Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Զոյա Զաքինյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Մարտ 10,2014 21:18

2013թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մարտի 10-ի դատական նիստում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը եւ Վաղինակ Գեւորգյանը դատավոր Զոյա Զաքինյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին: Միջնորդության մեջ պաշտպանները նշել են, որ դատավորը իրենց համար չի ապահովում պատշաճ աշխատանքային մթնոլորտ, դատական նիստերի ընթացքում կարգուկանոն չկա, դատավորը կարգի չի հրավիրում նիստերը խանգարողներին, կաշկանդված է տուժողի իրավահաջորդի եւ հարազատների վարքագծով, դատավարության որոշ մասնակիցներ վիրավորանքներ են հնչեցրել ամբաստանյալի պաշտպանների , դատավորի հանդեպ եւ այլն: Պաշտպանները նաեւ հայտնել են, որ  հունվարի 15-ի նիստը հետաձգվելուց հետո Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդը եւ  հարազատները դժգոհելով նիստը հետաձգվելուց, բարձրացրել են դատարանի շենքի երկրորդ հարկի՝ կողմնակի անձանց համար արգելված տարածք, տեսակցել դատավոր Զաքինյանի հետ, ինչն օրենքով արգելվում է:

Դատավորը պաշտպանների միջնորդությունը մերժեց այն հիմնավորմամբ, որ դատարանն ինքն է որոշում, թե  դատավարություն ընթացքում կարգուկանոն ապահովելու համար ինչ միջոցներ կիրառել, ինքը չի նախաձեռնել Լյուքս Ստեփանյանի հարազատների հետ տեսակցություն, վերջիններս դժգոհելով պաշտպանների բացակայության պատճառով նիստը հետաձգվելուց, լրագրողների ներկայությամբ  հայտնվել են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի աշխատասենյակում, որտեղ այդ ժամանակ պատահականորեն գտնվել է Զոյա Զաքինյանը, եւ  դա չի կարելի դիտարկել քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտում:

Այնուհետեւ պաշտպանները միջնորդեցին ամբաստանյալի եւ նրա պաշտպանների շահերն ու իրավունքները պաշտպանելու, արդար դատաքննություն անցկացնելու համար դատական նիստերն անցկացնել դռնփակ: Զ. Զաքինյանն այդ միջնորդությունը եւս մերժեց, ասելով , որ ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի հարցաքննությունից առաջ անհրաժեշտության դեպքում կանդրադառնա այդ միջնորդությանը: Ապա հրապարակվեցին բացակա 2 վկաների՝ Գեւորգ Նահապետյանի եւ Արտյոմ Հարությունյանի նախաքննական ցուցմունքները: Դատավոր Զաքինյանը ներկայացրեց տուժող Հրաչյա Սարգսյանի կողմից ֆաքսով ուղարկված դիմումն այն մասին, որ նա վիրահատվել է եւ բուժվում է ՀՀ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նեյրոխիրուրգիայի բաժանմունքում եւ դատարանին խնդրել է իր նախաքննական ցուցմունքները հիմք ընդունել: Դատական հաջորդ նիստը նշանակվեց  մարտի 20-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31