Ղրիմի և Ղարաբաղի համեմատությունը կարծես թե դարձել է հայաստանյան հասարակության զբաղմունքներից մեկը, ըստ որում` այդ զբաղմունքին, ինչպես նաև այդ ճանապարհով էլ Ռուսաստանի ագրեսիայի հանդեպ իրենց հիացմունքը արտահայտելուն որոշներն այնպես են նվիրվել, որ պատրաստ են նույնիսկ համեմատություններ անել Ղարաբաղը ազատագրելու և Ղրիմում Ռուսաստանի գործողությունների միջև:
Բանը հասել է նրան, որ Հայաստանում կարող են նույնիսկ արտահայտություններ հնչել, թե ինչպես Հայաստանն է Ղարաբաղը ազատագրել քսան տարի առաջ, այնպես էլ այսօր Ռուսաստանն է Ղրիմը ազատագրում: Առավել վտանգավոր, առավել անհեթեթ, առավել անհեռանկար համեմատություն երևի թե դժվար է անել, դժվար է պատկերացնել անգամ: Եվ եթե նման անհեթեթությունների և անհեռանկար ու վտանգավոր համեմատությունների ճանապարհը չփակվի մեկընդմիշտ, ապա կարող ենք հաստատապես պնդել, որ շատ շուտով Հայաստանին կսպառնան բավական տխուր հեռանկարներ այս կապակցությամբ, երբ որ ադրբեջանա-թուրքական լոբբին կսկսի մեր իսկ որոշ հայրենակիցների երևակայության անառողջ արգասիքն օգտագործել մեր իսկ դեմ:
Ի՞նչ է կատարվում այսօր Ղրիմում: Միջազգային բոլոր իրավունքները ոտնահարելով, ոտնահարելով Ուկրաինայի անկախությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունը` Ռուսաստանն ագրեսիա է իրականացնում Ղրիմի հանդեպ և այնտեղ լարվածություն հրահրում: Եվ այս գործողությունը դատապարտում են Ատլանտյան օվկիանոսի արևմտյան ափից մինչև Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափ, այսինքն` մինչև Չինաստան:
Եվ ահա գտնվում են հայաստանցիներ, որ միջազգային հանրության դատապարտմանն արժանացած Ռուսաստանի գործողությունները համեմատում են ղարաբաղյան հակամարտության հայկական գործողությունների հետ: Այսինքն` մեր որոշ հայրենակիցներ ինչ-որ պոռթկման ներքո Հայաստանին են վերագրում նաև այն, ինչի համար այսօր աշխարհը Ռուսաստանին է դատապարտում: Նմանատիպ համեմատություններով ավելի մեծ նվեր թուրք-ադրբեջանական լոբբիին ուղղակի դժվար է պատկերացնելն անգամ:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում