Մի քանի օր առաջ «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը լուսանկար էր տարածել, որտեղ պատկերված էր, որ Ազատության հրապարակի հարակից կանաչ տարածքում կառուցվում է նոր սրճարան: Լուսանկարն ուներ հետեւյալ մակագրությունը. «Բարբարոսները սրճարանապատում են Ազատության հրապարակի վերջին կանաչ տարածքները»:
Մեզ հետ զրույցում, դեռ չկառուցված սրճարանի պահակը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ այն ոչ թե նոր են կառուցում, այլ վերակառուցվում է. «Այն եղել է նաեւ անցած տարի, ուղղակի կարմիր գույնի «զոնտիկներով»: Հիմա դարձնում ենք կանաչ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը փորձել էր կապ հաստատել Երեւանի քաղաքապետարանի հետ եւ պարզել, արդյո՞ք կար այդ սրճարանը կառուցելու համար համապատասխան թույլտվություն, սակայն այդպես էլ պատասխան չէր ստացել:
Եվ ահա, պարզ է դարձել, որ բազմաթիվ քաղաքացիների բողոքներից հետո սրճարանը ապամոնտաժվել է: Երեւանի քաղաքապետարանի կայքը տեղեկություն է հրապարակել, որ «Ապամոնտաժվում է Ազատության հրապարակին հարակից կանաչ գոտում նախաձեռնված ինքնակամ կառույցը»:
Հրապարակման մեջ, մասնավորապես գրված է, որ ապօրինի շինարարություն նախաձեռնելու փաստով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներով, կազմվել է արձանագրություն:
Կա նաեւ տարածքը նախկին տեսքի բերելու հանձնարարություն:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ