Ուկրաինական գործընթացն ընդհանուր առմամբ օգտակար չէ Հայաստանի համար, եւ որքան լարումը շարունակվի, այնքան ավելի խնդրահարույց կլինի նաեւ Հայաստանի վիճակը։ Այս կարծիքին է ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը։ «Այն, որ մեր հիմնական գործընկերներ Արեւմուտքը, Միացյալ Նահանգները, մեր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանն այսօր ունեն լարված հարաբերություններ, չի բխում Հայաստանի շահերից, եւ հենց սրանով է պայմանավորված այն, որ Հայաստանն այսօր չի կարող շատ հստակ դիրքորոշում հայտնել, պաշտպանելով այս կամ այն կողմին։ Սա հիմնական մարտահրավերն է, եւ Հայաստանն այս իրավիճակից չի կարող օգուտներ քաղել»,- ասաց նա երեկ, պատասխանելով «Հրապարակի» հարցերին։
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ դարաբաղյան խնդիրը հիշեցնող Ղրիմի Ինքնավար Հանրապետության կոնֆլիկտի հանգուցալուծումը մեզ համար շահեկան լինի, ԱԳՆ նախկին խոսնակը պատասխանեց, որ համեմատություններն այս երկու կոնֆլիկտների միջեւ արհեստական է համարում. «Ես այդ համեմատություններն արհեստական եմ համարում։ Լրիվ տարբեր են։ Այնտեղ Սովետմիություն էր, կար Սահմանադրություն, որը նախատեսում էր համապատասխան գործողություններ։ Ղրիմում վիճակն այլ է։ Եթե Հայաստանը, պաշտոնական Երեւանը պետք է օգուտներ քաղեր միջազգային տարբեր զարգացումներից, ապա Կոսովոյի ինքնորոշման սկզբունքն այդ հնարավորությունն ընձեռել էր։ Եթե այն ժամանակ ոչ մի բան չի արել պաշտոնական Երեւանը, չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է օգտվի հիմա»:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում