Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Եվրոպական ընտանիքը կդառնա եվրոատլանտյան ընտանիք»

Մարտ 10,2014 20:49

Ըստ Շահնազարյանի` վտանգավոր կարգավիճակ է` լինել ՌԴ-ի ռազմավարական դաշնակիցը` ինչպիսին Հայաստանն է 

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի` մարտի 10-ին հրավիրած` «Ուկրաինական ճգնաժամի ազդեցությունը մեր տարածաշրջանի վրա» թեմայով քննարկման ընթացքում «Aravot.am»-ը հիմնական բանախոսներին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին եւ 1994-1995թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանին հարց ուղղեց, թե եվրոպական որոշ երկրների կողմից Ռուսաստանի նկատմամբ` ուկրաինական զարգացումների համատեքստում, այնուամենայնիվ, մեղմ գնահատականներ են հնչում ի համեմատություն Միացյալ Նահանգների, որտեղից ամենակոշտ ու սուր հայտարարություններ են արվում եւ պատժամիջոցների որոշումներ ընդունվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Այս առիթով Դավիթ Շահնազարյանը նշեց. «ԵՄ երկրները ընդհանուր դիրքորոշում չունեն, բայց կունենան: Ռուսաստանի նետած մարտահրավերը, որով, ըստ էության, Ռուսաստանը բաժանարար գծերը վերածում է բաժանարար անդունդների, կստիպի, որպեսզի փաստացիորեն եվրոպական ընտանիքը դառնա եվրոատլանտյան ընտանիք: Ոչ միայն Ռուսաստանի հարեւան երկրները, այլեւ ամբողջ աշխարհը շատ պարզ հասկանում է, շատ վտանգավոր է լինել Ռուսաստանի հարեւան եւ ամեն ինչում չհամաձայնվել Ռուսաստանի հետ: Դա շատ վտանգավոր է, բայց դրանից ավելի վտանգավոր կարգավիճակ էլ կա` լինել Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը` ինչպիսին Հայաստանն է, դա շատ ավելի վտանգավոր կարգավիճակ է»:

Անուշ Սեդրակյանն էլ համաձայնեց` ավելացնելով, որ ավելի վտանգավոր է` լինել դաշնակից եւ ամեն ինչում համաձայնվել Ռուսաստանի հետ: Նրա համոզմամբ` Եվրոպայի քիչ թե շատ մեղմ վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ, այնուամենայնիվ այդ պատերազմը մոտ է լինելու Եվրոպայի սահմաններին, ամերիկյան պատժամիջոցները ավելի խիստ են զուտ այն պատճառով, որ աշխարհագրորեն եւ ֆիզիկապես Միացյալ Նահանգները ապահով վիճակում է:

Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Հայաստանի կողմից հետեւություններ անելու ճանապարհին հնարավոր երեք սցենարներ նշեց` փոխզիջում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, Ռուսաստանը գնում է զիջման եւ դադարում է գերտերություն լինել եւ երրորդը` ՌԴ-ն չի զիջում, մասամբ հասնում է իր նպատակներին, բայց հայտնվում է մեկուսացման մեջ:

Ըստ Անուշ Սեդրակյանի` «Փոխզիջման տարբերակը խիստ խնդրահարույց է: Տեսեք, թե որքան մտահոգ երկիր կա, այդ սցենարների զարգացման ճանապարհին: Առաջին հարվածը` մերձբալթյան հարվածն է, որտեղ լուրջ անհանգստության ալիք է բարձրացել ռուսական անեքսիայի կամ, ինչպես ընդունված է ասել` «Պուտինյան Անշլյուսի» առիթով: Երկրորդ էտապը Լեհաստանն ու Սլովակիան են, որոնք այնպիսի վճռորոշ դիրք գրավեցին, որ նույնիսկ սկսեցին առանց որեւէ համաձայնության` զորքեր ձգել դեպի սահմաններ: Այսինքն` միանգամից հակազդեցության սցենարը գործի դրվեց միջին արեւելյան Եվրոպայի երկրների կողմից, որոնք լավ են լավ են ճանաչում ռուսական ազդեցությունը եւ շատ են վախենում Ռուսաստանից: Այստեղից հասկանալի է, որ Եվրոպան փոխզիջման կարող է գնալ միայն երկրորդ սցենարի առկայության դեպքում, երբ որ Ռուսաստանը զիջում է եւ ռազմական պատերազմը վարում է միայն տեղեկատվական, գաղափարական ոլորտում»:

Անուշ Սեդրակյանի կարծիքով` պետք չէ միջազգային հանրությանը մեղադրել այդ տեսանկյունից` վճռականության պակասի մեջ, որովհետեւ եթե Եվրոպան անվերջ հայտարարում է` այսպես կվարվեմ, պատժամիջոցներ կկիրառեմ,  Ռուսաստանն էլ, այնուամենայնիվ, առայժմ ասում է` «հիմա կանեմ, հիմա կհարձակվեմ, հիմա հանրաքվե կանեմ», մարտահրավերներ է նետում, բայց քայլերի չի դիմում. «Մի տեսակ, փոխադարձ ուժի ցուցադրում է: Այս դեպքում, փոխզիջման պարագայում Ռուսաստանը կդադարի լինել գերտերություն, բայց միգուցե կունենա շանսեր դառնալու գոնե, եթե ոչ նորմալ, ապա գոնե կիսանորմալ պետություն, այսինքն` զիջման դեպքում, գուցե կենտրոնանա իր ներքին խնդիրների վրա, թեեւ ակնհայտ է, որ Պուտինը ներքին խնդիրների լուծումը տեսնում է պատերազմի մեջ: Ռուսաստանը սպասվելիք տնտեսական փլուզման հետեւանքները շատ խորիմաստորեն ուզում է բարդել ուկրաինական ճգնաժամի վրա եւ իմ կարծիքով, ամեն բան անելու է, որպեսզի հրահրի այդ սցենարի միլիտարիստական զարգացումները` իր երկրի տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական խոցելի վիճակից դրդված: Եթե ՌԴ-ն հնարավորություն ունենար, ապա ուղղակի կգներ Ուկրաինան եւ Հայաստանը, հետխորհրդային մյուս երկրները, ինչու՞ պատերազմել, եթե դու հնարավորություն ունես գնելու, բայց ակնհայտ է, որ պատերազմը շատ ավելի էժան կլինի, քան գնելը»:

Անուշ Սեդրակյանի համոզմամբ` Հայաստանը պետք է այս պարագայում առավելագույնս փորձի մանեւրել` իր չեղած ռեսուրսներով. «Մենք հայտարարել ենք, որ Մաքսային միությանն են անդամակցում, եւ եթե հանկարծ, վաղը, մյուս օրը ՀԱՊԿ-ի զորքերի օգտագործման հրաման տրվի, ապա վստահ եմ, որ Պուտինը պահանջելու է, անպայման, նման լոյալության դրսեւորում բոլորից»:

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ` Հայաստանի նկատմամբ արդեն կան ճնշումներ` ուկրաինական զարգացումների վերաբերյալ այսպիսի դիրք բռնելու առումով: «Ուժեղ ճնշումը, որպեսզի ճանաչեն այն խառնակչությունը, որն անվանում են Ղրիմի հանրաքվե` դրա արդյունքները Ղարաբաղի եւ հայ ժողովրդի դեմ հանցագործություն կլինի, եթե Հայաստանի իշխանությունները դա անեն: Առայժմ ՀՀ իշխանություններին հաջողվում է պահել ներկայիս դիրքորոշումը, պետք է աշխատել որքան հնարավոր է պահել` դիրքորոշման բացակայությունը, չնայած դա շատ բարդ է լինելու», ասաց Դ.Շահնազարյանը` մատնանշելով Սերժ Սարգսյանի ելույթը օրերս, երբ նա նշեց, որ Հայաստանը դեմ է բաժանարար գծերին:

Կապված Բորիս Նավասարդյանի նշած երեք սցենարների հետ` Շահնազարյանը նկատեց, որ բոլորի դեպքում էլ` Ռուսաստանի կողմից ճնշումը Հայաստանի նկատմամբ լինելու է, բոլոր երեք սցենարների դեպքում էլ Ռուսաստանի քաղաքակրթական, տնտեսական, քաղաքական մեկուսացումը լինելու է եւ չափազանց մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է կտրուկ գործողությունների գնալ մեր տարածաշրջանում: «Այն, ինչ այսօր անում է Պուտինը, իր իշխանությունը պահելու համար է իրականացնում, հասել է մի վիճակի, որ առանց ժամանակակից պատերազմի նա չի կարող պահել իր իշխանությունը: Այդ պատերազմում ՌԴ-ն արդեն տարված է, որովհետեւ այդ ժամանակակից պատերազմի կարեւորագույն բաղադրիչը դա տեղեկատվական պատերազմն է, որտեղ նա արդեն ջախջախված է, որովհետեւ այն, ինչ լսում ենք Ռուսաստանի հեռուստաեթերից, դա արդեն դարձել է քաղաքականություն», նշեց Շահնազարյանը` մատնանշելով վերջերս ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, ու տեսակետ հայտնեց, թե այն գրեթե չէր տարբերվում ռուսաստանցի մեկնաբան Դմիտրի Կիսիլյովի հաղորդումներից` մի քանի ածականները հանած: «Ռուսաստանն ապրում է մի այլ տարածությունում, ողջ աշխարհը` մեկ ուրիշ աշխարհում: Պուտինյան կայսրության փլուզումն անխուսափելի է: Ռուսաստանը ջախջախվելու է տնտեսական եւ տեղեկատվական պատերազմում, արեւմուտքը չի պատերազմելու, ռազմական ուժ չի գործադրելու Ռուսաստանի նկատմամբ, այլ շարունակելու է պատժամիջոցներ կիրառել»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31