«Վերահսկիչ պալատի մասին կառավարության որոշմամբ` համակարգը, ռեժիմը վերադառնում է «բրեժնեւյան զաստոյի» տարիները: Այն ժամանակ էլ ասում էին` չկա թմրամոլություն, մարմնավաճառություն, բայց իրականում կային փակ տվյալներ կային, ամեն ինչ էլ կար, բոլոր արատներն էլ կային: Հիմա փորձ է արվում գավառական ձեւով վերադառանալ այդ պրակտիկային, ու սա միայն Վերահսկիչ պալատի պարագայում չէ` աշխատել փակ ռեժիմով, քիչ ինֆորմացիա տալ, որքան քիչ ինֆորմացիա, այնքան քիչ քննադատություն»,-Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Թրանսպարենսի Ինտերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:
Հիշեցնենք, որ մարտի 6-ին կառավարությունը որոշեց «Վերահսկիչ պալատի մասին» եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթով արգելել ՎՊ-ին հրապարակային ելույթներում, հրապարակումներում եւ հայտարարություններում քաղաքական գնահատականներ հնչեցնել, նաեւ եզրահանգումներ՝ Վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ: Բացի այս, նույն փաթեթով կառավարությունը ՎՊ-ի կողմից ստուգվող մարմիններին հնարավորություն է տալիս առարկություններ,պարզաբանումներ ներկայացնել մինչեւ արձանագրության հանրայնացումն ու ԱԺ-ում համապատասխան հանձնաժողովներում մասնակցել քննարկումներին այդ բացահայտումների կամ չարաշահումների շուրջ: «Եթե վստահ լինեինք, որ նույն գործադիրը, որին ստուգում է Վերահսկիչ պալատը, եթե նա չազդեր ՎՊ-ի վրա, նա էլ չանհանգստանար, որ կարող էր հետեւանքներ ունենան իր բացահայտումները, այդ դեպքում թող նստեն պարզաբանումների համար իրար հետ քննարկեն: Բայց այստեղ այլ հարց էլ կա, մենք գիտենք որ ՎՊ-ի օրենքով էլ պետական մարմինը, երբ խախտում են հայտնաբերում, պարզաբանում տալիս է, հիմա արդեն կա այդ դրույթը, տարօրինակ է կառավարության որոշումը: Այնպես չէ, որ ՎՊ-ն գաղտնի մտնում է այդ գերատեսչություն ու պարտիզանական մեթոդներով ուսումնասիրություններ անում ու գաղտնի հեռանում: Եթե օրենքն արդեն նախատեսում է, ապա տարօրինակ է այս որոշումը: Երեւի ուզում են ավելի վերադասի հետ Վերահսկիչ պալատի ներկայացուցիչները քննարկեն, որ հանկարծ չբացահայտվի ինչ-որ բան»,-ասաց պարոն Հոկտանյանը:
Մեր այն ճշտող հարցին, այսինքն` այսուհետ միայն Բաղրամյան 26-ի հե՞տ քննարկեն հրապարակվող կոռուպցիայի չափը, պարոն Հոկտանյանն ասաց. «Պարտադիր չէ հասնեն Բաղրամյան 26, կարող են անել նույնիսկ կառավարության շենքում, Հանրապետության հրապարակում: Բայց խնդիրն այնքան էլ դա չէ, որքան այն, որ հայաստանյան պայմաններում ՎՊ-ի անկախությանը վտանգ սպառնացող գործոնները շատ ավելի են, քան նորմալ ժողովրդավար երկրներում, դա լրացուցիչ գործիք է անկախությունը սահմանափակելու»:
Պարոն Հոկտանյանի դիտարկմամբ, կառավարությունը փորձում է միջազգային, ժողովրդավար երկրների փորձը ներմուծել, բայց այդ երկրներում իրավապահ մարմիններն անկախ են իսկապես եւ նման բացահայտումները, եթե մեզանում դիտարկվեր որպես հանցագործության մասին հաղորդում եւ իրավապահ մարմինները` ոստիկանությունը, դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը սկսեին հետաքննություն կատարել, ապա ՎՊ-ի կողմից իրավական հետեւանքների մասին գնահատական տալու կարիք չէր լինի:
Կարդացեք նաև
Aravot.am-ի այն հարցին էլ, արդյոք նոր կոռուպցիոն ռիսկեր չեն լինելու կառավարության այս որոշմամբ` երբ օրենքով թույլատրվում է ստուգվող գերատեսչություններին առարկություններ ներկայացնել եւ քննարկումներին մասնակցել, «լեզու գտնել» ստուգող մարմնի հետ, ի վերջո ՎՊ-ում էլ սրբեր չեն աշխատում, չնայած, հնարավոր էր նաեւ առանց օրենքի էլ «լեզու գտնել», պարոն Հոկտանյանը չբացառեց այս տարբերակը. « Հաշվի առնելով կոռուպցիայի մակարդակներն ու տարածվածությունը Հայաստանում, շատ հավանական եմ համարում, որ ստուգումների ընթացքում այդպիսի բաներ լինում են: Փաստեր չունեմ, բայց հավանական համարում եմ, որ կոռուպցիոն ռիսկեր այդ մակարդակում լինեն, երբ ՎՊ-ի անդամներ գնում են ինչ-որ հիմնարար ստուգումներ անցկացնելու ու խոշոր չարաշահումներ են հայտնաբերում: Եւ եթե ինչ-որ բան պետք է լինում կոծկելու, արդեն կոծկում են այդ մակարդակում, այնպես չէ, որ այդ մակարդակում ամեն ինչ մաքուր է լինում»:
Aravot.am-ի դիտարկմանն էլ, որ հիմա այդ կոծկումը օրենքով կարվի, պարոն Հոկտանյանն ասաց ` «Միգուցե դրանով բարձրացվում է գինը, իրար հետ լեզու չեն գտնում ներքեւում` գումարի հաշվով, թե որքան պետք է տալ ձայնը կտրելու համար, ու ավելի վերեւ կբարձրանան, դա լրիվ հավանական տարբերակ եմ համարում: Բայց ավելի շատ այստեղ տեսնում եմ քաղաքական ենթատեքստ»:
Մեր այն հարցին էլ, նախագիծը դեռ պետք ԱԺ-ում էլ քննարկվի, արդյոք այն կընդունվի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը ՎՊ-ի հաշվետվությունները բուռն էր ընդունում եւ առիթը բաց չէր թողնում գործադիրին քննադատելու, պարոն Հոկտանյանն ասաց, որ ԱԺ-ում քաղաքական մեծամասնություն կա, որի ներսում պառակտում չկա, բայց մեկ-մեկ կարող է պետք լինի շոուներ կազմակերպել. «Միգուցե տեսարաններ սարքելու կարիք լինի եւ կլինեն բուռն քննարկումներ, բայց ինձ թվում է, ի վերջո լուրջ հետեւություններ չեն լինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ