ըստ էության, մի մեծ փոս է։
Նախապես հայտարարվում էր շինությունը վերանորոգելու մասին։ Հետո ասվեց, որ դա հնարավոր չէ, եւ կրկեսի շենքը պետք է հիմնովին քանդել՝ փոխարենը նորը կառուցելու նպատակով։ Սկզբում սահմանված վերջնաժամկետը 2014 թվականն էր, այնուհետեւ այն երկարաձգվեց մեկ տարով։ Նախկին կրկեսի տարածքում, որն այսօր շինարարական մի մեծ հրապարակ է, ավարտվել են հողային աշխատանքները, եւ շինության հիմքն է գցվում։ «Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ավելի լավ է նոր կրկես կառուցվի, քան հինը վերանորոգվի, որովհետեւ ներդրումները եւ ստացված էֆեկտը իրար չէին համապատասխանի»,- երեկ ասաց շինարարության պատվիրատու «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Գասպարյանը։ Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կրկեսի սեփականատեր «Տաշիր գրուպը» պարտավորվել էր ներդնել 650 մլն դրամ։ Հովհաննես Գասպարյանը նշեց, որ դա ընդամենը պայմանագրային արժեքն է, իսկ իրականում կատարելիք ծախսերը շատ ավելի մեծ են լինելու։ Բայց սեփականատերը դրանից չի տրտնջում։ «Արվում է հայրենիքի համար, սեփականատերը շատ հայրենասեր է եւ ինչ վերաբերում է հայրենիքին, հայ ժողովրդին եւ երեխաներին, ինքն այդ ծախսերն անելու մեջ վատ բան չի տեսնում»,- պարզաբանեց «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրենը։
Կառուցվելիք շենքը կունենա հինգ հարկ։ Բացի այդ, երկու հարկ կլինի ստորգետնյա ավտոկայանատեղի։ Գասպարյանը հրաժարվեց նշել, թե այդ հարկերից յուրաքանչյուրում ինչ է տեղակայվելու։ Պատճառաբանեց, որ ընթացքում հնարավոր են փոփոխություններ։ Հետաքրքրվեցինք՝ մի՞թե նախապես հայտնի չէ՝ ինչ են կառուցում եւ ինչ են ստանալու։ «Կառուցում ենք կրկես։ Բազմաֆունկցիոնալ, այսօրվա միջազգային չափանիշներին համարժեք կրկես կունենանք։ Նախագծով ներքին պլանավորումը կա, բայց դա փոփոխման ենթակա կլինի։ Ներքին հարդարման ժամանակ անպայման փոփոխություններ կլինեն, դրա համար ես չեմ շեշտում, որտեղ ինչ է լինելու, որպեսզի խոսակցությունների առիթ հետո չդառնա»,- ասաց նա։
Այդուհանդերձ չբացառեց, որ կրկեսի շենքում հյուրանոցային համարներ կլինեն. «Ներսում կարող է համարներ լինեն հյուրախաղերի եկածների համար։ Ես չեմ ուզում որեւէ թիվ, որեւէ քառակուսի ասել։ էլի եմ նշում՝ կարող է հյուրանոցային համարներ լինեն։ Դա կհաշվարկի սեփականատերը՝ տնտեսապես շահավետ կլինի՞, թե չի լինի»։
Իսկ ի՞նչ շահավետության մասին է խոսքը, եթե կրկեսը կառուցվում է հանուն հայրենիքի ու ժողովրդի։ «Երեւանյան կրկես» ՍՊԸ-ի տնօրենն ի պատասխան մանրամասնեց, որ հնարավոր է այդ տարածքները ծառայեն այլ նպատակի։ Այդպիսով, ըստ նրա, կրկեսի կառուցվող շենքում կլինեն զվարճանքի տարբեր կենտրոններ, նաեւ սննդի օբյեկտ։ «Եթե կրկես է, կրկեսի տարածքում կոմերցիոն զոնա պետք է լինի, սննդի զոնա պետք է լինի։ Ո՞նց եք պատկերացնում կրկեսն առանց սննդի զոնա»,- իր հերթին հարցրեց նա։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում