Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակական կազմակերպությունների մասին նոր հայեցակարգ է մշակվում

Մարտ 11,2014 10:14

Երեկ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստում քննարկվեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի օրինագիծը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Օրենսդրական փոփոխությունը երկու նպատակ ունի՝ նախ թույլ տալ, որ ՀԿ-ները իրենց անվան մեջ օգտագործեն «միություն» բառը, ինչը ներկայումս գործող օրենքով թույլատրված չէ, եւ ապա կազմակերպության հերթական ժողով գումարելու պարտադիր ժամկետը 2 տարուց դարձնել 4 տարի:

Նկատենք, որ օրինագծի սկզբնական տարբերակում, որը քննարկվել էր ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովում, նախատեսվում էր «միություն» բառի օգտագործումը արտոնել միայն 50 եւ ավելի տարվա պատմություն ունեցող ստեղծագործական միություններին: Սակայն հանձնաժողովում քննարկումների ընթացքում եկան այն եզրակացության, որ կարելի է բոլոր ՀԿ-ներին թույլ տալ օգտագործել այդ բառը:

Շնորհակալություն հայտնելով Արտակ Դավթյանին՝ հանձնաժողովի անդամների առաջարկներն ընդունելու համար՝ Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը այդուհանդերձ որոշեց կրկին անգամ համոզվել, որ հանձնաժողովի նիստից հետո Արտակ Դավթյանը չի փոխել մտադրությունը եւ օրինագծում չեն առանձնացնում ստեղծագործական միություններին, այլ կարող են լինել ուրիշ միություններ. «Կարող է լինել «Ֆուտբոլասերների միություն» ՀԿ, «Խաշ ուտողների միություն» ՀԿ, «Գրողների միություն» ՀԿ… Հիսուն տարի առաջ, երբ այդ ստեղծագործական միությունները ստեղծվում էին, դիզայն բառը չունեինք, կար Նկարիչների միությունը, սակայն ութսունականներին ստեղծված դիզայներների միությունից բարձր չի էլի նկարիչների ստատուսը»:

Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, ով ներկայացնում էր օրինագիծը, փարատեց Ալ. Արզումանյանի մտահոգությունը՝ նշելով, որ «ստեղծագործական միություն» բառը օրենսդրության մեջ չկա, հետեւաբար չեն կարող հատուկ կարգավիճակ տալ նրանց:

Իր ելույթում արդարադատության նախարար Հրայր Թովմայանը շեշտեց, որ «միություն» բառը անվանման մեջ օգտագործելով անպայման պետք է նշվի «հասարակական կազմակերպություն» արտահայտությունը, օրինակ՝ «Գրողների միություն» ՀԿ, «Շինարարների միություն» ՀԿ եւ այլն: Նա նաեւ տեղեկացրեց, որ արդարադատության նախարարությունը պատրաստում է հասարակական կազմակերպությունների կարգավիճակի վերաբերյալ օրենսդրական նոր փաթեթ, նոր հայեցակարգ: «Մենք այսօր ունենք քաղաքացիական հասարակության որոշակի աստիճան՝ շնորհիվ հենց մեր ակտիվ հասարակական կազմակերպությունների, բայց դրանց կողքին կան նաեւ ՀԿ-ներ, որոնց մասին բացի իրենց հիմնադրից ոչ ոք չգիտի, թերեւս նաեւ՝ ես, որովհետեւ ի պաշտոնե պարտավոր եմ իմանալ (ՀԿ-ները գրանցվում են արդարադատության նախարարությունում-հեղ.)»,-տեղեկացրեց նախարարը, սակայն կարողացավ զսպել գայթակղությունը եւ պատգամավորներին առայժմ չներկայացնել հայեցակարգի ողջ բովանդակությունը:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31